Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանը ծառայում էր օկուպացված Հադրութի շրջանում։
Նա բանակ էր զորակոչվել 2020 թվականի ամռանը։ 2 ամսվա զինծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը։ Աբգարը ուսումնական գումարտակի դիպուկահարների դասակում էր ընդգրկվել։
2020 թվականին ընդունվել էր Հայաստանի Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Ծնողները պատմում են, որ Աբգարի երազանքն է եղել իր երկրի շահերը պաշտպանել միջազգային հարթակներում։ Ասել էր՝ խոսքի դար է, պետք է խոսքով առաջ գնալ, ոչ թե կռվով, պատերազմով, այլ՝ բանակցելով։
«Երբ փոքր էր ես իր համար «Սասնա ծռեր»-ն էի կարդում, կլանված լսում էր։ Իրեն համեմատում էր հերոսների հետ։ Ասում էր՝ Մհերը յոթ տարեկանում առյուծին ճղեց, ես հինգ եմ, բայց դեռ ոչինչ չեմ արել, ինչի՞ եմ հետ ընկնում։ Միշտ հեռուն մտածող ինչ-որ բաներ էր ասում»,-պատմում է մայրը՝ Նաիրա Նազարյանը։
Նա նշում է, որ որդու ռազմագիտության ուսուցիչը պատմել է, որ Աբգարն ասել է՝ հայերն ունեցել են երեք կարևոր ճակատամարտ՝ Հայկի և Բելի, Ավարայրի և Սարդարապատի ճակատամարտերը։
«Ինձ շատ էր խորհուրդներ տալիս և միշտ ինձ պաշտպանում էր։ Աբգարը բռնկուն բնավորություն ուներ, բայց ոչ իմ դեպքում»,-պատմում է հորաքրոջ աղջիկը Լիրա Խաչատրյանը։
Աբգարը ընտանիքի անդամների հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 26-ին։ Պատմել է, որ կարողացել է խոցել բոլոր պայմանական թիրախները։
«Հետո մի շակալ է անցել, հրամանատարն ասել է, որ շակալին էլ խփի, Աբգարն առարկել է, ասել է՝ վերջին փամփուշտը կպահեմ ավելի հեռու թիրախ խոցելու համար»,-պատմում է մայրը։
Ավագ եղբայրը՝ Արմենակ Նազարյանը նշում է, որ եղբայրը փոքրաթիվ զինվորների հետ կարողացել է թշնամու հարձակումը հետ մղել և մինչև վերջ մնացել է իրեն վստահված դիրքում։
Մի երազանք, ցանկություն է ունեցել Աբգարը, իր հայրենի գյուղի՝ Կիրանցի ավերված եկեղեցին տեսնել կանգուն։ Ընտանիքը քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, որ կատարվի Աբգարի երազանքը։
«Երբ իմացա, որ Աբգարը զոհվել է, առաջինը, որ մտքիս եկավ, չգիտեմ՝ ինչու, այն էր, որ պետք է իրագործվի եկեղեցու նորոգումը»,-պատմում է հայրը՝ Գեղամ Նազարյանը։
Աբգար Գեղամի Նազարյանը ծնվել է 2002 թվականին փետրվարի 4-ին։ Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։