«Անվտանգ ու արդարության ներքին միջավայրն է, որ պայմաններ է ստեղծելու երկրի զարգացման, առաջընթացի համար»,-այս մասին Iravaban.net-ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում ասել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հայրապետ Հայրապետյանը։
«Ներկայացնում է քննիչը» շարքը 2024թ․-ի ընթացքում իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի շրջանակներում։
-Պարոն Հայրապետյան, 2023 թվականը ՀՀ քննչական կոմիտեի համար աննախադեպ էր թե նախաձեռնված քրեական վարույթների ծավալով, թե քննությամբ պետությանը պատճառված վնասի վերականգնման չափերով։ Այս արդյունքը համարու՞մ եք նաև ձեր ղեկավարած բաժնի ձեռքբերումը։ Ընդհանուր առմամբ Ձեզ՝ որպես ղեկավարի գոհացրե՞լ է ստորաբաժանման նախորդ տարվա աշխատանքը։
-Նախ՝ շնորհակալ եմ ընձեռնված հնարավորության համար, որը ՀՀ քննչական կոմիտեի աշխատանքը յուրովի ներկայացնելու ձև է։
Իրավամբ ՀՀ քննչական կոմիտեում կատարվել և կատարվում է ահռելի աշխատանք 2022 թվականին ուժի մեջ մտած և գործող օրենսդրական փոփոխությունների արդյունքում առաջացած աննախադեպ գերծանրաբեռնվածությունը թուլացնելու, այնպես էլ պետությանը և համայնքին, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ։ Դրանք մեր հիմնական առաջնահերթություններից են՝ մի դեպքում աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, երկրորդի դեպքում՝ մեր պետության հետագա զարգացման, սոցիալական արդարության վերականգնման առումով։ Եվ մեր ստորաբաժանումն էլ որպես Քննչական կոմիտեի մի մասնիկը, դրանում իր համեստ ներդրումն ունեցել է։
-2024թ․ առաջին եռամսյակում Ձեր բաժնում նախաձեռնված վարույթներից քանիսի՞ նախաքննությունն է ավարտվել և ինչ ելքով: Դրանցից որո՞նք կարող եք առանձնացնել բարդության, հանրային լայն հետաքրքրության տեսանկյունից։
-Նախ նշեմ, որ 2023 թվականի ընթացքում մեր բաժնում նախաձեռնվել և ստացվել է ընդհանուր 2384 քրեական վարույթ, որից 260-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, 596-ի վարույթը կարճվել է՝ քրեադատավարական օրենքով նախատեսված տարբեր հիմքերով։
Ինչ վերաբերում է 2024 թվականին, ապա 1-ին եռամսյակում՝ նախաձեռնվել և ստացվել է արդեն իսկ 537 քրեական վարույթ, որից 45-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, 102-ի վարույթը կարճվել է։ Այսինքն դատավարական ժամկետների հստակ պահպանմամբ, հատկապես մեղադրական եզրակացություններով նախաքննությունն ավարտելու հետ կապված, ինտենսիվ աշխատանքները շարունակվում է նաև այս տարի։ 2024թ․ մեր արդյունքներից կարող եմ առանձնացնել մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված սպանության, սպանության փորձի, ավազակային հարձակման դեպքերը, ընդ որում՝ ավազակային հարձակման դեպքերից մեկը կատարվել էր անչափահասների կողմից «Յանդեքս» ծառայության ազգությամբ հնդիկ աշխատակիցների նկատմամբ, Ալլադին Քիդս Քլաբ մանկապարտեզում տնօրենի և աշխատակցուհու կողմից անչափահաս սաների նկատմամբ առերևույթ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու դեպքը՝ 3 դրվագ։ Թերևս արժե նշել նաև երկու առանձին վարույթներ, որոնցով հաջողվել է հասնել պետությանը կամ համայնքին պատճառված էական վնասների վերականգնման։ Մասնավորապես, ավտոտնակների համար քաղաքացիներին վճարած վարձավճարներից կատարված առերևույթ հափշտակությունների վերաբերյալ քրեական վարույթի քննության արդյունքում մեզ հաջողվեց հասնել համայնքին հափշտակությամբ պատճառված 9մլն. դրամ վնասի ամբողջական վերականգնմանը։ Մյուս քրեական վարույթով, որը վերաբերում էր «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲԸ-ում աշխատակիցների նախնական համաձայնությամբ, փաստաթղթերի կեղծմամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն, որով վերականգնվեց 4․5մլն դրամի վնասը։
-Կնշե՞ք՝ հիմնականում ո՞ր բնույթի հանցագործությունների վերաբերյալ վարույթներն են գերակշռում Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում։ Ընդհանրապես մայրաքաղաքի վարչական շրջանների միջև նկատվու՞մ է հանցագործությունների բնույթի, տեսակների հետ կապված տարբերություններ։
-Վերջին շրջանում սկսել են գերակշռել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը։ Օրինակ, եթե 2022 թվականի ընթացքում մեր բաժնում նախաձեռնվել է 57 քրեական վարույթ, ապա՝ 2023 թվականի ընթացքում դրանք 402-ն են եղել, իսկ 2024 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում՝ արդեն իսկ 77-ը։ Թեև թվային ցուցանիշով կարող է քիչ թվալ, բայց ընդհանուր առմամբ՝ աճ է գրանցվել։ Մտահոգիչ է նաև մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների քանակը։ Այս առումով չեմ կարծում, թե մայրաքաղաքի վարչական շրջանների միջև էական տարբերություններ կարող են լինել։ Բոլորն էլ այսօր առնչվում են գրեթե նույնական մարտահրավերների։
Քանի որ հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն առանձնացրի, կարևոր եմ համարում նշված հանցագործությունների նախականխման և կանխման ուղղությամբ հատկապես անչափահասների շրջանում աշխատանքներ տանելը, քանի որ նրանցից շատերն անգամ չեն գիտակցում, որ դառնում են հանցագործության շղթայի մաս՝ դեռ մի կողմ թողած դեռահասների վրա թմրամիջոցների թողած աղետալի ազդեցության գործոնը։ Այս իմասով Քննչական կոմիտեն փորձում է իր լուման ներդնել, մասնավորապես «Դասը վարում է քննիչը» ծրագրի շրջանակներում մենք այցելում ենք ուսումնական հաստատություններ, անչափահասներին բացատրում, թե որ արարքներն են հանցավոր, ինչից և ինչպես պետք է խուսափել։ Սա բոլորիս պարտքն է։
-Այս տարի Քննչական կոմիտեն նշում է իր հիմնադրման 10-ամյակը։ Դուք քննչական, մասնագիտական գործունեությունն իրականացնում եք 2010-ից՝ վերջին 14 տարիների ընթացքում անընդմեջ, այսինքն անմիջականորեն կրել եք Քննչական կոմիտեի ստեղծման ազդեցությունը։ Կարո՞ղ եք վերհիշել՝ Քննչական կոմիտեի ձևավորման անցումային պահը ինչպե՞ս էր ընկալվում ձեր և ձեր մյուս գործընկերների մոտ, ի՞նչ ակնկալիքներ ու մտավախություններ ունեիք և որքանո՞վ եք դրանք արդարացված համարում այսօր։
-Միասնական քննչական առանձին, անկախ մարմնի ստեղծումը, իհարկե, ժամանակի հրամայական էր՝ գերատեսչական ենթակայությունից դուրս գալու, նախաքննության անկախությունը երաշխավորելու առումով։ Սակայն քանի որ ըստ էության, ձևավորվում էր նոր համակարգ, գործող քննիչներին, իմ օրինակով կարող եմ ասել, ավելի շատ անորոշություններ էին համակել․ ի վերջո բոլորիս ուսերին էր ծանրանում նոր համակարգի կայացման, բնականոն աշխատանքի ռելսերի վրա կանգնեցնելու գերխնդիրը։ Հիմա արդեն բոլորին է տեսանելի, թե զարգացման ինչ ընթացքի մեջ է Կոմիտեն և ինչպիսի առանցքային դեր է ստանձնել իրավապահ համակարգում և երկրում օրինականության, իրավակարգի ապահովման առումով։ Եվ ես ուրախ եմ, որ դրա մասնիկն եմ եղել իմ ավագ ու կրտսեր գործընկերների հետ։ Բոլոր ակնկալիքները հիմնականում արդարացել են․ ձևավորվել են աշխատանքային ընդհանուր սկզբունքներ ու արժեքներ, քննիչներն ապահովված են իրենց աշխատանքը լավագույն կատարելու համար անհրաժեշտ բոլոր նյութատեխնիկական միջոցներով, նրանց սոցիալական երաշխիքները զգալիորեն բարելավվել են։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ սրտանց շնորհավորել գործընկերներիս մեր համակարգի 10-ամյակի կապակցությամբ։
-Ի՞նչ դժվարությունների էիք բախվում 2014թ․՝ Կոմիտեի ձևավորման ժամանակ, որոնք այսօր, գուցե խորթ են երիտասարդ քննիչների համար։
-Դժվարությունները, ինչպես նշեցի, կապված էին քննիչի աշխատանքային պայմանների, անբավարարությամբ, սոցիալական ցածր երաշխիքների հետ, որոնք այսօր մինիմալի են հասցվել։ Այսօր այլ խնդիր է դրված՝ հզորացնել քննիչների մասնագիտական ու տեխնիկական կարողությունները՝ հանցագործությունների բացահայտման, հանցագործներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Այս էվոլյուցիան հնարավոր չէ չնկատել։ Ներկայիս դժվարությունները մեծամասամբ ծանրաբեռնվածության հետ են կապված, որոնք փորձում ենք հաղթահարել՝ թիմային աշխատանքի մեթոդաբանության կիրառմամբ։ Սակայն պահանջները և մարտահրավերները, իհարկե մնում են նույնը՝ կատարել արդյունավետ ու որակյալ նախաքննություն՝ ապահովելով ինչպես արդարադատության շահը, այնպես էլ դատավարության մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։
-34 տարեկան եք։ Ի՞նչն է Ձեզ մոտիվացրել կյանքի, կարելի է ասել գրեթե կեսը, իրավապահ համակարգին նվիրելու և այսօր էլ ծառայությունը շարունակելու համար։
-Նախ և առաջ՝ սիրել եմ իրավաբանի մասնագիտությունը, սիրել եմ համազգեստ կրել՝ նախկինում միշտ ակնածանքով եմ վերաբերել համազգեստ կրող անձաց՝ համարելով, որ նրանք հայրենիքում առաքելություն կատարող մարդիկ են։ Երկրորդ հերթին՝ պետությանը ծառայելու մեծ ցանկությունն եմ ունեցել, ինչն, իհարկե մի քիչ ավելի հասուն տարիքի հետ ձևավորված ձգտում էր։ Հիմա էլ շարունակում եմ լինել մոտիվացված այդ ձգտումներով, որովհետև անվտանգ ու արդարության ներքին միջավայրն է, որ պայմաններ է ստեղծելու երկրի զարգացման, առաջընթացի համար։ Ուրախ եմ, որ այդ ամենն ինքնախաբկանք չի եղել։ Նույն էնտուզիազմով շարունակում եմ աշխատանքս համազգեստով՝ դրա պատիվն ու դրա վերաբերյալ ինձ նման մտածողների համոզմունքը ամուր պահելու համար։
-Հիմա շարունակում եք ուսումնառությունը ՀՀ կառավարման ակադեմիայում։ Նախ՝ ինչպե՞ս եք հասցնում՝ քննիչների այսպիսի ծանրաբեռնվածության պայմաններում և ի՞նչն է մղում նորից կրթություն ստանալ՝ մասնագիտական կայացվածության պայմաններում։
-Ինձ մոտ սկզբունք է աշխատանքի հետ միասին զբաղվել կրթությամբ և ինքնազարգացմամբ։ Երիտասարդ տարիքում ամեն ջանք պետք է գործադրել և՛ որակյալ աշխատանք կատարելու, և՛ գիտելիքները մշտապես զարգացնելու համար։ Հետո այդ հնարավորությունը գուցե չլինի։ Իսկ եթե ցանկանում ես կրթվել, հավատացնում եմ, ուսումնառության համար միշտ ժամանակ կգտնես։ Ես, անկեղծ ասած, դրանից հաճույք եմ ստանում։
-Որպես ղեկավար՝ ստորաբաժանման արդյունավետության և ֆունկցիոնալության ապահովման առումով ի՞նչն եք առավել կարևոր, առաջնային համարում թիմային աշխատանքում։
-Առավել կարևորում եմ անձնակազմի անդամների միջև բարիդրացիական փոխհարաբերությունները բարձր մակարդակի վրա լինելը, մեկը մյուսի, ընդհանուր աշխատանքի, արդյունքների, խնդիրների հանդեպ սրտացավությունը։ Երբ դա համադրվում է պետական մտածողության հետ, չի կարող արդյունք չլինել։ Բազմիցս աշխատանքային խորհրդակցություններում նշել եմ, որ մենք մի ամբողջ օրգանիզմի՝ ՀՀ քննչական կոմիտեի մի բջիջն ենք, Կոմիտեն էլ՝ ավելի մեծ՝ պետական օրգանիզմի մասերից մեկն է։ Եվ եթե բջիջներից մեկը լավ չի գործում, հիվանդ է, ուրեմն հիվանդ է ամբողջ մարմինը։
-Կա՞ն առանձնահատուկ գործիքներ, կառուցակարգեր, որոնցով Դուք պայքարում եք ստորաբաժանումում աշխատանքային կարգապահության, դատավարական կոպիտ սխալներ թույլ տալուց խուսափելու համար։
-Իհարկե դատավարական կոպիտ սխալները, կարգապահական խախտումները իրավական, կարգապահական կոնկրետ հետևանքներ են ենթադրում ու դրանց նկատմամբ միանշանակ անհանդուրժողականություն է ցուցաբերվում։ Խնդիրը իրավիճակը դրան չհասցնելն է, կանխելը։ Իհարկե, միշտ չէ, որ դա հաջողվում է։ Բայց պակաս կարևոր չեմ համարում նաև ոչ ֆորմալ հարաբերությունները թիմի ներսում։ Անձնակազմի կառավարման մեխանիզմները, ժամանակի նոր պահանջներին համահունչ, իհարկե կատարելագործվում են ու մենք պետք է միշտ վերցնենք մեր մենթալիտետին համապատասխանող լավագույն փորձառությունը։ Բայց ոչ ֆորմալ հարաբերություններում կան նաև հաստատուն արժեքներ ու սկզբունքներ։ Առաջինը դրանում արդար, ըստ արժանիքների վերաբերմունքն է աշխատակիցների նկատմամբ։ Նաև՝ անհատական մոտեցում ցուցաբերելը՝ ըստ գործընկերոջդ բնույթի։
-Ձեր աշխատանքային պրակտիկայից ելնելով՝ ի՞նչ եք կարծում՝ աշխատողին, տվյալ դեպքում՝ քննիչներին մոտիվացնելու առումով նկատողություններ, դիտողություններ անելը կամ կարգապահական միջոցներ ձեռնարկե՞լն է ավելի արդյունավետ, թե՞ խրախուսումը։
– Ես կարծում եմ երկուսն էլ ունեն իրենց դրական ազդեցությունը, բայց կարող են նաև հակառակ արդյունքին հասցնել։ Պետք է հստակ իմանալ՝ աշխատողի մոտ կարգապահությունն ու արդյունավետությունը խթանելու լավագույն միջոցը կոնկրետ իրավիճակում՝ խրախուսա՞նքն է, թե՞ նկատողությունը կամ դիտողությունը։
Քննիչներ կան, որոնց նկատողություններ, դիտողություններ անելիս հետևություններ են կատարում, դառնում ավելի զգոն և աչալուրջ, բարձրացնում իրենց աշխատանքի արդյունավետությունը։ Խրախուսման դեպքում, թվում է՝ այն միշտ դրական է ազդում․ բայց պետք է հաշվի առնել նաև մյուս գործընկերների ներքին ընկալումը․ որովհետև մեկի անարդարացի կամ շարունակական խրախուսումը կարող է անարդարության նստվածք թողնել մյուսների մոտ, ինչը չի կարող ապամոտիվացնող չլինել։
-2024թ․ Ձեր և բաժնի հիմնական նպատակները որո՞նք են։
-Գիտեք, սա այն համակարգն է, որտեղ նպատակները հստակ են և հիմնականում անփոփոխ․ բարձրացնել նախաքննության որակը և ամեն ինչ անել՝ հանցագործների կողմից կատարելագործվող հանցավոր մեխանիզմներին հակազդեցության կարողությունները զարգացնելու ուղղությամբ։ Դրանց կարող եմ հավելել նաև մեղավոր անձանց պատասխանատվության անխուսափելիության ապահովումը, վարույթների նվազեցումը, պետությանը և համայնքին պատճառված վնասների վերականգնումը։
ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների: