«Խաղատուն Դուք գնացեք»․ ամբաստանյալի աթոռին հայտնված դատավորի գործով նիստը լարված մթնոլորտում ընթացավ

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ապրիլի 7-ին, շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։

Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։

Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստի սկզբում նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը հայտարարեց, որ պետք է քննարկվի Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցի ժամկետի երկարաձգման հարցը, ինչը ամբաստանյալի պաշտպանների դժգոհությունը հարուցեց։ Նշենք, որ դատավորի կալանավորման ժամկետը լրանում է ապրիլի 18-ին։

«11 օր դեռ կա։ Ողջամտորեն կասկած է առաջանում, որ ժամ շուտ անհրաժեշտ է երկարաձգել Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը։ Ես արձանագրում եմ, որ Քրեական դատավարության օրենսգրքով (ՔԴՕ) Դուք չունեք նման լիազորություն․ կոնկրետ դատավարական փուլում օրենքով նախատեսված դատավարական գործողության կատարումը հետաձգել և դրա փոխարեն անդրադառնալ կալանքի երկարաձգմանը»,-նշեց Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը՝ նշելով, որ ավելի ուշ այդ հարցին անդրադառնալու որևէ խոչընդոտ չկա։

Արուսյակ Ալեքսանյանն էլ դատարանում հայտարարեց, որ չի հասկանում, թե ինչով է պայմանավորված Վահե Դոլմազյանի շտապողականությունը․ «Միգուցե ապրիլի 7-ի հետ կապված նվե՞ր եք ուզում ինձ մատուցել, պատվարժան դատարան։ Միգուցե ավելի մեղմ խափանման միջոց եք ընտրել, դրա համար եք 11 օր շուտ ցանկանում քննարկել այդ հարցը։ Այնուամենայնիվ, ինձ ևս հետաքրքիր է, թե կոնկրետ ո՞ր նորմով եք առաջնորդվում, որ այդպիսի շտապողականություն եք ցուցաբերում։ Ի վերջո, ո՞րն է պատճառը»։

Ամբաստանյալ Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ խափանման միջոցի հարցից ավելի կարևոր հարց այս պահին չկա, սակայն ապրիլի 14-ին ևս նիստ է նշանակված, կարելի է դրանից առաջ էլ նիստ նշանակել՝ հարցը քննարկելու համար․ «Անսպասելի էր, որ այս դատական նիստով պետք է քննարկենք խափանման միջոցի հարցը։ Այնուամենայնիվ, միանում եմ պարոն Մանուկյանի դիրքորոշմանը»։

Դատարանը պարզաբանեց՝ ժամկետը լրանալուց առաջ դատարանը պարտավոր է քննարկել կալանքի տակ պահելու, կամ չպահելու հարցը։ Նվազագույնը 5 օր առաջ պետք է այդ հարցը քննարկվի։

«Կալանքի տակ պահելու ժամկետի երկարաձգման մասին միջնորդություն վարույթն իրականացնող քննիչը կարող է ներկայացնել 10 օր առաջ, 11 օր առաջ, 7 օր առաջ։ Ժամկետային սահմանափակում չկա։ Սահմանափակումը վերաբերում է նվազագույնին, որից այն կողմ միջնորդություն ներկայացնելու դեպքում կարող է վարույթ հարուցելը մերժվել։ Վարույթն իրականացնող մարմինն է որոշում, թե երբ պետք է քննարկվի այդ հարցը»,-նշեց դատավորը։ Կալանքի ժամկետը լրանալուց առաջ մեկ նիստ կա նշանակված, ապրիլի 14-ին, այսինքն՝ 5 օրից էլ քիչ ժամանակ է մնում։ Ապրիլի 12-ին դատական նիստ կար նշանակված, սակայն դատավարության ոչ բոլոր կողմերի համար էր այդ օրն ընդունելի։

Վահե Դոլմազյանը նշեց, որ դատարանը, իր նախագահությամբ, որոշել է հարցը քննարկել այսօր․ «Բոլորին էլ հստակ հայտնի է, թե դատավարական օրենսգիրքը ինչ նորմեր է նախատեսում և ինչ գործողություններ կարող են կատարվել։ ․․․Պատճառաբանելը, թե այսօր քննարկման առարկա պետք է դառնա ապացույցների ծավալի որոշումը, այդ պատճառով չի կարող քննարկման առարկա լինել մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետի հարցը, չի բխում քրեական դատավարության օրենսգրքի դրույթներից»։

Անդրանիկ Մանուկյանը հակադարձեց՝ նշելով, որ դատավորը Քրեական դատավարության օրենսգիրքը կամայական մեկնաբանության է ենթարկել․ «Ի օգուտ Արուսյակ Ալեքսանյանին ևս 3 ամիս կալանքի տակ պահելու մեկնաբանեցիք: Եթե տենց պիտի լինի, ասեք՝ չգանք, պարոն Դոլմազյան։ Դուք դատախազի հետ նստեք, Արուսյակ Ալեքսանյանին դատապարտեք մահապատժի, մենք էլ գանք, ստորագրենք այս վերդիկը (դատավճիռը-խմբ․)։ Ի՞նչ է նշանակում ՔԴՕ-ն էս կարգի անտեսելը, հանուն ինչի՞»։

Դատավորը փորձեց ընդհատել փաստաբանին։ Ասաց, որ հետագայում հայտարարություն անելու հնարավորություն կտա նրան։ Սակայն Անդրանիկ Մանուկյանը շարունակեց․

-Ես հիմա ամեն ինչ, ինչ ունեմ, դնում եմ սեղանին՝ հավաստելու համար, որ Դուք 3 ամսով երկարաձգելու եք կալանքի ժամկետը։

-Պարոն Մանուկյան, խաղատանը չեք գտնվում։ Երբ կգնաք խաղատուն, ամեն ինչը կդնեք սեղանին։

-Խաղատուն Դուք գնացեք, ես երբեք խաղատուն չեմ գնում։ Ես ավելի վեհ գաղափարական արժեքներ կրող տեղեր եմ գնում։

-Շնորհավորում եմ Ձեզ այդ կապակցությամբ։

-Չի ընդունվում Ձեր շնորհավորանքը։

Արուսյակ Ալեքսանյանի մյուս պաշտպանը, Հովսեփ Սարգսյանն էլ հեգնեց ու առաջարկեց կալանքի ժամկետը երկարաձգել միանգամից մինչև օգոստոսի 18-ը․ «Առաջարկը խնդրում եմ նաև քննարկել»։

Այնուհետև կալանավորված դատավորի պաշտպանները 5 րոպե ընդմիջում խնդրեցին՝ իրենց մարտավարությունը քննարկելու համար։

Ընդմիջումից հետո կալանավորված դատավորի 3-րդ ներկայացուցիչը, Երեմ Սարգսյանը, միջնորդեց, որպեսզի նախնական դատական նիստը շարունակվի այնտեղից, որտեղ կանգնել էին նախորդ անգամ և պաշտպանները ներկայացնեն իրենց ապացույցները, հնարավորության դեպքում՝ ապացույցների հետազոտում իրականացվի, որից հետո քննարկվի կալանքի ժամկետի երկարաձգման հարցը։

«Չի բացառվում՝ կատարված աշխատանքի և գործողությունների արդյունքում դատարանը գտնի, որ կալանքի հիմքերը վերացել են, նվազել են, չնայած մեր կարծիքով՝ ի սկզբանե էլ չեն եղել։ Ես միջնորդությամբ եմ հանդես գալիս և խնդրում, որպեսզի շարունակենք նախապես որոշված կարգը»,-ասաց Երեմ Սարգսյանը։

Դատավոր Վահե Դոլմազյանը հիշեցրեց․ նախորդ անգամ կալանքի հարցը քննարկվել է 3 օր։ Իսկ այս դեպքում կա նշանակված մեկ դատական նիստ, ապրիլի 14-ին։ Այնուհետև դատավորը հռետորական հարց ուղղեց Երեմ Սարգսյանին՝ նրա առաջարկած հերթականությամբ հարցերը քննարկելու դեպքում հերթը կհասնի՞ կալանքի ժամկետի երկարաձգման հարցին․ «Հաշվի առնելով ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ դատարանի աշխատանքային ծանրաբեռնվածությունը»։

Դատավորը պնդեց, որ այսօրվա դատական նիստի ընթացքում պետք է քննարկման առարկա դառնա Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի երկարաձգման հետ կապված հարցը։

Անդրանիկ Մանուկյանը նշեց, որ առարկում է նախագահողի գործողությունների դեմ։ Նա ևս մեկ անգամ կրկնեց նախորդ նիստում իր արած հայտարարությունը։ Ըստ նրա՝ դատավորը սխալվել է Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելով։

«Ես, բարձր գնահատելով իմ առաքելությունը Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանությունը ստանձնած լինելու կապակցությամբ, հարգելով տարիներ առաջ պետության կողմից ինձ տրված կարմիր դիպլոմը, հարգելով Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգավորումները, նպատակահարմար չեմ համարում շարունակել իմ մասնակցությունը այս, ՔԴՕ դրույթներին հակառակ, հակընդդեմ կայացող դատական նիստին։ Այդ պատճառով, թեկուզև չունենալով նախագահողի թույլտվությունը, ես դուրս եմ գալիս դատական նիստերի դահլիճից»։

Նույնը փորձեցին անել փաստաբաններ Հովսեփ Սարգսյանը և Երեմ Սարգսյանը։ Դատարանը նրանցից հետաքրքրվեց՝ ո՞րն է դատական նիստերի դահլիճը լքելու նրանց պատճառաբանությունը։ Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը բացարկի միջնորդություն պետք է ներկայացնի դատավորին և խնդրեց՝ ժամանակ տրամադրել։ Վահե Դոլմազյանը առաջարկեց 1 ժամ ընդմիջում հայտարարել, որպեսզի պաշտպանը կարողանա իր միջնորդությունը ներկայացնել։ Սակայն Էրիկ Ալեքսանյանի և Թամարա Պետրոսյանի պաշտպանները նշեցին, որ այդքան սպասել չեն կարող, այլ աշխատանքային ծանրաբեռնվածություն ունեն։

Արուսյակ Ալեքսանյանի փաստաբանները մնացին նիստերի դահլիճում։ Այնուհետև հայտարարությամբ հանդես եկավ մեղադրողը։ Արմեն Գևորգյանի խոսքով՝ պաշտպանական կողմը փորձում է մեղադրանքի կողմի վրա դնել նիստերի հնարավոր հետաձգումով նշանակելու պատասխանատվությունը։

Անդրադառնալով ապրիլի 12-ին իր աշխատանքային ծանրաբեռնվածությանը, որի մասին նա հայտնել էր նախորդ դատական նիստին, դատախազը նշեց՝ կարող է հետաձգել մեկ այլ գործով նշանակված դատական նիստը․ «Իմ գործընկերները միաձայն նշեցին, որ միջնորդություններ ունեն, այսինքն, բոլորը պլանավորել էին երկարատև աշխատել։ Հիմա հռետորական հարց է առաջանում․ եթե պլանավորել էին երկար աշխատել, ապա ինչու բոլորը հիշեցին, որ ունեն աշխատանքային այլ ծանրաբեռնվածություն։ Սա այնպիսի հանգամանք է, որը չի վրիպել նաև Վերաքննիչ քրեական դատարանի աչքից, երբ վերջինս քննարկում էր պաշտպանության կողմի բողոքը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ դատարանի որոշման իրավաչափության վերաբերյալ»։

Մեղադրողը պնդեց նաև, որ այս նիստում իրականացված պլանավորված գործողություններով պաշտպանական կողմը փորձում է ձգձգել դատական քննությունը։

Հովսեփ Սարգսյանը չհամաձայնեց մեղադրողի հետ․ իրենք դատական քննությունը ձգձգելու նպատակ չեն ունեցել։ Փաստաբանի խոսքով՝ պաշտպանական կողմը գալիս է նիստերի դահլիճ աշխատելու համար․ «Մենք ստիպված ենք լինում ամեն անգամ կոչ անել դատարանին, որպեսզի վերջինս ղեկավարվի Սահմանադրությամբ, Քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով, դուրս չգա իր լիազորությունների տիրույթից։․․․Ինչո՞ւ ենք ամեն բան ծռված հայելու մեջ ներկայացնում, գլխիվայր ներկայացնում»։

Դատարանը ստիպված էր հետաձգել դատական նիստը, քանի որ գործով ներգրավված 2 փաստաբան այլ աշխատանքային զբաղվածություն ունեին։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 12-ին։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել