Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները հուլիսի 31-ին վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում հանդիպել են «Միջմշակութային ուսումնասիրություններ և զարգացում» ՀԿ նախագահ, կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանի հետ։
Նա ունկդիրներին սովորեցրել է՝ ինչպես սովորել։ Բանախոսը ներկայացրել է նոր դարաշրջանի պահանջները մարդու և մասնագետի նկատմամբ, բազմակի ինտելեկտի հիմքերը և զարգացման հնարավորությունները, ինչպես նաև խոսել «Սովորել ինչպես սովորել» մետաունակության և ինքնազարգացման թեմաներով։
Նա խոսել է նաև VUCA-ի (ԱԱԲԵ) մասին։ Այս հապավումն առաջին անգամ գործածվել է 1987 թ., նկարագրելու կամ արտացոլելու համար ընդհանուր պայմանների և իրավիճակների անկայունությունը, անորոշությունը, բարդությունը և երկիմաստությունը։
Ա = Անկայունություն։ Փոփոխության բնույթը և շարժը, փոփոխության ուժերի և կատալիզատորների բնույթն ու արագությունը։
Ա = Անորոշություն։ Կանխատեսման բացակայությունը, անակնկալի հեռանկարը, հարցերի և իրադարձությունների վերաբերյալ իրազեկության զգացողությունը և դրանց ընկալումը։
Բ = Բարդություն։ Ուժերի բազմությունը, հարցերի խառնաշփոթը, պատճառահետևանքային շղթայի բացակայությունը և շփոթմունքը, որը շրջապատում է կազմակերպությանը։
Ե = Երկիմաստություն։ Իրականության անպարզությունը, սխալ մեկնաբանելու ներուժը, պայմանների խառնված նշանակությունը. պատճառահետևանքային շփոթմունք։
Արեգ Թադևոսյանը ունկնդիրներին ներկայացրել է նաև բազմակի ինտելեկտի նոր մոդելը, խոսել դրա բաղադրիչների և կարևորության մասին։
«Մեր ուղեղը ծույլ է։ Երբ այն հնարավորություն ունի ինչ-որ բան չանելու, այն դա չի անի։ Հարց առաջացնելը, պրոբլեմ ձևակերպելը կարևոր են մեր զարգացման համար։ Մարդու համար կարևոր է համակողմանի զարգացումը»,-նշել է բանախոսը։
Արեգ Թադևոսյանի խոսքով՝ սխալ է ենթադրելը, թե ինտելեկտը միայն մի տեսակի է լինում։ Ամերիկացի հոգեբան, «բազմակի ինտելեկտ» հասկացության հեղինակ Հովարդ Գարդները ինտելեկտի 8 տեսակ է առանձնացնում։
Դրանք են՝ կոգնիտիվ, ներանձնային, հոգևոր, ազգային, սոցիալական, տեխնոլոգիական, մարմնական և մշակութային տեսակները։
Բանախոսը մեջբերել է նաև հայազգի մտավորական, միստիկ, հոգևոր ուսուցիչ Գեորգի Գյուրջիևի խոսքերը․ «Մարդը բարդ կազմակերպվածություն ունի: Նա բաղկացած է չորս մասերից, որոնք կարող են լինել միացված, չմիացված կամ վատ միացված: Կառքը կապված է ձիու հետ սռնիներով, ձիերը կապված են կառապանի հետ սանձերով, կառապանը կապված է կառքի տիրոջ հետ տիրոջ ձյանի միջոցով: Բայց կառապանը պետք է հասկանա տիրոջ խոսքը: Նա պետք է իմանա ինչպես վարել կառքը, իսկ ձին պետք է ենթարկվի կառապանի սանձերին»:
Դպրոցի մասնակիցները մի շարք հարցեր են ուղղել Արեգ Թադևոսյանին և հույս հայտնել, որ նման թեմաներով դասախոսությունները ապագայում նույնպես շարունակական կլինեն։
Նշենք նաև, որ երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում ուսուցումն իրականացվելու է հետևյալ փուլերով.
- ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. Դպրոցի հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի միջոցով ունկնդիրները կանցնեն հակակոռուպցիոն հիմնական դասընթաց` բաղկացած 25 թեմաներից: Առցանց ուսուցումը ավարտած կհամարվեն միայն այն ունկնդիրները, որոնք կլրացնեն բոլոր թեմաների գիտելիքների ստուգման հարցաթերթիկները և կհավաքեն առցանց ուսուցման ավարտման համար նախատեսված համապատասխան միավորները:
- ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ. խորացված փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կբաժանվեն խմբերի և յուրաքանչյուր խումբ խորացված ուսուցման շրջանակներում խորությամբ ուսումնասիրած հակակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ կկատարի ուսումնասիրություն, մշտադիտարկում կամ հետաքննություն: Այս փուլի ընթացքում աշխատանքները կկազմակերպվեն խմբային հանդիպումների, քննարկումների, ոլորտային պատկան և այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների տեսքով: Ունկնդիրները կսովորեն ինովացիոն մի շարք գործիքներ և ձեռք կբերեն նաև հարակից հմտություններ: Այս փուլում նախատեսվում է մենթորինգ՝ խմբերի համար։
- ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ. հմտությունների զարգացման փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացած հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:
- ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. առցանց ուսուցման փուլում բարձր արդյունքներ գրանցած, խորացված հարցազրույցի փուլը հաջողությամբ ավարտած և ընտրված լավագույն 15-20 մասնակիցները կմասնակցեն Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը: Դպրոցի խորացված ուսուցման փուլը բաղկացած կլինի «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» ուսումնական մոդուլներից:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ. պրակտիկ հմտությունների զարգացման և հանրային իրազեկման փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հեղինակավոր ժյուրիի և հանրության առջև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները:
Դպրոցի բոլոր հինգ փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավարտական վկայականներ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: