Աքար. «Հույս ունենք՝ Հայաստանն անպատասխան չի թողնի Թուրքիայի և Ադրբեջանի խաղաղության ձեռքը»

Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կամ սադրանք, անկախ դրա աղբյուրից, կճանաչվի որպես ընդհանուր մարտահրավեր եղբայրական երկրների ճանապարհին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Եղբայրական բռունցք» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասնակիցներին դիմելով, փոխանցում է Anadolu-ն։

Նրա խոսքով, Անկարան և Բաքուն «ընդհանուր են համարում և՛ բարեկամներին, և՛ թշնամիներին»։ Սրանում թող ոչ ոք չկասկածի, ընդգծել է Ադրբեջանում գտնվող թուրք նախարարը՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և զինված ուժերի հրամանատարների ուղեկցությամբ։

Զորավարժություններին հետևել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Հուլուսի Աքարը նշել է, որ ողջ աշխարհն այսօր ապրում է անկայունության, ռիսկերի ու սպառնալիքների շրջան։

Հուլուսի Աքարն Ադրբեջանը Թուրքիայի համար հարազատ և եղբայրական երկիր է անվանել։ Թուրք նախարարը հորդորել է փակել տարածաշրջանում առկա հակասությունների ու ատելության էջը և սկսել կառուցել ընդհանուր ապագա՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի հարգման վրա։

«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Հայաստանն անպատասխան չի թողնի Թուրքիայի և Ադրբեջանի խաղաղության ձեռքը»,- ընդգծել է նա։

Հուլուսի Աքարն իր ելույթը եզրափակել է «Կեցցե Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրությունը» խոսքերով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել