Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները հուլիսի 24-ին վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում հյուրընկալվեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և հանդիպեցին Անահիտ Մանասյանի հետ։ Հանդիպմանը ևս 2 ուսանող միացել է Արցախից՝ Zoom հարթակի միջոցով։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի մանդատը, կառույցի առաքելությունը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները։ Նա ուսանողների հետ զրույցում ևս մեկ անգամ նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն անկախ, ապաքաղաքական կառույց է, որի առաքելությունը մարդու, անհատի իրավունքները պաշտպանելն է, եթե պետական մարմինները խախտում են դրանք։
«Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ողջ աշխարհում հենց սա է: Շատ կարևոր է, որ այս մեթոդաբանությունը մենք բոլորս ճիշտ հասկանանք և ընկալենք։ Դա կարևոր է նաև միջազգային հարթակներում ճիշտ և արդյունավետ աշխատանքի տեսանկյունից»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Հարց-պատասխան ձևաչափով անցկացված քննարկման ժամանակ ուսանողներն ուղղել են ոլորտային մի շարք հարցեր։
Ունկնդիրների հետ քննարկվել է նաև Արցախի և ՀՀ սահմանային բնակչության իրավունքների խախտումները, Պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքները միջազգային ասպարեզում, ինչպես նաև Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվող հայատյաց քաղաքականությունը։
Պաշտպանն անդրադարձել է նաև հանրային հաղորդակցության մեջ անհանդուրժողականության և ատելության խոսքի դրսևորումներին․ «Խտրականությունը և ատելության խոսքը չափազանց վտանգավոր երևույթներ են։ Մասնավորապես այն մարդիկ, ովքեր ունեն մոդելային վարքագիծ և օրինակ են հասարակության համար, պետք է բացառեն նման խոսույթի կիրառումը։ Մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ բոլորս կարողանանք համերաշխ ապրել։ Չպետք է թույլ տանք, որ ձնագնդու էֆեկտով այդ խնդիրներն ավելի մեծանան և խորանան»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:
Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին ակտիվ և բովանդակալից քննարկման համար՝ ընդգծելով, որ թեև հակակոռուպցիոն ոլորտի հարցերը իր մանդատի շրջանակում մեծ ծավալ չեն զբաղեցնում, բայց և´ ընդհանուր միջավայրի ձևավորման, և´ գործառույթների տեսանկյունից նման քննարկումները շատ կարևոր են։
Նշենք նաև, որ երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում ուսուցումն իրականացվելու է հետևյալ փուլերով.
- ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. Դպրոցի հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի միջոցով ունկնդիրները կանցնեն հակակոռուպցիոն հիմնական դասընթաց` բաղկացած 25 թեմաներից: Առցանց ուսուցումը ավարտած կհամարվեն միայն այն ունկնդիրները, որոնք կլրացնեն բոլոր թեմաների գիտելիքների ստուգման հարցաթերթիկները և կհավաքեն առցանց ուսուցման ավարտման համար նախատեսված համապատասխան միավորները:
- ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ. խորացված փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կբաժանվեն խմբերի և յուրաքանչյուր խումբ խորացված ուսուցման շրջանակներում խորությամբ ուսումնասիրած հակակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ կկատարի ուսումնասիրություն, մշտադիտարկում կամ հետաքննություն: Այս փուլի ընթացքում աշխատանքները կկազմակերպվեն խմբային հանդիպումների, քննարկումների, ոլորտային պատկան և այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների տեսքով: Ունկնդիրները կսովորեն ինովացիոն մի շարք գործիքներ և ձեռք կբերեն նաև հարակից հմտություններ: Այս փուլում նախատեսվում է մենթորինգ՝ խմբերի համար։
- ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ. հմտությունների զարգացման փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացած հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:
- ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. առցանց ուսուցման փուլում բարձր արդյունքներ գրանցած, խորացված հարցազրույցի փուլը հաջողությամբ ավարտած և ընտրված լավագույն 15-20 մասնակիցները կմասնակցեն Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը: Դպրոցի խորացված ուսուցման փուլը բաղկացած կլինի «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» ուսումնական մոդուլներից:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ. պրակտիկ հմտությունների զարգացման և հանրային իրազեկման փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հեղինակավոր ժյուրիի և հանրության առջև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները:
Դպրոցի բոլոր հինգ փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավարտական վկայականներ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: