«Շնորհակալություն եմ հայտնում մեր խաղաղապահներին, որոնք ԼՂ-ում օգնեցին խուսափել ավելի շատ զոհերից». Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության՝ ավելի քան 98 հազար խաղաղ բնակչի, այդ թվում՝ շուրջ 32 հազար երեխայի կազմակերպված տարհանման և նրանց բազային ճամբարում տեղավորելու մասին:

Նախարարի խոսքով՝ զոհեր թույլ չտալու համար որոշվել է քաղաքացիական անձանց տարհանել և տեղավորել դիտակետերում և բազային ճամբարում․ «Աղդամի և Լաչինի երթուղիներով ապահովվել է մոտ երեք հարյուր տոննա հումանիտար բեռների առաքում»։

Նա հայտնել է, որ հակամարտության սրման պայմաններում ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակել է կատարել իր վրա դրված խնդիրները. «Ռուս խաղաղապահների միջնորդությամբ հակամարտող կողմերին հաջողվել է պայմանավորվել կրակի լիակատար դադարեցման մասին: Մեր խաղաղապահներին շնորհակալություն եմ հայտնում անձնուրաց և պրոֆեսիոնալ գործողությունների համար, որոնք օգնեցին խուսափել ավելի շատ զոհերից», – հայտարարել Է պաշտպանության նախարարը:

Նրա խոսքով՝ ռուս զինծառայողները մասնակցել են Ստեփանակերտի վառելիքի պահեստում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին, տուժածներին և կարիքավորներին բազմակողմանի բժշկական օգնություն ցուցաբերել: Տեղակայվել է ժամանակակից սարքավորումներով բլոկային մոդուլային քաղաք՝ վիրաբուժական հնարավորությամբ ավտոսրահով, ինչպես նաև ինտենսիվ թերապիայի պալատով գործող մոդուլ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել