Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները հուլիսի 21-ին վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում հյուրընկալվեցին վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ։ Նրանց ընդունեց կառույցի ղեկավար Վաչե Քալաշյանը։
Նա խոսեց կոռուպցիայի և դրա արատավոր հետևանքների մասին։ Վաչե Քալաշյանը հիշեց նաև Ռեդյարդ Քիփլինգի «Ջունգլիների գիրքը» և այնտեղ գործող 2 օրենքները․ «ամեն մեկն իր համար է ապրում» և «ես ու դու նույն արյունն ունենք»։
«Մեկն ինքնությունն էր զատում, անհատական շահն էր բնորոշում, իսկ մյուսը՝ շրջապատում ինտեգրվելու հնարավորություն տվողն էր։ Այսինքն, ջունգլին, որպես համակագ, գոյություն ունի այն ժամանակ, երբ այս 2 օրենքները ներդաշնակ են գործում։ Ձեր ծնողները ապրել են խորհրդային Հայաստանում, որտեղ անհատական շահը փոշիացված, զրոյացված էր։ «Ես» չկար, կար «մենք», հանրային շահ, հանրային սեփականություն։ Անձնական և հանրային շահը պետք է համերաշխ լինեն, որպեսզի հանրությունը ապրի ներդաշնակ կյանքով»,-նշեց քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը՝ հավելելով, որ կոռուպցիան դրսևորվում է համակեցության կաննոների կամ սոցիալական մյուս հարաբերությունների համատեքստում։
Ըստ բանախոսի՝ կոռուպցիան դա հանրության կողմից վստահված պաշտոնեական դիրքի չարաշահումն է՝ անձնական շահը բավարարելու համար։ Ունկնդիրները քննարկում ծավալեցին հարցի վերաբերյալ։
Վաչե Քալաշյանը խոսեց նաև հանրային, պետական, համայնքային, քաղաքացիական և հատուկ կառավարման մասին։
Խոսելով պետական համակարգում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով աշխատանքի ընդունելու կամ հայեցողական պաշտոնի նշանակելու պրակտիկայի մասին, քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը իր լուծումն առաջարկեց։ Նա գտնում է, որ պետք է ներդրվի երաշխավորության ինստիտուտը։ Եթե անձը գտնում է, որ, օրինակ, իր հորեղբոր տղային պետք է նշանակի որևէ պաշտոնում, ապա վերջինիս կողմից իր պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու և (կամ) ոչ պատշաճ կատարելու և (կամ) ծառայողական լիազորությունները վերազանցելու և (կամ) աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքում ոչ միայն նա պատասխանատվություն կրի, այլ նաև նրան երաշխավորած, համակարգում աշխատանքի ընդունած անձը։
Վաչե Քալաշյանը խոսեց նաև կառավարման տարրերի մասին, որոնք են հաշվետվողականությունը, աշխատանքի արդյունավետությունը և հարգանքն այն արժեքների հանդեպ, որոնք ուղենիշային են։
Նշենք նաև, որ երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում ուսուցումն իրականացվելու է հետևյալ փուլերով.
- ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. Դպրոցի հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի միջոցով ունկնդիրները կանցնեն հակակոռուպցիոն հիմնական դասընթաց` բաղկացած 25 թեմաներից: Առցանց ուսուցումը ավարտած կհամարվեն միայն այն ունկնդիրները, որոնք կլրացնեն բոլոր թեմաների գիտելիքների ստուգման հարցաթերթիկները և կհավաքեն առցանց ուսուցման ավարտման համար նախատեսված համապատասխան միավորները:
- ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ. խորացված փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կբաժանվեն խմբերի և յուրաքանչյուր խումբ խորացված ուսուցման շրջանակներում խորությամբ ուսումնասիրած հակակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ կկատարի ուսումնասիրություն, մշտադիտարկում կամ հետաքննություն: Այս փուլի ընթացքում աշխատանքները կկազմակերպվեն խմբային հանդիպումների, քննարկումների, ոլորտային պատկան և այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների տեսքով: Ունկնդիրները կսովորեն ինովացիոն մի շարք գործիքներ և ձեռք կբերեն նաև հարակից հմտություններ: Այս փուլում նախատեսվում է մենթորինգ՝ խմբերի համար։
- ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ. հմտությունների զարգացման փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացած հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:
- ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. առցանց ուսուցման փուլում բարձր արդյունքներ գրանցած, խորացված հարցազրույցի փուլը հաջողությամբ ավարտած և ընտրված լավագույն 15-20 մասնակիցները կմասնակցեն Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը: Դպրոցի խորացված ուսուցման փուլը բաղկացած կլինի «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» ուսումնական մոդուլներից:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ. պրակտիկ հմտությունների զարգացման և հանրային իրազեկման փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հեղինակավոր ժյուրիի և հանրության առջև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները:
Դպրոցի բոլոր հինգ փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավարտական վկայականներ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: