Դատարանը Լյովա Սարգսյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի գործով ներկայացուցչի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում մարտի 13-ին քննվում էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի և նրա կնոջ` Արմինե Հարությունյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի և դրամական միջոցների բռնագանձման մասին Գլխավոր դատախազության հայցադիմումը։

Դատախազությունը գտնում է, որ բռնագանձման է ենթակա Լյովա Ազատի Սարգսյանից և նրա ընտանիք անդամներից 9 միլիոն 408 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից միայն առևտրային բանկում առկա ավանդի գումարը կազմում է 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար։ Հայցադիմումի համաձայն՝ օրինական եկամուտներով չեն հիմնավորվել 9 անշարժ գույքի ձեռքբերում, 2 շարժական գույքերի ձեռքբերում, ինչպես նաև մասնակցություններ 3 կազմակերպություններում: Լյովա Սարգսյանի մասով դատախազությունը ապօրինի է դիտարկել մեկ անշարժ գույք, ավտոմեքենա, առևտրային բանկում առկա ավանդի գումարը՝ 3 միլիոն 500 հազար դոլար:

Դատարանը, նախագահությամբ Կարապետ Բադալյանի, պատշաճ ծանուցված համարեց Լյովա Սարգսյանին՝ հաշվի առնելով այն, որ նիստին ներկա է նրա ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը։ Վերջինս ավելի վաղ հայտնել էր, որ Լյովա Սարգսյանը հետախուզման մեջ է, հետևաբար չի ներկայանալու նիստին։

Բացի այդ, դատարանը թույլատրեց տեսանկարահանել դատական նիստը՝ բացառությամբ պատասխանողների ներկայացուցիչների, որոնք դեմ արտահայտվեցին նիստը լուսա-տեսանկարահանելուն։ Նիստի սկզբում դատարանն անդրադարձավ Լյովա Սարգսյանի ներկայացուցչի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցին։

«Բարձրաձայնվել են արտահայտություններ առ այն, որ դատավոր Կարապետ Բադալյանը իշխանական դիրքն օգտագործելով ծանր հանցագործություն է կատարել, որի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ԱԱԾ։ Ներկայացված հաղորդման տեքստում նշված է, որ դատարանի կողմից ամենաթողություն է դրսևորվել դատարանի կողմից հայցի առարկայի փոփոխություն կատարելը թույլատրելու որոշման մեջ։ Դատարանը գտնում է, որ նշվածում առկա են դատական սանկցիա կիրառելու հիմքեր՝ գործի քննությունը խափանելու, ձգձգելու, իրավունքները չարաշահելու առումով և դատարանի նկատմամբ, նշված արտահայտություններով, անհարգալից վերաբերմունք դրսևորելու մասին»,-նշեց դատավոր Կարապետ Բադալյանը՝ հավելելով, որ եթե Մակինյանը ընդունի իր արարքի հակաիրավական բնույթը և դատարանից ներողություն խնդրի, ապա դատարանը կարող է հարցը սպառված համարել։

Ամրամ Մակինյանը նշեց, որ չի հասկանում, թե ինչու է մեկ նիստ հետո այս հարցը բարձրացվում։ Բացի այդ, փաստաբանը ընդգծեց՝ իր դիրքորոշումը հայտնել է ԱԱԾ-ում ներկայացրած հանցագործության մասին հաղորդմամբ։ Մակինյանը տեղեկացրեց, որ քննիչի կողմից որոշում է կայացվել ներկայացված հաղորդման հիմքով վարույթ չնախաձեռնելու մասին, սակայն նա բողոքարկել է կայացված որոշումը իրավասու դատախազին և գտնում է, որ դատարանն իր վրա ճնշում է գործադրում, փորձ է անում իր վստահորդների իրավունքները սահմանափակել։

«Հարգելի դատարանը իրավունք ունի համաձայն չլինել իմ ներկայացրած գնահատականներին, սակայն ես էլ իրավունք ունեմ պնդել, որ երբ հայցվորի ներկայացուցիչը առերևույթ որպես ապօրինի գույքի բռնագանձման առարկա է դիտարկում x քանակությամբ գույք, այնուհետև, առանց հիմնավորումների, դատարանի թույլտվությամբ փոփոխում է հայցի առարկան, ապա հնարավորություն է ստեղծվում իմ վստահորդների օրինական ծագում ունեցող գույքը վերցնել։ Ես գտնում եմ, որ այդ գործողությունները պարունակում են առերևույթ հանցագործության հատկանիշներ»,-նշեց Մակինյանը՝ հավելելով, որ ինքը չի պատրաստվում ներողություն խնդրել, քանի որ անհարգալից վերաբերմունք չի ցուցաբերել դատարանի նկատմամբ, այլ տվել է իրավական գնահատականներ։ Այդ գնահատականներն էլ հնչեցնելիս եղել է  «բավականին զուսպ»։

Փաստաբանը նշեց, որ դատարանն ընդգծված բացասական վերաբերմունք ունի պատասխանող կողմի նկատմամբ՝ հաշվի առնելով այն, որ այսօր ԶԼՄ-ների կողմից նիստը տեսանկարահանելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը դատարանը չհարգեց։

Դատարանը, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, դատական սանկցիա կիրառեց և «նկատողություն» հայտարարեց Ամրամ Մակինյանին՝ նշելով, որ փաստաբանը չի ընդունել իր արարքի հակաիրավական բնույթը և կրկնել է այն ամենը, ինչ ասել էր նախկինում։ ԶԼՄ-ների կողմից նիստը տեսանկարահանելու վերաբերյալ Մակինյանի դիրքորոշումը դատավոր Բադալյանը գնահատեց որպես «դատարանի կողմից ընդունված դատական ակտը չհարգել, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում»։

Նախորդ դատական նիստի ընթացքում պատասխանող կողմը միջնորդություն էր ներկայացրել գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։  Այսօր Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը ներկայացրեց իր դիրքորոշումը ներկայացված միջնորդության վերաբերյալ։

Նա նշեց, որ վարույթը կասեցնելու դատարանի պարտականությունը ծագում է 2 վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում, այն է՝ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարությունների կարգով այլ գործերի առկայությունով։ Ենոքյանի խոսքով՝ գործի վարույթը կարող է կասեցվել այն դեպքում, երբ անհնար է դատավարական որևէ գործողություն կատարելը։

«Բացի այդ, քանի դեռ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի որևէ դրույթ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից չի կասեցվել, գործում է դրա՝ Սահմանադրությանը համապատասխանելու կանխավարկածը և ներկայացված հայցի քննության կասեցման հիմքեր առկա չեն»,-ասաց դատախազության ներկայացուցիչը՝ հավելելով, որ ներկա փուլում գործի քննության կասեցումը կարող է խոչընդոտել ողջամիտ ժամկետներում հայցադիմումը քննելուն։

Դատարանը որոշեց մերժել պատասխանող կողմի միջնորդությունը, գործի քննությունը չի կասեցվի։ Որոշման հրապարակումից հետո պատասխանողի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը ներկայացրեց գործի քննությունը հետաձգելու մասին միջնորդություն՝ նախորդ միջնորդության հիմնավորումներով՝ ինչ-ինչ փոփոխություններով։

«Խոսքը գնում է գրեթե նույն հիմքերի մասին։ Մենք սա դիտարկում ենք որպես Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի առաջին մասին 11-րդ կետով նշված «այլ հարգելի հանգամանքներ», որոնք անհնար են դարձնում դատարանի կողմից գործի քննությունը։ Հիմքը հնչում է հետևյալ կերպ․ եթե առկա է դատավորի առողջական վիճակի հետ կապված կամ այլ հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում դատարանի կողմից գործի քննությունը, կարծում ենք՝ այս «այլ հարգելի հանգամանքներ» ասվածը վերաբերում է ոչ միայն դատավորին կամ նրա առողջական վիճակին, այլ ցանկացած հարգելի հանգամանքի, որոնք գործի քննությունը անհնար են դարձնում։ Օբյեկտիվորեն հնարավոր չէ օրենսդրական մակարդակով սպառիչ թվարկել գործի վարույթի կասեցման բոլոր հնարավոր հիմքերը։ Կարծում ենք՝ այս հիմքը շարադրվել է այսպես, որպեսզի դատարանը կարողանա իր հայեցողությամբ գնահատել՝ այլ հարգելի հանգամանքներ կան, թե ոչ»,-ասաց Գրիգորյանը։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանն իր դիրքորոշման մեջ նշեց՝ դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ ներկայացված փաստերը չեն կարող վկայել հարգելի հանգամանքների մասին, քանի որ գործի կասեցման վերաբերյալ միջնորդությունը արդեն իսկ մերժվել է։

Վահագն Գրիգորյանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ առաջին միջնորդության հիմքում կասեցման իրավանորմն էր դրված և այս միջնորդության հետ այդ հիմքերը կապ չունեն․ «Այստեղ խոսքը գնում է գործի քննությունը հնարավոր համարելու կամ չհամարելու մասին՝ առանց որևէ կոնկրետ, օրենսդրորեն սահմանված չափանիշների»։

Դատարանը մերժեց նաև պատասխանող կողմի այս միջնորդությունը․ «Նույն փաստակազմը ներկայացնել որպես գործի քննության հետաձգման հարգելի հանգամանք, դատարանը անընդունելի է համար,  միջնորդությունը հիմնավոր չէ»։

Այնուհետև, երրորդ անձ ներգրավելու մասին միջնորդություն ներկայացրեց Տիգրան Ենոքյանը․ «Հայցադիմումով պահանջվում է պատասխանողներից բռնագանձել նաև «Հայբիզնեսբանկ»-ի հաշվերահարներում առկա գումարները, Նարեկ Սարգսյանին տրամադրված փոխառությունից ծագող պահանջի իրավունքը։ Պարզվել է նաև, որ Լյովա Սարգսյանին պատկանող Արամի փողոց 42/2 հասցեում գտնվող անշարժ գույքը հանդիսանում է գրավի առարկա՝ վերոնշյալ բանկում»։

Փաստաբան Վահագն Գրիգորյանը նշեց, որ բովանդակային առումով՝ 3-րդ անձանց ներգրավմանը կողմ են։

«Մենք միջնորդում ենք ոչ թե ծանուցել համապատասխան սուբյեկտներին 3-րդ անձ ներգրավելու իրենց իրավունքի և դրա ներգրավման կարգի վերաբերյալ, այլ խնդրում ենք ներգրավվել համապատասխան սուբյեկտներին որպես պատասխանող կողմում հանդես եկող, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող 3-րդ անձինք»,-միջնորդեց Գրիգորյանը։

Դատարանը բավարարեց պատասխանող կողմի ներկայացրած այս միջնորդությունը։ Դատական նիստը հետաձգվեց, հերթական նախնական դատական նիստը նշանակվեց ապրիլի 6-ին։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել