«Բոլորի համար պարզ է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին». Շառլ Միշել

«Ռուսաստանը չի ապահովել Լեռնային Ղարաբաղում խաղաղությունն ու անվտանգությունը․ բոլորի համար պարզ է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին»,-Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ բնակչությանը։

«Իրավիճակը պարզ է. ոչ ոք չի կարող դա չտեսնել։ Ռուսաստանը ցանկություն է հայտնել, որ իր զինվորները ներկա լինեն այնտեղ և երաշխավորեն կայունության և անվտանգության մասին համաձայնագրերը: Մենք տեսնում ենք, որ այդ ռազմական գործողությունը սկսվել է առանց իրադարձությունների վայրում գտնվող Ռուսաստանի ամենափոքր արձագանքի՝ ի տարբերություն Եվրամիության, որն այնտեղ ռազմական ներկայություն չունի»,- ասել է ԵՄ խորհրդի նախագահը՝ ընդգծելով, որ մտադիր է միջնորդություն առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև իսպանական Գրանադայում այս շաբաթվա վերջին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում:

Լրագրողի հարցին, թե հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ, հետևաբար, ինչպե՞ս կարելի է վստահություն ստեղծել այս պայմաններում, Միշելը նշել է, որ Ադրբեջանը մեծ պատասխանատվություն է կրում այն պահից, երբ սկսել է ռազմական գործողությունը․

«Այժմ Ադրբեջանը պետք է բարի կամք դրսևորի, միջազգային հանրությանը ներգրավի իրավիճակի դիտարկման մեջ, որպեսզի պաշտպանվեն Ադրբեջանում բնակվող ողջ բնակչության, այդ թվում՝ հայ բնակչության, իրավունքներն ու անվտանգությունը»,- ընդգծել է Շառլ Միշելը։

ԵՄ խորհրդի նախագահն անդրադարձել է նաև Բաքվի հետ ԵՄ հարաբերություններին՝ այն բնորոշելով բարդ, բայց հեռանկարային․

«Բրյուսելի հարաբերությունները Բաքվի հետ շարունակում են մնալ բարդ, բայց հեռանկարային։ Անցյալ տարի Եվրամիությունը շատ բան արեց Ադրբեջանից ավելի շատ բնական գազ ստանալու համար։ Կովկասում անվտանգության ամրապնդման և համագործակցության զարգացման ջանքերին պետք է ավելի շատ ներգրավել Ադրբեջանին»,- ասել է Միշելը։ Նաև անդրադարձել է Հռոմի ստատուսի վավերացմանը ԱԺ-ում։

«Նա այսօր գործընկե՞ր է։ Այո՛, նա գործընկեր է: Արդյո՞ք սա նշանակում է, որ հարաբերությունները պարզ են: Ո՛չ, հարաբերությունները պարզ չեն: Արդյո՞ք դա նշանակում է, որ այս հարաբերություններում դժվարություններ կան: Այո՛, իրականությունը բարդ է, և դա պետք է հասկանալ»,- եզրափակել է Շառլ Միշելը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել