Որ դեպքում կարող են անձին ենթարկել անձնական խուզարկության

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի համաձայն՝ քննչական գործողությունների տեսակներից է խուզարկությունը։

Iravaban.net-ը հայտնում է, որ 237-րդ հոդվածով սահմանված է, թե որն է անձնական խուզարկությունը, երբ կարող է կատարվել։

Այսպիսով․

1. Անձնական խուզարկություն կատարվում է այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձի հագուստի մեջ, նրա մոտ գտնվող իրերում կամ նրա մարմնի վրա կարող են լինել ենթադրյալ հանցագործությանն առնչվող առարկաներ, նյութեր կամ փաստաթղթեր:

2. Առանց առանձին որոշման` անձնական խուզարկության կարող է ենթարկվել`

1) հանցագործության մեջ կասկածվող անձը` իրավասու մարմին կամ վարույթն իրականացնող մարմին բերելու նպատակով ազատությունից նրան փաստացի զրկելու պահին կամ բերելուց անմիջապես հետո.

2) մեղադրյալը` Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում ազատությունից նրան փաստացի զրկելու պահին.

3) բնակարանում կամ այլ վայրում խուզարկությանը մասնակցող անձը, եթե այդ ընթացքում ի հայտ են գալիս հիմքեր ողջամտորեն ենթադրելու, որ այդ անձն իր մոտ կարող է ունենալ այն առարկաները, նյութերը կամ փաստաթղթերը, որոնք հայտնաբերելու նպատակով կատարվում է խուզարկությունը, կամ այնպիսի իրեր, որոնք ողջամտորեն վկայում են ենթադրյալ հանցանքի կատարման մասին:

3. Այն դեպքում, երբ քննիչն իրավասու չէ ներկա լինելու մերկացմամբ զուգորդվող անձնական խուզարկությանը, խուզարկվողի հագուստի մեջ կամ նրա մարմնի վրա ենթադրյալ հանցագործությանն առնչվող առարկաների, նյութերի կամ փաստաթղթերի որոնումը քննիչի հանձնարարությամբ կատարվում է բժշկության բնագավառի ձեռնհաս փորձագետի կամ խուզարկվողի հետ նույն սեռի այլ քննիչի կամ հետաքննիչի կողմից:


Հավելենք նաև, որ 209-րդ հոդվածով սահմանված է, որ քննչական գործողություն կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դրա արդյունքում կարող է ձեռք բերվել տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող ապացույց:

Բացառապես քննիչի որոշման հիման վրա են կատարվում՝

1) դեպքի վայր հանդիսացող բնակարանում սկզբնական զննումը.

2) արտաշիրմումը.

3) խուզարկությունը, բացառությամբ բնակարանի խուզարկության, թվային խուզարկության և Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` անձնական խուզարկության.

4) առգրավումը, բացառությամբ բնակարանում կատարվող առգրավման, նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավման, էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների առգրավման, բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի և առարկաների առգրավման.

5) քննումը:

Բացառապես դատախազի թույլտվությամբ են կատարվում՝

1) Քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տվյալներ պարունակող տեղեկատվության պահանջը (Տեղեկատվության պահանջը պարտադիր է դրա հասցեատիրոջ համար, բացառությամբ որոշ դեպքերի).

2) պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի առգրավումը:

Բացառապես դատարանի որոշման հիման վրա են կատարվում՝

1) բնակարանում խուզարկությունը և առգրավումը.

2) դեպքի վայր չհանդիսացող բնակարանում զննումը և դեպքի վայր հանդիսացող բնակարանում հետագա զննումը.

3) թվային խուզարկությունը.

4) նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավումը.

5) բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի և առարկաների առգրավումը.

6) էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների առգրավումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել