Ռուսաստանը Հայաստանի ղեկավարության խղճին է թողնում Լեռնային Ղարաբաղի անվտանգության պատասխանատվությունը երրորդ երկրների վրա դնելու փորձերը․ Զախարովա

Ռուսաստանը Հայաստանի ղեկավարության խղճին է թողնում Լեռնային Ղարաբաղի անվտանգության պատասխանատվությունը երրորդ երկրների վրա դնելու փորձերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Գրում է  ТАСС լրատվական գործակալությունը։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի գլխավոր նպատակը խաղաղության, կայունության և տարաձայնությունների հաղթահարումն է, սակայն դա հնարավոր է անել միայն իր պատասխանատվության շրջանակում։

«Մեր երկրի բոլոր պարտավորությունները հստակ շարադրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Պարզապես պետք է բացել այս փաստաթուղթը և տեսնել, թե ինչ պարտավորություններ ունի մեր երկիրը և ամեն ինչ շատ պարզ կդառնա, ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են, որպեսզի կանխեն էսկալացիան և կայունացնեն իրավիճակը տեղում և դա անում են նաև իրենց պատասխանատվության գոտում»,- ասել է Զախարովան։

Նշենք, որ մարտի 16-ի Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ռուսաստանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել