Նախորդ տարում Երևանում կատարված սպանության դեպքերի թիվը մտահոգիչ է․ Երևանի դատախազ Սևակ Հովհաննիսյան

Նախորդ տարում Երևանում կատարված սպանության դեպքերի թիվը մտահոգիչ է։ Դրանց ուսումնասիրությունը թույլ է տալիս որոշակի եզրահանգումների գալ։ Այս մասին Իրավաբան.net-ի «Հայաստանի դատախազները» շարքի շրջանակներում անցկացված հարցազրույցում նշել է Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանի հետ՝ մանրամասնելով, թե ինչու են սպանության դեպքերը շատացել և ինչպես կարելի է դրանք կանխել։

-Պարոն Հովհաննիսյան, մինչև Երևանի դատախազ դառնալը Արարատի և Կոտայքի մարզերի դատախազի պաշտոնն եք զբաղեցրել։ Գործերի ծավալը Երևանում, վստահաբար, ավելի մեծ է։ Ինչպիսի՞ն է Ձեր ծանրաբեռնվածությունը այժմ։

-Եթե համեմատենք մարզերի հետ` անհամեմատ ծանրաբեռնված է, թեև թե՛ Կոտայքի, թե՛ Արարատի մարզերը մյուս մարզերի համեմատությամբ դարձյալ ամենածանրաբեռնվածն են: Միայն 2021 թվականին վարույթում մոտ 20 հազար գործ ենք ունեցել Երևան քաղաքի ողջ վարչական շրջաններում: Պայմանավորված Երևանի առանձնահատկություններով՝ շատ մեծ են ծանր և առանձնակի ծանր հանցագործության դեպքերը: Այնուամենայնիվ ծանրաբեռնվածությունից չենք բողոքում: Մեր լիազորություններն իրականացնում ենք ամբողջ ծավալով, և ոնց որ թե՝ ստացվում է:

-Արդյո՞ք բավարար եք համարում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ցուցանիշը։

-Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ցուցանիշները երբեք բավարր համարել չի կարելի, քանի կոռուպցիոն երևույթները շարունակում են գոյություն ունենալ մեր կյանքում: Եթե մենք խոսում ենք ընդհանրապես կոռուպցիոն դեպքերի արձանագրման մասին՝ դրանք միշտ շարունակական բնույթ են կրում: Ինչ վերաբերում է բացահայտման ցուցանիշներին, ապա որպես կանոն կոռուպցիոն հանցագործությունները դասվում են լատենտային հանցագործությունների շարքին և այս դեպքում ևս մենք որոշակի խնդիրներ ունենում ենք առանձին դեպքերում կոռուպցիոն հանցագործության ողջ սխեման բացահատելու տեսանկյունից, քանի որ քրեական գործերի քննության արդյունքում ոչ միշտ է հաջողվում ձեռք բերել այն ծավալի ապացուցողական զանգված, որը հնարավորության կտա ասել, որ տվյալ կոռուպցիոն սխեման բացահայտված է: Այն խնդիրը, որը դրված է իրավապահ մարմինների առջև, դրանք առավելագույնս իրականացվում են:

-Մի քանի անգամ տեղեկություններ են նախկինում հրապարակվել Երևանում պետական կամ համայնքային սեփականության տարբեր տարածքների, օբյեկտիների օտարման ոլորտում չարաշահումների վերաբերյալ: Նման ի՞նչ խնդիրներ կան այսօր Երևան քաղաքի դատախազության տեսադաշտում:

-Բազմաթիվ այդպիսի խնդիրներ կան, որովհետև բացի մեր ամենօրյա ընթացիկ գործունեությունից Երևան քաղաքի դատախազությունը նաև պետական շահերի տեսանկյունից պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում, հատկապես պետական ունեցվածքի, պետական գույքի օտարման և նվիրատվության փոխհարաբերություններում: 2021 թվականին այդպիսի ուսումնասիրություն իրականացրեցինք Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից պետական գույքի տրամադրման գործընթացում՝ այդ իրավահարաբերությունների օրինականության տեսանկյունից, պետք է նշեմ, որ պատկերը մեր ունեցած ընդհանուր պատկերից շատ չէր տարբերվում:

Հիմնական խնդիրը պետական գույքի, կլինի՝ շենք հող, շինություն, դրանց արժեքի վերաբերյալ է: Նախ՝ կամ չեն գնահատում այդ գույքը, կամ գնահատում են շուկայականից շատ ավելի էժան գներով, կամ գնահատվում է չլիցենզավորված կազմակերպությունների կողմից: Նույնիսկ, եթե գնահատվում է, այդ գույքը վաճառվում է անհամեմատ ավելի էժան գներով, քան դրա շուկայական արժեքն էր:

-Սպանության դեպքերը շատ են եղել նախորդ տարի: Կանխարգելիչ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:

-Իրականում մտահոգիչ է այդ թիվը, եթե 2020 թվականին մենք ունեինք սպանության 11 դեպք, 2021 թվականին ունեցանք 26 դեպք, 15-ով ավել, որը, եթե վերածենք տոկոսի, կստացվի մոտ 130 տոկոսով ավել: Բնականաբար մտահոգիչ է. Երևանի դատախազության կողմից յուրաքանչյուր այդպիսի սպանության դեպքով քննության առարկա է դարձել այս հանցագործությունը ծնող պատճառների և պայմանների հարցը: Ամողջ 2021 թվականին ուսումնասիրվել է սպանությունների, սպանության փորձերի և առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքերի ծնող պատճառները և պայմանները:

Նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ, որ դրանց մեջ ճնշող մեծամասնությունը հիմնականում պայմանավորված է եղել նախկինում իրար հետ ունեցած լարված հարաբերություններով, իրար հետ հաշիվներ մաքրելու գործընթացով, որոշակի չափաբաժին ունեն վրեժի, խանդի շարժառիթներով կատարված սպանությունները: Մենք ունեցել ենք դեպքեր, որ այդպիսի սպանությունները կատարվել են հոգեկան հիվանդ անձանց կողմից, որոնք քննության ընթացքում ճանաչվել են անմեղսունակ:

Սպանությունների դեպքերն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ այդ անձը մարդկային կյանքում այն արժեքները, որոնք սովորական վարքագիծ կրող քաղաքացու մոտ որոշակի մակարդակի վրա են, նշված սյուբեկտների մոտ դրանք ուղղակի զրոյական մակարդակում են գտնվում:

-Պարոն Հովհաննիսյան, պարբերաբար տարբեր խնդիրների կապակցությամբ միջնորդագրեր եք հասցեագրում տարբեր պատկան մարմինների: Հիմնականում ինչպիսի՞ հանցավոր դրսևորումների պատճառների վերացմանն են դրանք ուղղված Երևանի պարագայում և որքանո՞վ են դրանք արդյունք տալիս:

-Միջնորդագրեր ներկայացնելու գործընթացը դատախազության ամենակարևոր գործառույթներից մեկն է, նաև հանցագործության պատճառների վերացման ուղղությամբ: Երբ դատախազն իր գործունեության ընթացքում հայտնաբերում է այս կամ այն հանցագործությունը ծնող պատճառը, դա պետք է տեղափոխվի համապատասխան մարմնի տեսադաշտ, ով օրենսդրությամբ լիազորված է այդ խնդիրը լուծելու և ակնկալի մեկ ամսյա ժամկետում պատասխան, իր բարձրացրած հարցի վերաբերյալ:

Երևանում բազմաթիվ են այդպիսի դեպքերը, միայն 2021 թվականին Երևան քաղաքի դատախազության կողմից 58 այդպիսի միջնորդագրեր են հասցեագրվել տարբեր պետական մարմինների: Իհարկե պետական մարմինները բազմազան են, ես կփորձեմ առանձնացնել մի քանի կարևոր թիրախավորված հանցատեսակների մասով, հատկապես բնակարանային գողությունների մասով:

2018 թվականին Գլխավոր դատախազության կողմից բնակարանային գողությունների դեմ պայքարը հռչակվեց որպես առաջնահերթություն և մշակվեցին մի շարք միջոցներ, որոնք ըստ էության կարող են դրական ազդեցություն ունենալ բնակարանային գողությունների կանխարգելման կապակցությամբ: Ի թիվս այլնի՝ նաև նշվեց, որ Երևան քաղաքում մոտ 12 հազարից ավել բազմաբնակարան շենքերում մենք ունենք շատ անմխիթար պատկեր՝ կոդավորված փականներով դռների կապակցությամբ: Երբ գործընթացը սկսվեց, հատուկենտ էին այդպիսի բազմաբնակարան շենքեր, որոնք կահավորված էին այդպիսի դռներով: 2018 թվականից, երբ սկսվեց գործընթացքը, դատախազների կողմից համապատասխան հետևողական աշխատանք դրսևորելուց, յուրաքանչյուր բնակարանային գողությունից հետո այդ գործով ընթացքը լուծելուց հետո, դատախազների կողմից միջնորդագիր ներկայացնելուց հետո խնդիր է բարձրացվում՝ շենքն ապահովել կոդավորված փականներով դռներով: Արդեն 4700 այդպիսի դռներ տեղադրվել են: Վերջին տարիներին բնակարանային գողության աճ չենք արձանագրում:

Շատ եմ կարևորում հատկապես ճանապարհատրանսպորտային պատահարների մասով մեր միջնորդագրերը, որովհետև Երևան քաղաքում այլևս վաղուց չափազանց մեծ խնդիր են դրանք: Միայն 2021 թվականին մենք ունեցել ենք մոտ 600-ից ավել պատահար, որով վնաս է պատճառվել մարդկանց կյանքին և առողջությանը, դրանցից 64-ը եղել են մահվան ելքով:

-Կա՞ արդյոք համագործակցություն Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջաննների գրասենյակների հետ: Կարծեմ առաջին անգամն էր, որ Երևան քաղաքի դատախազության աշխատանքների ամփոփմանը մասնակցում էր Երևանի քաղաքապետը:     

-Այո, ճիշտ եք նկատել, սա առաջին դեպքն էր, որ Երևանի քաղաքապետը մասնակցում էր Երևան քաղաքի դատախզության աշխատանքների ամփոփմանը, և ես շատ կարևորում եմ այդ հանգամանքը, որովհետև՝ լինելով տեղական ինքակառավարման մարմին, Երևանի քաղաքապետարանը օրենսդրությամբ արդեն բազմաթիվ գործառույթներ ունենալով և այդ լիազրությունների կարգավորիչ գործառույթներ ունենալով՝ էապես կարող է նպաստել այդ աշխատանքներին: Մինչ այդ համագործակցությունը բնականաբար եղել է որոշակի փաստաթղթաշրջանառության կամ վարչական շրջաններում որոշակի կենդանի շփումների առումով: Այնուամենայնիվ այդ համագործակցությունների մակարդակը ես համարում եմ բավարար, որովհետև չի եղել որևէ հարց, որ դատախազության կողմից դա արձանագրվել է որպես խնդիր և փաստաթղթով տեղափոխվել է ՏԻՄ-ի տեսադաշտ և այնտեղից ադեկվատ արձագանք չի եղել: Առնվազն Երևանի քաղաքապետի մասնակցությունն այդ աշխատանքներին ինքնին ենթադրում է համագործակցության նոր մակարդակ, որովհետև այդ ամփոփմանն ընդհանրապես քննարկվում էր Երևան քաղաքում կատարված հանցագործության շարժընթացը, դրանց ծնող պատճառների և պայմանների վերլուծությունը, դրանց դեմ տարվող պայքարը, իրավապահ մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցության շրջանակները և կարծում եմ՝ այդպիսի միջոցառմանը մասնակցելը օգտակար էր հենց Երևանի քաղաքապետի համար:

-Աշխատանքային պրակտիկայում ինչպիսի՞ օրենսդրական բացեր եք նկատել, որոնք կցանկանայիք շտկել։

-Օրենսդրական բացերի տեսանկյունից դրանք պարբերաբար են տեղի ունենում: Չգիտեմ՝ դրանք օրենսդրական բաց կլինեն, թե կարգավորման որոշակի խնդիրներ, որն ավելի լիարժեք հնարավորություն կտար տվյալ իրավակարգավորումը ամբողջությամբ ապահովելու, առնվազն, օրինակ՝ գերեզմանատներում արձանագրված կոռուպցիոն դեպքերի հետ կապված մենք ունենք մի իրավիճակ, որ քաղաքացիների կողմից հողազավթումները և պետության կողմից դրանց համապատասխան չարձագանքելը պետության իրավասու մարմինների կողմից դիտվում է որպես վարչական իրավախախտում: Ինքնին վարչական իրավախախտումը պատասխանատվության տեսակ է, բայց հաշվի առնելով այս պահին մայրաքաղաքում տվյալ հանցատեսակի ընդգրկվածությունը, դրա հանրային նշանակությունը, սոցիալական նշանակությունը ես օրինակ կարծում եմ, որ տվյալ պայմաններում պետք է առաջարկենք, որպեսզի վարչական պատասխանատվության փոխարեն քաղաքացիները ենթարկվեն քրեական պատասխանատվության, որը, կարծում եմ, շատ կարևոր նշանակություն կարող է ունենալ:

-Եղե՞լ են վերջին շրջանում ակնառու դեպքեր, երբ վերականգնվել են դատավարության մասնակիցների խախտված իրավունքներ՝ հենց դատախազության միջամտության արդյունքում:

-Եթե խոսքը վերաբերվում է դատավարական իրավունքների վերականգմանը և առհասարակ իրավունքների վերականգմանը, այդպիսի դեպքեր իհարկե բազմաթիվ են, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ դատախազության գործառույթներն այնպիսին են, որ առնչվում են մարդկանց ազատության և մի շարք այլ հիմնարար իրավունքների հետ, ապա մենք շատ մեծ զգուշավորություն ենք ցուցաբերում յուրաքանչյուր կոնկրետ դեպքում մարդուն ազատությունից զրկելու կամ չզրկելու հարցերում:

Մանրամասները՝ տեսանյութում

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել