Փարիզում ապրուստի թանկացման դեմ զանգվածային ցույցի ժամանակ մի խումբ ագրեսիվ տրամադրված ցուցարարների և երթը ուղեկցող ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցելհետ։ Ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նախօրեին երթի կազմակերպիչներից մեկի՝ «Անհնազանդ Ֆրանսիա» քաղաքական շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելենշոնը Ouest-France-ին ասել էր, որ դատապարտում է բռնության դրվագները, որոնք խուլիգանները կարող են հրահրել ցույցի ժամանակ։ Նրա խոսքով, իրադարձությունների նման զարգացումը «կարող է շահավետ լինել միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համար», բայց ոչ ցուցարարների համար։
Երթի մասնակիցները բղավում են գնաճի և էներգետիկ ճգնաժամի պայմաններում կառավարության գործողությունները քննադատող կարգախոսներ, ինչպես նաև պահանջում են սառեցնել էլեկտրաէներգիայի և գազի գները, բարձրացնել սոցիալական նպաստների նվազագույն չափը, չբարձրացնել կենսաթոշակային տարիքը և բարձրացնել նվազագույն կենսաթոշակը։
Մելենշոնը Twitter-ում գրել է, որ ցույցին մասնակցում է 140 հազար մարդ։ Միաժամանակ երկրի ՆԳՆ-ն կանխատեսել էր մոտ 30 հազար մարդու մասնակցություն։ Հանրահավաքը կազմակերպած ձախ քաղաքական կուսակցությունների ակտիվիստներից ու համակիրներից բացի, ցույցի մասնակիցների թվում կան նաև արհմիությունների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։