ԱՄՆ պետդեպի արձագանքը՝ Ադրբեջանի դիվերսիոն հարձակմանը

ԱՄՆ-ն հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդագրություններին և ընդգծում, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդագրություններին, որը հինգ մարդու կյանք խլեց… Ցավակցում ենք վիրավորների և զոհվածների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և վեճերը լուծելու համար ուժի կիրառումը երբեք ընդունելի չէ։ Խաղաղությունը պահպանելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է, իսկ ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները», – ասել է Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցում:

Դիվանագետը նաև նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն տարածաշրջանում է՝ ընդգծելու, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունն է:

«Եվ ինչպես ընդգծել է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին», – հավելել է Նեդ Փրայսը։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը ևս մեկ անգամ շեշտել է Վաշինգտոնի համար կողմերի միջև շարունակական ուղիղ երկխոսության և քննարկման կարևորությունը:

«Մենք երկու երկրների համար էլ գործընկերոջ դեր ենք կատարել՝ նպաստելով եռակողմ հիմունքներով երկխոսությանը արտգործնախարարների միջև, ինչպես նաև բարձրագույն ղեկավարների մակարդակով: Մենք պատրաստ ենք, լինի դա երկկողմ, եռակողմ թե բազմակողմ ձևաչափով, շարունակել որպես գործընկեր հանդես գալ տևական խաղաղությունն ամրապնդելուն ուղղված ջանքերն առաջ մղելու գործում», – ասել է Փրայսը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել