Սահմանադրական բարեփոխումների խորհրդի գործունեության կարգում փոփոխություններ են կատարվել․ առկա է ոչ իրավաչափ որոշում

Արդարադատության նախարարությունը հունվարի 19-ին տեղեկություն է հրապարակել, որի համաձայն՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի քարտուղարությունը ամփոփել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի մրցույթի համար ներկայացված հայտերը: Մրցույթին մասնակցության համար դիտարկման ենթակա հայտ ներկայացրել են 6 թեկնածուներ՝ Անահիտ Սիմոնյանը, Արման Զրվանդյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Արսեն Սարդարյանը, Դավիթ Հակոբյանը,  Հայկ Մարտիրոսյանը։

Հարկ է նշել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի դեկտեմբերի 29-ի որոշման համաձայն փոփոխություններ ու լրացումներ են կատարվել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի գործունեության կարգում։

Նշենք, որ որոշման համաձայն՝ սահմանվում են սահմանադրական բարեփոխումների խորհրդի խնդիրները, գործառույթները, աշխատանքների կազմակերպման, իրականացման և որոշումների ընդունման կարգը, ինչպես նաև խորհրդի և սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ հարաբերություններ:

Փոփոխության համաձայն սահմանվել է, որ Խորհուրդը`

1) հաստատում է խորհրդի նիստերի օրակարգը.

1.1) հաստատում է հանձնաժողովի անհատական կազմը.

1.2) ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել հանձնաժողովի գործունեությունը» և այլն։

Վարչապետի որոշման համաձայն սահմանվել է նաև, որ «Հանձնաժողովը կազմված է առավելագույնը հինգ անդամից, հանձնաժողովի կազմում ընդգրկվում են իրավաբանական գիտությունների դոկտորի, իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան կամ օտարերկրյա պետությունում իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան և իրավունքի ոլորտում առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող իրավաբաններ: Խորհրդի որոշմամբ հանձնաժողովի անդամներից երկուսը կարող են հանդիսանալ խորհրդի սահմանած չափանիշները բավարարող այլ ոլորտի մասնագետներ:

Հանձնաժողովի անդամներն ընտրվում են մրցութային բաց ընթացակարգի միջոցով՝ 1 տարի ժամկետով խորհրդի սահմանած կարգով: Հանձնաժողովի անդամների գործունեության ժամկետը խորհրդի որոշմամբ յուրաքանչյուր անգամ կարող է երկարաձգվել մինչև մեկ տարի ժամկետով, եթե հանձնաժողովի անդամների ընտրության նոր մրցույթ չի հայտարարվում»:

Կարգի 31-րդ կետից հանվել է այն հատվածը, ըստ որի «Հանձնաժողովի անդամների թեկնածուներն ընտրվում են խորհրդի կողմից՝ խորհրդի նիստին ներկա խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդով: Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից»։

Սահմանվել է նաև, որ հանձնաժողովն իր կազմից ձայների պարզ մեծամասնությամբ ընտրում է հանձնաժողովի նախագահ: Եթե հանձնաժողովի նախագահ ընտրելու անհրաժեշտությունը ծագելուց հետո նախագահ չի ընտրվում, ապա հանձնաժողովի նախագահը նշանակվում է խորհրդի կողմից՝ խորհրդի նիստին ներկա անդամների ընդհանուր ձայների պարզ մեծամասնությամբ։

Նախորդիվ՝ ՀՀ վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի 111-Ա որոշմամբ, որով հաստատվել էր Խորհրդի գործունեության կարգը, նշվում էր, որ «Խորհուրդը գործում է մինչև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշում ընդունելու կամ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովի կողմից ընդունվելու օրը»։

Նույն կարգի 30-րդ կետի համաձայն սահմանված էր, որ «Հանձնաժողովի անդամներն ընտրվում են մրցութային բաց ընթացակարգի միջոցով՝ խորհրդի գործունեության ողջ ժամանակահատվածի համար»։

Ստացվում է, որ առանց հիմնավոր պատճառի փոփոխություն է կատարվել այս կարգում և ժամկետ նշվել հանձնաժողովի գործունեության համար։

Այս փոփոխությունը նախորդ կազմի համար կարող է համարվել որպես վատթարացնող իրավական ակտ։

Սահմանադրության 42-րդ հոդվածով սահմանված է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտեր հետադարձ ուժ չունեն: Հետևաբար իրավաչափ չէր նման որոշման ընդունումը՝ հանձնաժողովի անդամների պաշտոնավարման համար փոխելով նախապես որոշված ժամկետները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել