Արուսյակ Ալեքսանյանը չի կարողացել ներկայանալ դատական նիստին․ նրա առողջական վիճակը վատացել է

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ապրիլի 12-ին, պետք է շարունակվեր դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։

Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։

Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստին ՔԿՀ-ից չէր բերվել Արուսյակ Ալեքսանյանը, որի կալանքի ժամկետը լրանում է ապրիլի 18-ին։ Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը հայտարարեց, որ Քրեակատարողական բժշկության կենտրոնից տեղեկանք է ստացվել այն մասին, որ 10։50-ի սահմաններում ամբաստանյալը, առողջական վիճակից ելնելով, չի կարող ներկայանալ դատական նիստին։ Բացի այդ, տեղեկանք է ստացվել նաև «Աբովյան» ՔԿՀ-ից, որում նշվել էր, որ Արուսյակ Ալեքսանյանն ամբողջ օրվա ընթացքում չի կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին։

Մեղադրող Արմեն Գևորգյանը խնդրեց դատարանին միջոցներ ձեռնարկել հատկապես «Աբովյան» ՔԿՀ-ից ստացված տեղեկանքի վերաբերյալ․ «Ինչից ելնելով է վերջինս նմանատիպ եզրահանգման եկել, որ ամբողջ օրվա ընթացքում հնարավոր չէ ապահովել Արուսյակ Ալեքսանյանի ներկայությունը դատական նիստին։ Կարծում եմ՝ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը առողջական վիճակի վատթարացման հետ կապված պետք է ունենա բավարար փաստական տվյալներ, որպեսզի կարողանա նման կատեգորիկ հետևության հանգել»։

Դատավորը, ի պատասխան մեղադրողի հայտարարության՝ հայտնեց, որ համապատասխան միջոցներ արդեն իսկ ձեռնարկվել են, համապատասխան հարցում է պատրաստվել և կուղարկվի ՔԿՀ․ «Դատարանը ստիպված է դատական նիստը հետաձգել»։

Այսօրվա դատական նիստի ընթացքում պետք է քննարկվեր Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետի երկարաձգման հարցը։ Դատարանը փորձել էր այդ հարցին անդրադառնալ ապրիլի 7-ի նիստի ընթացքում, սակայն ամբաստանյալի պաշտպանները կտրուկ դեմ էին արտահայտվել դրան՝ նշելով, որ կալանավորման ժամկետի լրանալուց 11 օր առաջ հարցին անդրադառնալն ընդունելի չէ։ Փաստաբանները նշել էին, որ ապրիլի 14-ին նախապես նշանակված նիստից առաջ կարելի է ևս մեկ նիստ նշանակել և տվյալ հարցը քննարկել։ Նիստը նշանակվեց ապրիլի 12-ին, Արուսյակ Ալեքսանյանի 5 պաշտպաններից նիստին ներկայացել էր միայն Երեմ Սարգսյանը։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել