Ինչ պատասխանատվություն ունեն ժառանգները

Քաղաքացիական օրենսգրքով սահմանված են ժառանգության վերաբերյալ ընդհանուր դրույթները։ Օրենսգրքի 1185-րդ հոդվածի համաձայն՝ ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի:

Ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:

Սահմանված է նաև, թե ինչ կարող է համարվել ժառանգության զանգված, ըստ որի՝

1. Ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:

2. Ժառանգության զանգվածի մեջ չեն մտնում ժառանգատուի անձի հետ անխզելիորեն կապված իրավունքները և պարտականությունները, մասնավորապես`

  1. ալիմենտային պարտավորություններով իրավունքները և պարտականությունները.
  2. քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավունքը.
  3. անձնական ոչ գույքային իրավունքները և այլ ոչ նյութական բարիքները.
  4. այն իրավունքներն ու պարտականությունները, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում սույն օրենսգրքով և այլ օրենքներով:

Իրավաբան.net-ը հայտնում է, որ օրենքով սահմանված է նաև ժառանգների պատասխանատվության տեսակները։ 

Ժառանգները, ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո, իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են Քաղաքացիական օրենսգրքի 1242 հոդվածում նշված ծախսերը:

Ինչպես անմիջապես ժառանգության բացման, այնպես էլ ժառանգության ընդունման իրավունքի փոխանցման արդյունքում ժառանգություն ստացած ժառանգը պատասխանատվություն է կրում այդ երկու հիմքերով ստացված գույքի արժեքի սահմաններում:

Իրենց անցած ժառանգության արժեքի սահմաններում ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն:

1242-րդ հոդվածի համաձայն՝ ժառանգության հետ կապված ծախսերը հատուցվում են հետևյալ հերթականությամբ`

  • առաջին հերթին հատուցվում են մինչև ժառանգատուի մահը նրա հիվանդության հետևանքով առաջացած և ժառանգատուի պատշաճ հուղարկավորության համար անհրաժեշտ ծախսերը,
  • երկրորդ հերթին հատուցվում են ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը պահպանելու և կառավարելու, ինչպես նաև կտակը կատարելու հետ կապված ծախսերը,
  • երրորդ հերթին բավարարվում են ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները,
  • չորրորդ հերթին բավարարվում են պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգների պահանջները,
  • հինգերորդ հերթին հատուցվում են կտակային հանձնարարությունը կատարելու հետ կապված ծախսերը:

Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո: Ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքն անբավարար լինելու դեպքում այն համապատասխան հերթի պարտատերերի միջև բաշխվում է բավարարման ենթակա պահանջների գումարներին համամասնորեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել