Լյարդի լեղածորանների ուռուցքի բացառիկ վիրահատություն է կատարվել Հայաստանում․ Խաչատուր Բադալյանը վիրահատել է շուրջ 9 ժամ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում օրերս լյարդի լեղածորանների բարդ վիրահատություն է կատարվել Առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական հիվանդություններ և ժամանակակից վիրաբուժական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, «Իզմիրլյան» ԲԿ վիրաբույժ, օնկոլոգ, բ․գ․դ․, պրոֆեսոր Խաչատուր Բադալյանի գլխավորությամբ։

60-ամյա պացիենտը (տղամարդ) ներլյարդային լեղածորանների ուռուցք է ունեցել, ինչը շատ հաճախ չի հանդիպում։ Խաչատուր Բադալյանը նշում է, որ մեծ բարդություն է առաջանում, քանի որ երբ լեղածորանները փակվում են ու դեղնություն են առաջացնում, դեղնուկ՝ դառնալով մահվան պատճառ։

«Ամենացավալին այն է, որ լյարդի դրունքի անոթները, զարկերակ, երակ ու լեղածորանը շատ մոտ են գտնվում ու ուռուցքը շատ շուտ ներաճում է անոթների վրա ու բժշկի համար դառնում է տեխնիկապես դժվար իրականացվող վիրահատություն։

Հայաստանում չեն արել նման վիրահատություն, ու երբ ես տեղափոխվել էի այստեղ ու սկսեցի զբաղվել հիվանդներով, արդեն որերորդ դեպքն է լեղածորանների ուռուցքներով տարբեր բարդությունների հանդիպել եմ, դեղնությունն անցնելուց հետո դրենաժներով խնդիրը լուծել ենք, վիրահատել, հեռացրել ուռուցքը, ունենք բավականին լավ արդյունքներ։

Հազվադեպ է եղել, որ վիրահատության գնանք ու չստացվի ինչ-որ բան անել, երբ փորը բացում են, ասում՝ հնարավոր չէ ու հետ են փակում։ Սա շատ կարևոր է․ խումբը նախօրոք հետազոտություններն անում է, հայտնաբերում նրբությունները, առանձնահատկությունները, որոնք շատ կարևոր են վիրահատությունն իրականացնելու համար»,-նշում է բժիշկը։

Նրա խոսքով՝ վիրահատությունից առաջ ոչ լիարժեք ուսումնասիրություն չանելու պատճառով նման վիրահատությունները քիչ են արվել, ցավոք, մարդիկ մահացել են։

«Այս դեպքում հնարավոր եղավ վիրահատել, որովհետև նախօրոք մեր դիագնոստիկ խմբի, քննարկման արդյունքում հայտնաբերեցինք բոլոր առանձնահատկությունները։ Ցավալին այն է, որ այլ տեղ դիմել էր պացիենտը, նայել էին, ասել՝ հնարավոր չէ ոչինչ անել, ասել են՝ Հայաստանում վիրահատել հնարավոր չէ, վիրահատող չկա։ Ու սա առաջին դեպքը չէ։ Մարդիկ էլ անհույս են մնում»,-ասաց Խաչատուր Բադալյանը։

Սա պրոֆեսորի նմանատիպ առաջին վիրահատությունը չի եղել, սակայն արված նախորդ վիրահատություններից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ու յուրահատկությունն է ունեցել։

Պրոֆեսորը նշում է՝ կարևոր է,  որ վիրահատության արդյունքում լեղածորաններից մի քանի ճյուղ մնան, լեղու հոսքն ապահովեն ու պացիենտը չմնա դրենաժների հույսին։

«Վիրահատությունը տևել է մոտ 9 ժամ։ Խնդիրն այն է, որ արտասահմանյան կլինիկաների նման մեզ մոտ էլ հնարավորություն չկա, որ մասնագետին փոխարինող այլ մասնագետ լինի, նման փորձ չկա ու չունենալով այդ հնարավորությունը՝ բժիշկն ինքը պետք է առողջություն ունենա, ողջ պատասխանատվությունն իր վրա վերցնելու, երկար վիրահատությանը դիմանալու ու ավարտին հասցնելու համար»,-նշում է պրոֆեսորն ու հավելում, որ պետք է նման բազա ստեղծել։

Խաչատուր Բադալյանը նշում է, որ վիրահատության ընթացքում պացիենտը կորցրել է մոտ 150 գրամ, արյուն ինչը դրական է գնահատվում, քանի որ եթե արյան կորուստը քիչ է լինում, հետվիրահատական շրջանն էլ հիվանդը ավելի հեշտ է տանում, վերականգնվում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել