ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանի գույքն ու եկամուտները․ նա Լևոն Բարսեղյանին պարտքով գումար է տվել, իսկ մորեղբոր աղջիկը ապրել ու աշխատել է իր հետ միասին

Հայկուհի Հարությունյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2019թ․ նոյեմբերի 26-ից։

Iravaban.net-ը հայտնում է, որ պաշտոնը ստանձնելիս Հարությունյանը հայտարարագրել է․

  • բնակարան Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում, միանձնյա սեփականությամբ, որը գնվել է 2007 թվականին,
  • անհատական բնակելի տուն Լոռու մարզում՝ Վանաձորում, համատեղ սեփականությամբ, որը գնվել է 1997 թվականին,
  • 1,001,659 դրամ,
  • 698 դոլար,
  • 11,818 եվրո։

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Հարությունյանը երկու փոխառություն է հանձնել՝ 2 միլիոն դրամի և 22․535․000 դրամի չափով։

Նրա եկամուտները ստացվել են աշխատավարձերից և երկու այլ եկամուտից՝ կազմել՝ 7,466,000 դրամ, 5,673 եվրո, 368 դոլար։

2019 թվականի արդեն տարեկան հայտարարագրի համաձայն նրա դրամական միջոցները բանկային հաշիվներում կազմել են 1,487,899 դրամ, 16,470 եվրո, 537 դոլար և ևս 650,000 դրամ՝ կանխիկ։ Եկամուտները կազմել են

  • 7,195,520 դրամ՝ ստացված աշխատավարձերից,
  • 10,612 եվրո՝ ստացված աշխատավարձերից,
  • 368 դոլար՝ ստացված աշխատավարձից,
  • 1,618,000 դրամ՝ ստացված այլ եկամուտից։

Այս հայտարարագրից արդեն պարզ է դառնում, որ փոխառություններից մեկը Հայկուհի Հարությունյանը հանձնել է Լևոն Ալբերտի Բարսեղյանին՝ 2 մլն դրամի չափով։ Նշենք, որ Լևոն Բարսեղյանը ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի հիմնադիրն է։

Վերոնշյալ մյուս փոխառությունը ավանդ է բանկում, որը տարեվերջին կազմել է 22,536,576 դրամ։

2020 թվականի տարեկան հայտարարագրում Հայկուհի Հարությունյանը նշել է, որ Լևոն Բարսեղյանը ստացած 2 մլն, դրամ փոխառությունից հետ է վերադարձել 1 մլն դրամը։

Նրա ավանդի գումարը մեկ տարում զգալի ավելացել է՝ կազմելով 30․772․547 դրամ։ ԿԿՀ նախագահի դրամական միջոցները բանկային հաշիվներում կազմել են 1,815,554 դրամ, 7,084 եվրո, 525 դոլար։ Եկամուտները կազմել են 12,056,853 դրամ՝ ստացված աշխատավարձից և 2,536,000 դրամ՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից։

2021 թվականի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ Լևոն Բարսեղյանին տրված գումարը վերադարձվել է։

Այս տարում Հայկուհի Հարությունյանը «Լույսեր» ՓԲԸ-ին 42,955,000 դրամ գումար է փոխառության հանձնել։ Նշենք, որ «Լույսերը», ըստ ներկայացված տեղեկատվության, ունի ավելի քան 15 տարվա փորձ շինարարության, ներդրումների, դիզայնի և ֆինանսների բնագավառներում։

Ենթադրվում է, որ Հայկուհի Հարությունյանը ընկերությունից բնակարան է ձեռք բերել։

Այս հայտարարգրում որպես ավանդ դրված գումարն այլևս չի նշվում։ Բանկային հաշվում նրա դրամական միջոցները ևս նվազել են՝ 1,693,114 դրամ։ Եկամուտը կազմել է 15,866,464 դրամ, որը ստացվել է աշխատավարձից։

Հայկուհի Հարությունյանը նաև վարկ է վերցրել՝ 30,068,000 դրամի չափով։

—————————

Հայկուհի Հարությունյանի հայրը՝ Հայկ Հարությունյանը 2019 թվականին հայտարարագրել է անհատական բնակելի տունը՝ Վանաձորում, համատեղ սեփականությամբ, ինչպես նաև 1,325,000 դրամ։

Մայրը՝ Լույսանուշ Հարությունյանը հայտարարագրել է անհատական բնակելի տունը՝ Վանաձորում, համատեղ սեփականությամբ, հանձնած ավանդները՝ 180,000 ռուբլի և 1,000 դոլար, 680,000 կանխիկ դրամ և 62,000 դրամ եկամուտ։

Հայկուհի Հարությունյանի քույրը՝ Հասմիկ Հարությունյանը, որը «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» ՀԿ-ի իրավաբան-փորձագետն է, 2019 թվականի տարեկան հայտարարագրում հայտարարագրել է․

  • անհատական բնակելի տունը՝ Վանաձորում՝ համատեղ սեփականությամբ
  • BMW X3 3.0 I մակնիշի ավտոմենքենա՝ 2007 թվականի թողարկման, որը գնել է 2019 թվականի սեպտեմբերի՝ 5,800 դոլարով,
  • 6,000,000 դրամ ավանդը՝ բանկում,
  • 2,006,815 դրամ՝ բանկային հաշվին,
  • 450,000 դրամ՝ կանխիկ,
  • 7,500,000 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից,
  • 103 դոլար եկամուտ՝ ստացված աշխատավարձից,
  • 614 եվրո եկամուտ՝ ստացված աշխատավարձից։

ԿԿՀ նախագահի հայտարարագիրն ուսումնասիրելիս ևս մի ուշագրավ փաստի ենք հանդիպում: Նրա հետ համատեղ բնակվող անձ է նշված նաև Էլինե Արմիկի Ավետիսյանը, ով ևս 2019 և 2020 թվականներին հայտարարագիր է ներկայացրել։

Էլինե Ավետիսյանը 2019 թվականին հայտարարգրել է 202,202 դրամ՝ բանկային հաշվին և 3,092,762 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից։ Ուշագրավն այն է, որ աշխատավարձը վճարող կազմակերպությունը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հաձնաժողովն է (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստեղծվել է 2019 թվականի նոյեմբերի 26-ին «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի հիման վրա: Այն հանդիսանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդը)։

2020 թվականին Էլինե Ավետիսյանը հայտարարագրել է 106,143 դրամ՝ բանկային հաշվին, 700,000 դրամ՝ կանխիկ, 3,377,843 դրամ եկամուտ՝ որպես աշխատավարձ ստացված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրողների ռեգիստրն ուսումնասիրելիս ենթադրվում է, որ Էլինե Արմիկի Ավետիսյանը Հայկուհի Հարությունյանի մորեղբոր աղջիկն է։ 

Ի պատասխան Iravaban.net-ի գրավոր հարցման, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հայտնել են, որ Էլինե Ավետիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հաձնաժողովում աշխատել է 2017 թվականի հոկտեմբերի 13-ից, որպես իրավաբանական վարույթների վարչության գլխավոր մասնագետ։

Նշվել է նաև, որ 2021 թվականի հուլիսի 23-ին անձնական դիմումի համաձայն Էլինե Ավետիսյանի հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվել է։ 

Լուսանկարները` ֆեյսբուքյան էջերից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել