Ալկոհոլային թունավորման հետևանքով մահացած 10 անձանցից և ոչ մեկի իրավահաջորդը բողոք չի ներկայացրել․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում

2020 թվականի ալկոհոլից զանգվածային թունավորման դեպքը դեռ քննվում է Քննչական կոմիտեում։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ 2020թ․ օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ահազանգ էր ստացվել, որ թունավորման կասկածով` «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ, Արմավիրի բժշկական կենտրոն է ընդունվել 10 անձ։ Ավելի ուշ՝ սեպտեմբերի 9-ին, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ալկոհոլային թունավորման արդյունքում տուժել էր 27 անձ, որոնցից 10-ը մահացել էր: Քրեական գործով նշված 27 անձինք ճանաչվել էին տուժող, 2 անձ կուրացել էր։

Iravaban.net-ի գրավոր հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից մանրամասներ են հայտնել քրեական գործի վերաբերյալ:

Գործով 3 մեղադրյալներից և ոչ մեկը այս պահին կալանավորված չէ։ Մեկը Աշոտ Հովսեփյանն է, ումից գնվել է ալկոհոլը, մյուս 2-ի անունը չի հայտնվում՝ քննության շահերից ելնելով։

Նշվում է, որ տուժողի իրավահաջորդները (10 մահացածների հարազատները) 3 մեղադրյալներից և ոչ մեկի դեմ բողոք չեն ներկայացրել։ Այնուամենայնիվ, ՔԿ-ն ընդգծում է, որ քրեական գործով կատարված հանցավոր արարքները հանդիսանում են հանրային հետապնդման գործեր և տուժողների կամ տուժողի իրավահաջորդների բողոքի առկայության կամ բացակայության հանգամանքը որևէ կերպ չի կարող ազդել դատավարական որոշումների կայացման վրա։

Հարցին՝ ինչու քրեական գործը դեռ դատարան չի ուղարկվել, Քննչական կոմիտեից պատասխանել են․ «Քրեական գործով նշանակվել է դատանյութագիտական և դատասննդային համալիր փորձաքննություն և տրամադրվել է թվով 29 փաթեթներում գտնվող առգրավված, խուզարկությամբ և դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված սպիրտանման հեղուկներ։ Նշված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել, առանց որի հնարավոր չէ լուծել քրեական գործի ընթացքը»։

Աշոտ Հովսեփյանը կալանավորված է մնացել մինչև 2020-ի դեկտեմբերի 17-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել