Պաղեստինյան «Համաս» արմատական շարժումը պատերազմ է հայտարարել Իսրայելին, իսկ իսրայելցի զինվորականները կռվում են հակառակորդի դեմ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը. գրում է ТАСС-ը։
««ՀԱՄԱՍ» շարժումն այսօր առավոտյան լուրջ սխալ թույլ տվեց և պատերազմ սկսեց Իսրայել պետության դեմ: Իսրայելի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները ամենուր կռվում են հակառակորդի դեմ», – ասել է նախարարը անվտանգության ղեկավարության հետ իրավիճակը գնահատելու նպատակով կազմակերպված հանդիպման ավարտից հետո:
Միևնույն ժամանակ, Գալանտը կոչ է արել երկրի բոլոր քաղաքացիներին հետևել իշխանությունների հրահանգներին ստեղծված իրավիճակում գործողությունների վերաբերյալ։ «Իսրայել պետությունը կհաղթի այս պատերազմում»,- եզրափակել է նա։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Հոկտեմբերի 7-ի առավոտից հրթիռային հարվածների մասին տեղեկություններ են հաղորդվել, ներառյալ Թել Ավիվի տարածքի և նրա շրջակայքի մասին: Տեղի ունեցածի համատեքստում իսրայելական բանակը հայտարարել է «պատերազմի պատրաստության վիճակ», իսկ պաշտպանության նախարար Գալանտը հավանություն տվել պահեստազորայինների զորակոչին և հրամայեց «հատուկ դրություն» մտցնել թիկունքում՝ Գազայի հատվածից 80 կմ հեռավորության վրա, որն ընդգրկում է Թել Ավիվի տարածքը և նրա արվարձանները։
Լուսանկարը և տեսանյութը՝ BBC-ի