Քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածով սահմանված են անօրինական միգրացիայի կազմակերպելու համար նախատեսված պատիժները։
Iravaban.net-ը հայտնում է, որ հոդվածի համաձայն՝
1. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի մուտքը Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունում նրա գտնվելը կամ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցումը (տեղափոխումը) շահադիտական նպատակով կազմակերպելը, որը կատարվել է մուտքի, գտնվելու կամ տարանցման համար օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելով, կամ մուտքի, գտնվելու կամ տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթուղթ կամ կեղծ տեղեկություն ներկայացնելով՝
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով:
2. Անձի՝ Հայաստանի Հանրապետությունից ելքը, օտարերկրյա պետություն մուտքը կամ օտարերկրյա պետությունում գտնվելը շահադիտական նպատակով կազմակերպելը, որը կատարվել է ելքի, մուտքի կամ գտնվելու համար օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելով, կամ ելքի, մուտքի կամ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթուղթ կամ կեղծ տեղեկություն ներկայացնելով՝
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) մարդու կյանքի կամ առողջության համար վտանգավոր կամ անձի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող պայմաններում կամ
3) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով: