Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ապրիլի 3-ին, ընթացավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի, նրա կնոջ՝ Նունե Նիկոլյանի, որդու՝ Հրանտ Բեգլարյանի և դստեր՝ Նատելլա Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական քննությունը։ Նիստը նախագահում էր դատավոր Նարինե Ավագյանը։
Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից, նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝
- Երևան քաղաքում գտնվող 33 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 11-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում, 7-ը՝ Խորենացի փողոցում, 3-ը՝ Արշակունյաց պողոտայում, 2 առանձնատները՝ Ազատության պողոտայում, 2 տարածքները՝ Թամանյան փողոցում, 2-ը (շինություն և ավտոկայանատեղի)՝ Տերյան փողոցում, ինչպես նաև Երևանի քաղաքի այլ վարչական շրջաններում գտնվող անշարժ գույքերը, Կոտայքի մարզում (համայնք Ծաղկաձոր) գտնվող 2 հողամասերը և Արարատի (համայնք Սիս) մարզում գտնվող 1 հողամասը, 1 տրանսպորտային միջոցը (MERSEDES-BENZ S600Լ մակնիշի ավտոմեքենա), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 10.704.483.825 ՀՀ դրամ,
- 10 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքը,
- 8 հանձնված փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը՝ 1.879.759.719 ՀՀ դրամի չափով,
- 882.745.274,9 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի, ինչպես նաև գույքերի վաճառքից գոյացած միջոցների մնացորդ,
- 3.317.008.604 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:
Iravaban.net-ը հայտնում է, որ դատարանը որոշեց չթույլատրել դատական նիստի լուսատեսանկարահանումը, քանի որ պատասխանողների ներկայացուցիչները՝ Գոհար Ավագյանը, Գոհար Գևորգյանը, ինչպես նաև Նորայր Բալայանը նշեցին, որ դեմ են դրան։
Այսօրվա դատական նիստի ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը ներկայացրեց 3-րդ անձանց ներգրավման վերաբերյալ իր միջնորդությունը։
Նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում դատախազը նշեց, որ Գագիկ Բեգլարյանը և նրա հետ փոխկապակցված անձինք տվել են փոխառություններ, որոնք իրավասու մարմնի գնահատմամբ, դեռևս չեն վերադարձվել։ Այս միջնորդությունը վերաբերում էր նշված 10 ընկերություններին։
Նելլի Տեր-Թորոսյանի խոսքով՝ 16.8 միլիարդ դրամի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ դատախազության ներկայացրած պահանջը ընդգրկում է գույքերի միջին շուկայական արժեքների և ներկայացված դրամական պահանջի հանրագումարները։
«Գագիկ Բեգլարյանն անձամբ դատախազություն չի ներկայացել։ Պատասխանողները կարծում են, որ ձեռք բերված գույքը կկարողանան հիմնավորել օրինական աղբյուրներով»,-նշեց դատախազը՝ հավելելով՝ կան գույքեր, որոնք օրինական եկամուտներով հիմնավորվում են։
Պատասխանողների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ ուսումնասիրությունը սկսվել է 1992 թվականից։
Մանրամասները՝ տեսանյութում։