Ուկրաինայում պատերազմի պատճառով Լիտվայում արտակարգ դրություն է մտցվում

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկի կապակցությամբ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան երկրում արտակարգ դրություն է հայտարարել, հայտնում է Delfi-ն։

Պաշտպանության պետական ​​խորհրդի նիստից հետո նա ասել է, որ որոշումը կհաստատվի Սեյմի կողմից` արտահերթ նիստում։

Նաուսեդան դիմել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի ժողովրդին՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և վերադառնալ խաղաղությանը։

«Ես ուզում եմ դիմել Ռուսաստանի նախագահին և ռուս ժողովրդին. դեռևս հնարավոր է դադարեցնել այն, ինչ սկսվել է, հնարավոր է վերադառնալ խաղաղության, խուսափել անմեղ մարդկանց մահից»,- ասել է նա։ Լիտվայի ղեկավարի խոսքով՝ սա նվազագույնն է, ինչ կարելի է անել այս պահին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել