Կա մի անջնջելի գործ, որն ազդել է ներաշխարհիս վրա․ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արմինե Մխոյան

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արմինե Մխոյանը ոստիկանության ակադեմիա ընդունվելու մասին երազել էի դպրոցական տարիներից։ Կարծում էր՝ ոստիկան դառնալու ձգտումը լիովին համապատասխանում է իր էությանը, բնավորությանը: Այս մասին Արմինե Մխոյանը նշեց Iravaban.netը«Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում։

-Ո՞րն է եղել պատճառը, որ որոշել եք ոստիկանության ակադեմիա ընդունվել, ոստիկան դառնալ։

-Չհանդուրժելով անարդարությունը, կողմանակալ վերաբերմունքը, լինելով հնարավորինս անաչառ՝ որոշել էի պայքարել հասարակության արատավոր երևույթների դեմ, նպաստել մարդ-քաղաքացու՝ առողջ հասարակության մեջ ապրելու և գործելու սահմանադրական իրավունքի հաստատմանը: Ոստիկանի կերպարը ինձ համար իդեալ է եղել ու լիովին ներդաշնակ իմ բնավորության այնպիսի գծերին, ինչպիսիք են համարձակությունը, համառությունն ու անկողմնակալությունը:

Ինչո՞ւ որոշեցիք ոստիկանության համակարգից տեղափոխվել Քննչական կոմիտե։ Հե՞շտ էին այդ փոփոխությունները։

Ոստիկանության համակարգում ծառայությունն ինձ բավականաչափ փորձառու էր դարձրել: Եկավ մի պահ, երբ հասկացա, որ ինձ հաջողվել է հասնել այն նպատակին, որին, որպես ոստիկան, ձգտում էի: Ինքնազարգացման, նոր մարտահրավերներին ընդառաջ գնալու ձգտումս, ձեռք բերած փորձառությունս ու գիտելիքներս մղեցին ինձ գտնելու ինքնադրսևորման նոր դաշտ՝ այլ իրավագիտության բնագավառ՝ քննչական  ասպարեզ: Անցումային փոփոխությունները հեշտ եմ հաղթահարել՝ ոստիկանության ծառայության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ու փորձառության շնորհիվ:

Ի՞նչ խնդիրների են բախվում կին քննիչները։

-Քննչական գործունեություն իրականացնելիս նախնական շրջանում զգացել եմ, որ սկզբում վերաբերում են հենց որպես կնոջ, որպես փխրուն կնոջ, այլ ոչ թե կամ ոչ այնքան որպես պրոֆեսիոնալի։ Բայց հետագա առնչության ընթացքում հասկանում են, որ կինը նույնքան կարող է տիրապետել իր կոչումին, նույնքան հաստատակամ, վճռական ու գործնական լինել, ինչպես տղամարդը: Կարծում եմ, սա հայկական մտածելակերպին հատուկ երևույթ է, որն աստիճանաբար, հասարակական ամենատարբեր ոլորտներում, նույնիսկ մենթալային առումով ավանդաբար տղամարդկային համարվող ոլորտներում կանանց հաջող ներգրավման, հաջողությունների շնորհիվ աստիճանաբար ջարդվում է:

Ի՞նչ ռիսկեր է պարունակում քննիչի աշխատանքն առհասարակ։

Քննիչի գործունեությունն այնպիսին է, որ ծառայության բերումով առնչվում, գործ ենք ունենում ամենատարբեր խավի մարդկանց հետ՝ սկսած ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից, իրավախախտներից մինչև բարձրաստիճան պաշտոնյաներ: Ռիսկեր միշտ էլ կան, եթե հատկապես չգիտես, թե ինչ վարքագիծ կարող է դրսևորել ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ հարցաքննության ընթացքում: Ամեն դեպքում օգնության են հասնում ոչ միայն մասնագիտական փորձն ու հմտութ­յունները, այլև հոգեբանական ճիշտ մոտեցումները, արագ կողմնորոշվելու և իրավիճակը ճիշտ գնահատելու կարողությունները:

-Ոստիկանությունում Տաշիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետն եք եղել։ Ինչպիսի՞ բարդության գործերի եք հանդիպել։

Ոստիկանությունում, որպես անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժնի պետ, իմ նպատակն է եղել ամեն կերպ աջակցել այն բոլոր անչափահասներին, ընտանիքներին, ովքեր սոցիալապես ոչ բարենպաստ պայման­ներ ոււնեն, այն անչափահասներին ովքեր դաստիարակության խնդիրներ ունեն, մեկուսացված են հասարակությունից, շփման դժվարություններ ունեն և հեշտությամբ հանցավորության թիրախ են դառնում: Ես իմ գործը հաջողված էի համարում, եթե կարողանում էի նման անչափահասներին ճիշտ ուղու վրա կանգնեցնել, հետ պահել հանցավոր մոլորությունից կամ վարքագծից:

Ի՞նչ խնդիրներ եք տեսնում ընտանիքում բռնության կանխարգելման ոլորտում, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել նման դեպքերի թիվը նվազեցնելու համար։ 

Երևի թե մեր ժամանակներում շատերի համար փոխվել է ընտանիքի գաղափարը: Որոշ չափով եսակենտրոնությունն առաջին պլան է մղվել՝ երկրորդական դարձնելով այն գիտակցումը, որ ընտանիքում պետք է լինի առողջ մթնոլորտ՝ հիմնված փոխզիջման, փոխըմբռնման, միմյանց լրաց­նելու, խնդիրները միասին հաղթահարելու, փոխադարձ հարգանքի վրա: Այս հատկանիշների բացակայությունն է հիմնականում ամուսնալուծությունների պատճառ հանդի­սանում՝ իր բացասական ազդեցությունն ունենալով նաև դեռահասների դաստիարակության վրա:

Կարո՞ղ եք հիշել, թե որն է եղել հոգեպես ձեզ վրա ազդեցություն ունեցած գործը, դեպքը։

 Կա մի անջնջելի գործ, որը որպես մարդ ազդել է ներաշխարհիս վրա: Ես դեռ նոր ծառայող էի ու բախվեցի դաժան հանցագործության դեպքի․ 2003 թվականի հոկտեմբերի 20-ին Տաշիր քաղաքի բնակիչ Բ.Խ.-ն անչափահաս աղջկա էր բռնաբարել և դանակի 23 հարվածով առանձ­նակի դաժանությամբ սպանել: Բայց նաև կարևոր փորձություն էր այդ գործը՝ ներքին ինքնատիրապետումը, հավասարակշռությունն ու էմոցիաները զսպելու կարողության իմաստով։

Ֆիլմերում հաճախ ենք հանդիպում քննիչիների կերպարների։ Որքանո՞վ է էկրանին ցույց տրվածը համապատասխանում իրականությանը։

 Հստակ պատասխանել չեմ կարող։ Կարող եմ միայն նշել, որ ֆիլմերում քննիչի կերպարը չի ներկայացվում իր ամբողջության մեջ, որոշ դեպքերում՝ իր առաքելությանը համապատասխան։  Ճշմարտացիորեն չի երևում քննիչի աշխատանքի ռիսկայնությունը, ծանրաբեռնվածության աստիճանը, էլ չեմ խոսում այնպիսի որակների մասին, որոնք են պրոֆեսիոնալիզմը, հայրենանվիրումը:

-Ի՞նչ ազդեցություն է ունեցել քննիչի աշխատանքը Ձեր անձնական կյանքի վրա։

 -Ինչպես ոստիկանությունում, այնպես էլ քննչական ոլորտում ծառայություն իրականացնելիս, ամբողջ էներգիաս, ժամանակս նվիրել եմ աշխատանքիս, ժամանակ չեմ ունեցել տրամադրելու իմ անձնական կյանքին: Գուցե սա թերություն է, բայց կա այն, ինչ կա:

Ինչպե՞ս են Ձեր հարազատները ընդունել համակարգ մտնելու որոշումը։

-Դրական։ Երբևէ դեմ չեն եղել և չեն խոչընդոտել ուժային կառույցում և քննչական կոմիտեում իմ ծառայությանը։ Ընդհակառակը՝ միշտ ոգեշնչել են, մշտապես զգացել եմ աջակցությունը և ես իսկապես շնորհակալ եմ իրենց դրա համար։

-Ոլորտում որևէ օրինակ ունեցե՞լ եք Ձեր աչքի առաջ, որին ցանկացել եք կամ ցանկցանում եք նմանվել։

-Կոնկրետ անձնավորված օրինակներ չունեմ։ Բայց մշտապես փորձել եմ սովորել իմ ավագ գործընկերներից, յուրացնել իրենց աշխատանքային հմտությունները և գիտելիքները:

ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել