Ուկրաինան դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումը էներգետիկ օբյեկտների վրա ռուսական հրթիռային հարձակումների պատճառով։ Այս մասին ասվում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության հայտարարության մեջ։
«Ռուսաստանը շարունակում է էներգետիկ տեռոր իրականացնել Ուկրաինայի դեմ, ինչպես նաև մեծացնում է էներգետիկ ճնշումը Եվրամիության վրա։
Ուկրաինական էլեկտրաէներգիան, որը մենք արտահանեցինք ԵՄ սինխրոնիզացիայից հետո, ինչպես նաև առանձին գծեր դեպի Մոլդովա և Լեհաստան, օգնեց Եվրոպային փոխարինել ռուսական գազը և աջակցեց եվրոպական էներգետիկ համակարգի կայունությանը։
Նույնիսկ ավելի քան 7 ամիս ռուսական օկուպացիայի տակ գտնվող Զապորոժիեի ատոմակայանի աշխատանքի դադարեցումից հետո Ուկրաինան կատարեց իր պարտավորությունները եվրոպացի գործընկերների հանդեպ էլեկտրաէներգիայի արտահանման հարցում։
Բայց այսօրվա հրթիռային հարձակումները, որոնք հարվածել են ջերմային արտադրության և էլեկտրական ենթակայաններին, ստիպում են Ուկրաինային դադարեցնել էլեկտրաէներգիայի արտահանումը 2022 թվականի հոկտեմբերի 11-ից՝ սեփական էներգահամակարգը կայունացնելու համար»,- պարզաբանել է էներգետիկայի նախարարությունը։