Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ են կատարվել, որոնք ուժի մեջ են մտնում ապրիլի 10-ից։
Իրավաբան.net-ը հայտնում է, որ օրենսգրքի 158-րդ հոդվածը, որով սահմանված են առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողի, կենցաղային ծառայության օբյեկտի կատարողի, շրջիկ առևտրի կետերում վաճառքի կազմակերպչի կամ ծառայություն մատուցողի կամ շրջածախ առևտրի միջոցով վաճառքի կազմակերպչի, առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելու համար նախատեսված տուգանքները, լրացվել է 45-րդ և 46-րդ մասերով։
Մասնավորապես, սահմանվել է, որ․
200 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կաթնամթերք (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) և «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» ընթեռնելի և տեղադրված տեսանելի վայրում հատուկ տեսակի նշումով չապահովելը`առաջացնում է նախազգուշացում:
Նույն խախտումը մեկ տարվա ընթացքում նախազգուշացումից հետո կրկին կատարելը կամ խախտումը վերացնելու մասին տրված հանձնարարականի կամ կարգադրագրի պահանջը սահմանված ժամկետում չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` 30․000 դրամի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար։