Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրների հետ

Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները հուլիսի 28-ին վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում հանդիպել են Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամների հետ։

Առաջինն ունկնդիրներին ողջունել է Մովսես Արիստակեսյանը և ներկայացրել կոալիցիայի կազմավորման պատմությունը․ «2014 թվականի նոյեմբերի 28-ին 60 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ  մարզերից և Երևան քաղաքից ընդունեցին ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հիմնադրման մասին հռչակագիրը, որով հիմնադրվեց Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան»:

Նա նշել է, որ 2018-19 թվականներին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ակտիվորեն ներգրավված է եղել Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի մշակման և հանրային քննարկման աշխատանքներին, ոլորտի պետական, միջազգային և տեղական հիմնական դերակատարների հետ կազմակերպել է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը` միջազգային փորձի ներքո» խորագրով կառավարություն-քաղաքացիական հասարակություն փորձագիտական միջազգային համաժողովը, մասնագիտական և իրազեկման միջոցառումներ Երևանում և ՀՀ մարզերում, ինչպես նաև ներկայացրել է առաջարկներ, որոնց գրեթե 90 տոկոսը ներառվել են ռազմավարությունում և դրա իրականացման միջոցառումների ծրագրում:

Նշենք նաև, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ է գործարկում Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը:

Այնուհետև մասնակիցների հետ կոռուպցիայի և դրա քայքայիչ բնույթի մասին է խոսել Արկադի Սահակյանը։ Նա ունկնդիրներին ողջունել է դպրոց ընդունվելու և նախաձեռնողականությունը դրսևորելու համար․ «Մի հանձնվեք, աշխատեք, սովորեք։ Ամեն հաջորդ սերունդ պետք է ավելի մեծ անհանդուրժողականություն ունենա կոռուպցիոն երևույթների նկատմամբ»։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը ունկնդիրների հետ խոսել է պետական տարբեր մարմինների հետ երկխոսություն կառուցելու, ինչպես նաև յուրաքանչյուր խնդրի լուծման համար արդյունավետ աշխատանք կատարելու մասին։

Հաշվի առնելով այն, որ Հակոբ Ավագյանը նախկինում զբաղեցրել է նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը, վերջինս պետական ապարատը ներկայացրել է ներսից։

Նշենք նաև, որ երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում ուսուցումն իրականացվելու է հետևյալ փուլերով.

  1. ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. Դպրոցի հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի միջոցով ունկնդիրները կանցնեն հակակոռուպցիոն հիմնական դասընթաց` բաղկացած 25 թեմաներից: Առցանց ուսուցումը ավարտած կհամարվեն միայն այն ունկնդիրները, որոնք կլրացնեն բոլոր թեմաների գիտելիքների ստուգման հարցաթերթիկները և կհավաքեն առցանց ուսուցման ավարտման համար նախատեսված համապատասխան միավորները:
  2. ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ. խորացված փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կբաժանվեն խմբերի և յուրաքանչյուր խումբ խորացված ուսուցման շրջանակներում խորությամբ ուսումնասիրած հակակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ կկատարի ուսումնասիրություն, մշտադիտարկում կամ հետաքննություն: Այս փուլի ընթացքում աշխատանքները կկազմակերպվեն խմբային հանդիպումների, քննարկումների, ոլորտային պատկան և այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների տեսքով: Ունկնդիրները կսովորեն ինովացիոն մի շարք գործիքներ և ձեռք կբերեն նաև հարակից հմտություններ: Այս փուլում նախատեսվում է մենթորինգ՝ խմբերի համար։
  3. ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ. հմտությունների զարգացման փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացած հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:
  4. ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. առցանց ուսուցման փուլում բարձր արդյունքներ գրանցած, խորացված հարցազրույցի փուլը հաջողությամբ ավարտած և ընտրված լավագույն 15-20 մասնակիցները կմասնակցեն Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը: Դպրոցի խորացված ուսուցման փուլը բաղկացած կլինի  «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» ուսումնական մոդուլներից: 
  5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ. պրակտիկ հմտությունների զարգացման և հանրային իրազեկման փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հեղինակավոր ժյուրիի և հանրության առջև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները:

Դպրոցի բոլոր հինգ փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավարտական վկայականներ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել