Հանրապետության 38 հասցեում է գտնվում քանդակագործ Բենիկ Պետրոսյանի ընտանիքին պատկանող տունը։ Նրա այրին՝ Ալիսա Ադամյանը, ով մասնագիտությամբ ջութակահար է, այժմ զբաղվում է Բենիկ Պետրոսյանի ստեղծագործական ժառանգության պահպանմամբ։
Նրա խոսքով՝ 2002 թվականին են ձեռք բերել տարածքը, աշխատում են ընտանիքով, ցուցադրություններ կազմակերպում այդտեղ․ հիմնական նպատակն է՝ ունենալ Բենիկ Պետրոսյանի թանգարանը։
«Իմ ընտանիքը բաղկացած է ստեղծագործ անդամներից։ Երեխաներս ականավոր ստեղծագործողներն են, իրենք էլ պետք է ունենան իրենց ստեղծագործական տարածքները։ Սակայն, 2003 թվականին այս տարածքը հայտնվեց իրացման գոտում ու եղավ գերակա շահ։ 20 տարվա ընթացքում հնարավորություն չենք ունեցել մեր ծրագրերն իրականացնել»,-մանրամասնում է Ալիսա Ադամյանը։
Ընտանիքն այժմ սեփական միջոցներով է իրականացնում ստեղծագործությունների պահպանումը, ինչը բավական բարդ աշխատանք է, քանի որ քանդակները տարբեր նյութերից են պատրաստված և ունեն հատուկ պահպանման, խնամքի կարիք։
Բենիկ Պետրոսյանի ընտանիքի անդամները ցանկանում են, որ հայ քանդակագործի աշխատանքները հանգրվանեն իր անունը կրող թանգարանում, սակայն «արվեստը պետության գերակա շահ» է ճանաչվել։
Ալիսա Ադամյանի որդիներն են դաշնակահար, ջազային երաժիշտ, «Կատուներ» ավանգարդ-ջազ-ռոքային խմբի ղեկավար, «Armenian Navy Band» խմբի մասնակից Վահագն Հայրապետյանը, քանդակագործ Արեգ Պետրոսյանը, դուստրը՝ նկարիչ-ձևավորող Արև Պետրոսյանը։



Լուսանկարներում՝ Արև Պետրոսյանը, Ալիսա Ադամյանը, Արեգ Պետրոսյանը, Վահագն Հայրապետյանը
Մանրամասները՝ տեսանյութում