Աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձինք աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող այն անձինք են, ովքեր`
-մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների կողմից,
-ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո երեք ամսվա ընթացքում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների կողմից,
-Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ գործատուից ստացել է գրավոր ծանուցում և ծանուցումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է Զբաղվածության պետական գործակալությանտարածքային կենտրոնների կողմից:
Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Իրավաբան.net-ը հայտնում է, որ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, թե որ դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը։ Հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով սահմանված է․
1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու) դեպքում.
2) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում.
3) աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում.
7) աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով).