Ովքե՞ր են առաջադրվել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի թեկնածու

Արդարադատության նախարարությունը հունվարի 19-ին տեղեկություն է հրապարակել, որի համաձայն՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի քարտուղարությունը ամփոփել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի մրցույթի համար ներկայացված հայտերը: Մրցույթին մասնակցության համար դիտարկման ենթակա հայտ ներկայացրել են 6 թեկնածուներ՝

  1. Անահիտ Սիմոնյանը,
  2. Արման Զրվանդյանը,
  3. Ռաֆիկ Գրիգորյանը,
  4. Արսեն Սարդարյանը,
  5. Դավիթ Հակոբյանը,
  6.  Հայկ Մարտիրոսյանը։

Iravaban.net-ը ուսումնասիրել է նաև թեկնածուների ինքնակենսագրականները:

Արման Զրվանդյանը փաստաբան է, անցումային արդարադատության միջազգային փորձագետ, այժմ նաև զբաղվում է արցախցիների գույքային իրավունքների պաշտպանությամբ` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում: Փաստաբանների պալատի տվյալների համաձայն՝ զբաղվում է միգրացիոն հարցերով, վարչական ակտերի բողոքարկմամբ, բոլոր տեսակի քրեական գործերով։

 

 

Ռաֆիկ Գրիգորյանը փաստաբան է, իրավաբանական գիտությունների թեկնածու։ 2019 թվականի հուլիսի 19-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 24-ը զբաղեցրել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնը։

2011 թ. մարտի 1-ից մինչև 2013թ. ապրիլի 1-ը՝ «Բրեյվ» ՍՊԸ իրավախորհրդատվական ընկերություննում աշխատել է որպես իրավաբան, 2013 թ. հուլիսի 1-ից՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամում՝ պահանջները քննող մասնագետ-իրավաբան: 2016 թ. սեպտեմբերի 1-ից մինչ օրս՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոնում է դասախոսում։ 2018 թ. մարտի 5-հունիսի 30-ը ՄԱԿ-ի Միացյալ ազգերի Բնակչության հիմնադրամում աշխատել է որպես փորձագետ։

Արսեն Սարդարյանը փաստաբան է։ ՀՀ նախագահի 2016 թվականի հունվարի 29-ի հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Որպես դատավոր պաշտոնավարել է մինչև 2019 թվականի փետրվար ամիսը։

2007-2013թթ. քաղաքացիական իրավունք և հռոմեական մասնավոր իրավունք առարկաներով կարդացել և գործնական աշխատանքներ է վարել Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 01.08.2007-18.11.2010թթ. աշխատել է «Լիկո» արտադրական կոոպերատիվում` որպես գլխավոր իրավախորհրդատու: 18.08.2011-28.06.2013թթ. աշխատել է «Կոնսիգլերի» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ում` որպես փաստաբան:

Փաստաբանների պալատի տվյալների համաձայն՝ զբաղվում է քաղաքացիական գործերով, կորպորատիվ հարաբերություններին առնչվող գործերով, բոլոր տեսակի քրեական գործերով։

Հետաքրքրական է այն, որ մյուս 3 թեկնածուների կենսագրություններում որոշ համընկնումներ կան։

Հայկ Մարտիրոսյանը 2002 թ.ից մինչ օրս ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս է, «Պետության և իրավունքի տեսության և պատմության» ամբիոնի ասիստենտ։ 2017 թ-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կայքէջն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ թեկնածուներից Հայկ Մարտիրոսյանն աշխատում է ՀԿ-ում։ Կայքէջի «Թիմ» բաժնում Մարտիրոսյանը ներկայացված է որպես կազմակերպության իրավական հարցերով փորձագետ։

Նա Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվում է մրցութային խորհրդի կազմում է նաև եղել։ 2021 թվականի խորհրդի հուլիսի 29-ին կայացած նիստի ժամանակ հայտարարել էր, որ դուրս է գալիս կազմից՝ որոշ անհամաձայնություններ ունենալու պատճառով։

Դավիթ Հակոբյանը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից 2020 թվականին առաջադրվել է որպես Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու։

Դավիթ Հակոբյանը նաև նույն կազմակերպության «Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում» ծրագրի համակարգողն է եղել։

 

Անահիտ Սիմոնյանը «Մարդու իրավունքների հետազոտության կենտրոն» ՀԿ-ի նախագահն է։ Նրա և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության համագործակցությունները տարբեր տարիներին տարբեր կերպով է արտահայտվել։ Օրինակ՝ ԹԻՀԿ կայքի 2017 թվականի հրապարակումներից մեկի համաձայն՝   Անահիտ Մինասյանը եղել է Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ, որտեղ անդամ կազմակերպություն է եղել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը։

2023թ․ հունվարի 20-ին տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցության (ՔՀԽ) հիմնական և այլընտրանքային անդամների ընտրությունը: Խմբակցության հիմնական անդամների կազմում է ընդգրկվել Անահիտ Սիմոնյանը, այլընտրանքային անդամների թվում է նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

——————————

Բացի այս, հարկ է նշել նաև, որ ՀՀ վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի որոշմամբ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների կազմում են ընդգրկվել նաև «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ թեկնածու Արթուր Սաքունցը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ թեկնածու Դանիել Իոաննիսյանը։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի գործունեության կարգում կատարված փոփոխությունների համաձայն՝ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների ընտրության հարցում դերակատարում ունենալու՝ հաստատելու կազմը։

Ինչպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, այնպես էլ վերոնշյալ երկու կազմակերպությունները ֆինանսավորվում են մեկ աղբյուրից՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանից (հանրության շրջանում հայտնի է որպես Ջորջ Սորոսի հիմնադրամ), ինչին բազմիցս անդրադարձել ենք։

——————————

Հարկ է նշել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի դեկտեմբերի 29-ի որոշման համաձայն փոփոխություններ ու լրացումներ են կատարվել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի գործունեության կարգում։

Այս որոշմամբ սահմանվել է, որ հանձնաժողովի անդամներն ընտրվում են մրցութային բաց ընթացակարգի միջոցով՝ 1 տարի ժամկետով խորհրդի սահմանած կարգով: Հանձնաժողովի անդամների գործունեության ժամկետը խորհրդի որոշմամբ յուրաքանչյուր անգամ կարող է երկարաձգվել մինչև մեկ տարի ժամկետով, եթե հանձնաժողովի անդամների ընտրության նոր մրցույթ չի հայտարարվում:

Նախկինում՝ ՀՀ վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի 111-Ա որոշմամբ, որով հաստատվել էր Խորհրդի գործունեության կարգը, նշվում էր, որ «Խորհուրդը գործում է մինչև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշում ընդունելու կամ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովի կողմից ընդունվելու օրը»։

Տպավորություն է ստեղծվում, որ խնդիր է դրվել փոխել հանձնաժողովի կազմը։

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների նախորդ կազմում էին՝

  • Անահիտ Մանասյան – Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,
  • Դավիթ Հակոբյանը – Իրավաբանական գիտությունների թեկնածու,
  • Ռաֆիկ Գրիգորյան – Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ,
  • Արտյոմ Գեղամյան – Իրավաբանական գիտությունների թեկնածու,
  • Լուսինե Հակոբյան – Իրավագիտության մագիստրոս (Լոնդոնի Քուին Մերի համալսարան)։

Անահիտ Մանասյանը դուրս եկավ կազմից՝ նշանակվելով Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում։ Արտյոմ Գեղամյանն ու Լուսինե Հակբոյանն այս անգամ չեն առաջադրվել որպես թեկնածու։

Ստացվում է, որ նախորդ կազմից հնարավոր է նոր կազմում հայտնվեն 2 թեկնածու՝ Ռաֆիկ Գրիգորյանը և Դավիթ Հակոբյանը․ վերջինիս փոխկապակցվածության մասին արդեն նշվեց։

Գլխավոր լուսանակարում՝ ձախից աջ՝ Անահիտ Սիմոնյանը, Հայկ Մարտիրոսյանը, Դավիթ Հակոբյանը, Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը

Թեմայի վերաբերյալ կարդացեք նաև՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի գործունեության կարգում փոփոխություններ են կատարվել․ առկա է ոչ իրավաչափ որոշում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել