Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի (ՌՄԿ) ներկայացուցիչներն արձագանքել են Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը՝ խաղաղապահների տեղեկատվական ամփոփագրում օգտագործված Մագավուզ տեղանվան շուրջ վրդովմունքի վերաբերյալ։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը ուսումնական և մարտական առաջադրանքներ կատարելիս օգտագործում են ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից հաստատված տեղագրական քարտեզներով սահմանված տեղանուններ:
Մագավուզ բնակավայրի անվանման վերաբերյալ Բաքվի քննադատությունը զարմանալի է, քանի որ ավելի վաղ և բազմիցս Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրերում օգտագործվել են նաև այլ ոչ ադրբեջանական տեղանուններ: Սակայն դա տեղեկատվական հարթակում պահանջների չի հանգեցրել։ Ավելին, շարասյուների շարժման երթուղին համակարգելիս և ռուս խաղաղապահների հետ փոխգործակցություն կազմակերպելիս ադրբեջանական կողմն օգտագործում է նաև այդ տեղանունները։
Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը կարգավորվում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ և ուղղված է հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկմանը և բազմիցս տարբեր հանդիպումների ժամանակ Ադրբեջանի պաշտոնյաների կողմից արժանացել է բարձր գնահատականի՝ դրանց արդյունավետության համար։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրերում հրապարակված հրադադարի ռեժիմի խախտումները արձանագրվում են խաղաղապահների դիտակետերում՝ օգտագործելով օբյեկտիվ հսկողության տեխնիկա, որը թույլ է տալիս դիտորդություն իրականացնել օրվա ցանկացած ժամի:
Վատ չէր լինի, որ ԱՀ ՊՆ-ն նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, այլ նրա հետ սերտ համագործակցությամբ, այդ թվում՝ տեղում, շարունակի աշխատանքը՝ պահպանելու խաղաղությունը տարածաշրջանում»,-նշվել է հայտարարության մեջ։