Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրներն հուլիսի 17-ին վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում հյուրընկալվեցին Արդարադատության նախարարությունում, որտեղ նրանց ընդունեց փոխնախարար Կարեն Կարապետյանը։
Նա ընդգծեց, որ վերջին 3 տարիների ընթացքում է Հայաստանում ստեղծվել կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ, օրենսդրական ողջ հենքը։ Այս ասելով նա նկատի ուներ Կոռուպցիայի կանխարգելման հանաձնաժողովի և Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը․ «Եվ ամենակարևորը․ այս ողջ գործընթացը «կահավորվեց» Հայաստանում նոր դատական ատյանի ստեղծմամբ, հակակոռուպցիոն եռաստիճան դատարանով»։
Դպրոցի մասնակիցները մի շարք հարցեր ունեին կապված արդադարատության ոլորտի հետ, մասնավորապես՝ ազդարարման համակարգի, մշակվող ռազմավարության և հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ։
Ունկնդիրներից Արևիկ Հարությունյանին հետաքրքրում էր 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացը․ «Արդեն 2023 թվականի 7-րդ ամիսն է, սակայն մենք նոր ռազմավարություն չունենք։ Ինչո՞ւ ավելի վաղ չեն սկսվել մշակման աշխատանքները»։
Կարեն Կարապետյանն արձագանքելով հարցին՝ նշեց, որ ոլորտում «օրգանիկ» աշխատանքները, այն բարեփոխումները, որոնք բխում են նախկին ռազմավարությունից, տրամաբանական շարունակվում են։
«Ինչքան էլ ռազմավարությունն այդքան հնչեղ անուն ունի, սակայն դա բնավ չի նշանակում, որ եթե պետությունում ինչ-որ մի ժամանակահատված ռազմավարական ուղենիշ, ուղեցույց կամ փաստաթղթուղ առկա չէ, այդ ոլորտը կոլապսված է, մարդիկ գործի չեն գնում, այդ ուղղությամբ աշխատանքներ չեն արվում»,-նշեց փոխնախարարը։
Կարեն Կարապետյանի խոսքով՝ առաջին 6 ամիսներն այն ժանանակահատվածն են եղել, երբ պետք է գնահատվեր նախկինում արվածը․ «Մենք շեղում չունենք Կառավարության ծրագրով սահմանված ժամանակացույցից։ Հոկտեմբերի 3-րդ տասնօրյակին ակնկալում ենք ունենալ հաստատված ռազմավարությունը»։
Նշենք, որ ռազմավարության նախագիծն արդեն տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում (e-draft): Փոխնախարարը հորդորեց ներկաներին ակտիվ լինել, մուտք գործել համակարգ, նախագծի վերաբերյալ թողնել կարծիքներ և առաջարկություններ։
Ունկնդիրներից Մարատ Դավթյանի հարցը վերաբերում էր ազդարարման համակարգին․ «Ձեր սպասելիքները արդարացե՞լ են, ինչպիսի վիճակագրական տվյալներ ունեք»։
Կարեն Կարապետյանը նշեց, որ համակարգից իրենց սպասելիքները չեն արդարացել։ Նրա խոսքով՝ azdararir.am-ն այն արդյունավետությունը չի ցուցադրում, որը սպասում էին։
«Վիճակագրական տվյալներն ամփոփել ենք ու բավարարված չենք կիրառման մակարդակով։ Հիմա մի շարք բարեփոխումներ ենք ձեռնարկել։ Մենք փորձում ենք համակարգն ավելի ընդարձակել, որպեսզի հիմնարկի ներսում ազդարարման մեխանիզմ հանդիսանալուց բացի այն լինի նաև արտաքին ազդարարման մեխանիզմ։ Որպեսզի կոմերցիոն կազմակերպությունները, քաղաքացիաները դրանից կարողանան օգտվել։ Բաից այդ մենք հասկացած, որ իրազեկման բաղադրիչը նույնպես շատ թույլ է եղել։ Հիմա մշակում ենք 6-12 ամսվա հանրային իրազեկման լայնածավալ ծրագիր»,-նշեց փոխնախարարը։
Հանդիպման ընթացքում խոսվել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորոտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների մասին։
Նշենք նաև, որ երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում ուսուցումն իրականացվելու է հետևյալ փուլերով.
- ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. Դպրոցի հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի միջոցով ունկնդիրները կանցնեն հակակոռուպցիոն հիմնական դասընթաց` բաղկացած 25 թեմաներից: Առցանց ուսուցումը ավարտած կհամարվեն միայն այն ունկնդիրները, որոնք կլրացնեն բոլոր թեմաների գիտելիքների ստուգման հարցաթերթիկները և կհավաքեն առցանց ուսուցման ավարտման համար նախատեսված համապատասխան միավորները:
- ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ. խորացված փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կբաժանվեն խմբերի և յուրաքանչյուր խումբ խորացված ուսուցման շրջանակներում խորությամբ ուսումնասիրած հակակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ կկատարի ուսումնասիրություն, մշտադիտարկում կամ հետաքննություն: Այս փուլի ընթացքում աշխատանքները կկազմակերպվեն խմբային հանդիպումների, քննարկումների, ոլորտային պատկան և այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների տեսքով: Ունկնդիրները կսովորեն ինովացիոն մի շարք գործիքներ և ձեռք կբերեն նաև հարակից հմտություններ: Այս փուլում նախատեսվում է մենթորինգ՝ խմբերի համար։
- ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ. հմտությունների զարգացման փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացած հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:
- ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. առցանց ուսուցման փուլում բարձր արդյունքներ գրանցած, խորացված հարցազրույցի փուլը հաջողությամբ ավարտած և ընտրված լավագույն 15-20 մասնակիցները կմասնակցեն Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը: Դպրոցի խորացված ուսուցման փուլը բաղկացած կլինի «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» ուսումնական մոդուլներից:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ. պրակտիկ հմտությունների զարգացման և հանրային իրազեկման փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հեղինակավոր ժյուրիի և հանրության առջև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները:
Դպրոցի բոլոր հինգ փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավարտական վկայականներ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: