Ինչպես արդեն հայտնել էինք, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ահազանգել, որ իր կաթված ստացած պաշտպանյալին՝ Արմեն Կիրակոսյանին, «Էրեբունի» հիվանդանոցից երեկ՝ հունիսի 17-ին, տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։
Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալն անշարժ վիճակում է, գամված է անկողնուն և չի կարողանում ինքնուրույն հոգալ բնական կարիքները։
Iravaban.net-ի հետ զրույցում այսօր՝ հունիսի 18-ին, փաստաբանը հայտնեց, որ Արմեն Կիրակոսյանի վիճակը շարունակել է վատ լինել։
«Քանի որ նրա վիճակը շատ վատ էր, այնտեղից տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-նշեց նա։
Լիպարիտ Սիմոնյանի խոսքով՝ Կիրակոսյանը կաթված է ստացել մայիսի 31-ին, որից հետո նրան կալանավայրից, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։
Նշենք, որ Արմեն Կիրակոսյանը կալանավորվել է գողություն կատարելու մեղադրանքով, նա 44 տարեկան է։