Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ապրիլի 14-ին, շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։
Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։
Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստին նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը հայտարարեց, որ պետք է քննարկման առարկա դառնա Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցի ժամկետի երկարացման հարցը։
Դատարանը փորձել էր այդ հարցին անդրադառնալ ապրիլի 7-ի նիստի ընթացքում, սակայն ամբաստանյալի պաշտպանները կտրուկ դեմ էին արտահայտվել դրան՝ նշելով, որ կալանավորման ժամկետի լրանալուց 11 օր առաջ հարցին անդրադառնալն ընդունելի չէ։ Փաստաբանները նշել էին, որ ապրիլի 14-ին նախապես նշանակված նիստից առաջ կարելի է ևս մեկ նիստ նշանակել և տվյալ հարցը քննարկել։ Նիստը նշանակվեց ապրիլի 12-ին, Արուսյակ Ալեքսանյանի 5 պաշտպաններից նիստին ներկայացել էր միայն Երեմ Սարգսյանը։ Արուսյակ Ալեքսանյանը վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել նիստին։
«Այսօրվա դատական նիստին պետք է քննարկենք այդ հարցը»,-նշեց դատավոր Դոլմազյանը։
Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը խնդրեց նախագահողին պարզաբանել, թե որ նորմերով է առաջնորդվում նախնական դատալսումների ընթացքում քննարկման ենթակա հարցերը փոփոխելիս․ «Եթե նման դատավարական հոդված դատարանը չկարողանա, իսկ իմ խորին համոզմամբ՝ չի կարողանալու վկայակոչել, ապա ես խնդրում եմ՝ ինձ տալ ողջամիտ ժամանակ՝ Ձեզ բացարկի միջնորդություն ներկայացնելու համար»։
Ժամկետը լրանալուց առաջ դատարանը պարտավոր է քննարկել կալանքի տակ պահելու, կամ չպահելու հարցը։ Վահե Դոմլազյանի խոսքով՝ դատավորն ինքն է որոշում, թե երբ պետք է քննարկման առարկա դարձնի այդ հարցը, քանի որ չկա որևէ իմպերատիվ նորմ, որը դատարանին սահմանափակում է դատալսումների ընթացքում քննարկման ենթակա հարցերը փոխելիս։
Անդրանիկ Մանուկյանը հակադարձեց՝ դատավորը պետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ և անհիմն որակեց դատարանի պարզաբանումը։ Փաստաբանը նշեց, որ դատավորի կատարած գործողությունները օրինական չեն։
«Դուք ևս մեկ անգամ վերահաստատում եք Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանների այն կարծր համոզմունքը, որ Դուք այս գործով անկողմնակալ դատարան չեք հանդիսանում, Դուք Ձեր առջև մեկ նպատակ եք դրել․ ցանկացած հնարավոր միջոցներով Արուսյակ Ալեքսանյանին հնարավորին չափ երկար պահեք կալանքի տակ, չնայած նրան, որ դատավորի բարձր պաշտոնը ստանձնելիս Դուք երդվել եք Ձեր լիազորությունները կատարել Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Այս ամեն ինչի համակցությունը ինձ բերում է այն համոզման, որ Ձեր նկատմամբ անհրաժեշտ է ներկայացնել բացարկի միջնորդություն»,-նշեց Անդրանիկ Մանուկյանը և խնդրեց դատական նիստը հետաձգել՝ գրավոր ձևով բացարկի միջնորդությունը ներկայացնելու համար։
Կանխատեսելով դատավորի այն հարցը, թե ինչու միջնորդությունը ավելի վաղ չի նախապատրաստվել՝ փաստաբանը նշեց, որ միամտաբար հույս է ունեցել, որ նախագահողը ձեռնպահ կմնա կալանքի հարցը օրենքով չնախատեսված կարգով քննարկելու գաղափարից։
Նախագահողը մերժեց պաշտպանի միջնորդությունը և այն գնահատեց որպես իրավունքի չարաշահում։ Վահե Դոլմազյանը որոշեց սահմանափակել իրավունքի իրականացումը՝ բացարկի միջնորդության հանդես գալու մասով։ Անդրանիկ Մանուկյանը փորձեց հայտարարություն անել, սակայն դատավորը նշեց, որ այն կարող է անել դատական նիստի ավարտին։ Փաստաբանից հետո հայտարարություն անելու ցանկություն հայտնեց Արուսյակ Ալեքսանյանը։
Վերջինս դատարանում ասաց, որ հրաժարվում է իր պաշտպանի ծառայություններից․ «Ճիշտ է՝ օրենքը ինձ հնարավորություն է տալիս չբացահայտել հրաժարման պատճառները, բայց նախապես պարոն Մանուկյանի հետ քննարկել ենք այս հարցը, դա մեծապես կախված էր նրա բարձրացված հարցի վերաբերյալ Ձեր արձագանքից»։
Դատարանը հայտարարեց, որ մեղադրյալի այս հայտարարությունը դիտում է որպես քրեական վարույթին խոչընդոտելու փորձ։ Միևնույն ժամանակ, Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ նույնպես կիրառեց պաշտպանի լիազորությունները դադարեցնելու իրավունքի սահմանափակում և չընդունեց պաշտպանից հրաժարվելու նրա հայտարարությունը։
Այս որոշումից հետո Անդրանիկ Մանուկյանը դատարանում հայտարարեց, որ դատարանն այս որոշմամբ խախտում է իր պաշտպանյալի իրավունքները և առաջարկեց վերադառնալ «դատավարական հունի մեջ»։
«Առաջարկում եմ՝ վերանայել Ձեր դատավարական դիրքորոշումն այս վարույթի հետ կապված, ընդունել ի գիտություն, որ մեղադրյալը իրավունք ունի ցանկացած պահի, առանց պատճառաբանության հրաժարվել իր պաշտպանից և այդ պարագայում դատավորը պարտավոր է Արուսյակ Ալեքսանյանին հնարավորություն տալ իր նախընտրած պաշտպանին ներգրավել այս վարույթով, կամ այդ հնարավորությունը չունենալու պարագայում նրա համար ապահովել հանրային պաշտպանի ներկայությունը»,-ասաց Անդրանիկ Մանուկյանը՝ հավելելով, որ ձեռնպահ է մնալու որևէ դատավարական դիրքորոշում արտահայտելուց՝ կալանքի ժամկետի երկարացման կապակցությամբ․ «Նման դիրքորոշում հայտնել, նշանակում է լեգիտիմացնել դատարանի անօրինական գործողությունները»։
Նրանից հետ դատարանում հայտարարության հանդես եկավ նաև Արուսյակ Ալեքսանյանը։ Մեղադրյալը նշեց, որ դատավարությունը ձևական բնույթ է կրում և այստեղ որևէ օրենք չի գործում։
«Նայել Ձեր աչքերի մեջ հայտարարում եմ, որ թատրոնը շատ մեղմ է ասված այս դատավարության համար, սա իրականում մարտեր են առանց կանոնների։ Ճիշտ ասած, ինձ երևի «Աբովյան» ՔԿՀ-ի անուշաբույր խցերը շատ ավելի հաճելի են, քան գալ և Ձեր նախագահությամբ մասնակցել այս դատավարությանը։ Սա դատավարություն էլ չի, անհասկանալի գործընթաց է։ Թող դատախազը ասի, Դուք՝ լսեք, ծափ տվեք, փակեք։ Ինչ ուզում եք՝ արեք»,-նշեց նա։
Մեղադրյալի այս հայտարարությանն արձագանքեց դատավորը․ «Ձեզ որևէ ՔԿՀ-ի անուշաբույր բուրմունքն է դուրս գալիս, թե այս գործի դատաքննությունը՝ Ձեր գնահատման հարցն է։ Բայց որպես մեղադրյալ Դուք ունեք պարտականություններ և դրանց ուժով, հաճելի է, թե տհաճ՝ ստիպված եք մասնակցել դատական նիստին»։
Դատարանը հորդորեց զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց, որոնք կարող են գնահատվել, որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Արուսյակ Ալեքսանյանն ի պատասխան նշեց, որ վարույթի շրջանակներում չկա պարտականություն, որը ինքը կատարած չլինի ու միտում չունի դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու․ «Ես ինքս կարգավիճակով դատավորն եմ և շատ լավ հասկանում եմ՝ որը որից հետո է»։
Դատախազ Արմեն Գևորգյանը դատարանում հայտարարեց, որ գտնում է՝ ընտրված խափանման միջոցը պետք է անփոփոխ մնա, իսկ դրա ժամկետը երկարաձգվի ևս 3 ամիս ժամկետով։ Ըստ նրա՝ հունվարի 18-ին դատարանի կողմից ընդունված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրված խափանման միջոցի հիմքերը շարունակում են առկա լինել․ «Նախորդած ժամանակահատվածում դատավարական իրադրության այնպիսի փոփոխություն տեղի չի ունեցել, որի արդյունքում կարող էր քննարկվել արձանագրված հիմքերի նվազած լինելը կամ ի սպառ վերանալը»։
Նշենք, որ մյուս ամբաստանյալները և պաշտպանները միացան Անդրանիկ Մանուկյանի՝ խափանման միջոցի քննարկման վերաբերյալ դիրքորոշում չհայտնելու որոշմանը։ Միայն ամբաստանյալ Էրիկ Ալեքսանյանը խնդրեց դատարանին քննարկել կալանքը տնային կալանքով փոխարինելու հնարավորությունը․ «Տնային կալանքը գրեթե ոչնչով չի տարբերվում կալանավորումից։ Ես խնդրում եմ Ձեզ, իրավական ողջամտության շրջանակներում, քննարկման առարկա դարձնել տնային կալանքի հնարավորության հարցը»։
Վահե Դոլմազյանը կալանքի ժամկետը որոշեց երկարաձգել 2 ամսով՝ արձանագրելով, որ առկա են Արուսյակ Ալեքսանյանին կալանքի տակ պահելու հիմքերը։
Այնուհետև դատարանն անցավ ապացույցների հետազոտման հաջորդականությունը որոշելու հարցին։ Պաշտպանական կողմը առաջարկեց սկզբում հարցաքննել վկաներին, հետո հարցաքննել ամբաստանյալներին և վերջին անդրադառնալ գրավոր ապացույցներին։
Մեղադրող կողմն առաջարկեց սկզբում հետազոտել գրավոր ապացույցները։
Դատարանը ընդունելի համարեց դատախազի առաջարկը և սահմանեց ապացույցների հետազոտման հետևյալ հաջորդականությունը․ սկզբում կուսումնասիրվեն գրավոր ապացույցները, այնուհետև կհարցաքննվեն վկաները։ Ցանկության դեպքում՝ կհարցաքննվեն նաև ամբաստանյալները։
Դատական նիստը հետաձգվեց, ապացույցների անթույլատրելիության վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունները կքննարկվեն հաջորդ նիստի ընթացքում։
Եվգենյա Համբարձումյան