Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները հուլիսի 27-ին վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում հյուրընկալվեցին Փաստաբանական ակադեմիա և հանդիպեցին ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի հետ։
Ռեկտորը, ընդունելով ունկնդիրների, նշեց, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու համար յուրաքանչյուրը պետք է սկսի իրենից։
«Կոռուպցիայի դեմ պայքարում ամենամեծ խնդիրներից մեկը դա այն գաղափարն է, որ «բոլորը անում են, ես էլ անեմ»։ Էդպես են երեխաները ծխելը և այլ վատ բաները սովորում։ Բոլորը ծխում են, եթե ես չծխեմ, ինձ «ղզիկ» կասեն․․․։ Պետք է սովորեք չարը մերժել, դա ամենակարևոր բանն է»,-նշեց նա։
Արա Զոհրաբյանն իր խոսքի ընթացքում անդրադարձավ նաև փաստաբանի վերաբերյալ ընկալումներին, ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ հիմա։ Նա նշեց, որ նախկինում դատավորները, այսպես ասած, լուրջ չէին վերաբերում փաստաբաններին, սակայն համայնքի առանձին ներկայացուցիչների բարեխղճությունը և ճիշտ վարքագիծը փոխել է այդ վերաբերմունքը։
«Կոռուպցիան մեր մասնագիտությունը ոչնչացնում է։ Գրիգոր Տաթևացին դեռևս 14-րդ դարում, հոգևորական լինելով հանդերձ, տվել է արդարադատության ձախողման 4 պատճառները․ կաշառքը, երեսպաշտությունը, վախը և տգիտությունը։ Այս 4 պատճառներն են «ծռում» արդարադատությունը»,-նշեց ակադեմիայի ռեկտորը։
Հավելենք նաև, որ դպրոցի ունկնդիրների որոշ մասնակիցներ մտածում են փաստաբան դառնալու մասին։
Նշենք նաև, որ երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում ուսուցումն իրականացվելու է հետևյալ փուլերով.
- ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. Դպրոցի հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի միջոցով ունկնդիրները կանցնեն հակակոռուպցիոն հիմնական դասընթաց` բաղկացած 25 թեմաներից: Առցանց ուսուցումը ավարտած կհամարվեն միայն այն ունկնդիրները, որոնք կլրացնեն բոլոր թեմաների գիտելիքների ստուգման հարցաթերթիկները և կհավաքեն առցանց ուսուցման ավարտման համար նախատեսված համապատասխան միավորները:
- ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ. խորացված փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կբաժանվեն խմբերի և յուրաքանչյուր խումբ խորացված ուսուցման շրջանակներում խորությամբ ուսումնասիրած հակակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ կկատարի ուսումնասիրություն, մշտադիտարկում կամ հետաքննություն: Այս փուլի ընթացքում աշխատանքները կկազմակերպվեն խմբային հանդիպումների, քննարկումների, ոլորտային պատկան և այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների տեսքով: Ունկնդիրները կսովորեն ինովացիոն մի շարք գործիքներ և ձեռք կբերեն նաև հարակից հմտություններ: Այս փուլում նախատեսվում է մենթորինգ՝ խմբերի համար։
- ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ. հմտությունների զարգացման փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացած հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:
- ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. առցանց ուսուցման փուլում բարձր արդյունքներ գրանցած, խորացված հարցազրույցի փուլը հաջողությամբ ավարտած և ընտրված լավագույն 15-20 մասնակիցները կմասնակցեն Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը: Դպրոցի խորացված ուսուցման փուլը բաղկացած կլինի «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» ուսումնական մոդուլներից:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ. պրակտիկ հմտությունների զարգացման և հանրային իրազեկման փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հեղինակավոր ժյուրիի և հանրության առջև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները:
Դպրոցի բոլոր հինգ փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավարտական վկայականներ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: