Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության դատական իշխանության վերաբերյալ գործողությունների մասին Իրավաբան.net-ը զրուցել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի հետ:
Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով նախատեսված էր, դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդում, դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավում և կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական համակարգ։
Խոսելով այն մասին, թե արդյո՞ք ՀՀ-ն այժմ ունի կոռուպցիայից ու հովանավորչությունից զերծ դատական համակարգ՝ Դավիթ Հարությունյանը նշեց․ «Նախ և առաջ նշեմ, որ «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարություն» փաստաթղթի հետ ծանոթ չեմ: Ռազմավարություններից խոսելուց առաջ պետք է նայենք, թե այս պահին ուր ենք հասել, ինչ վիճակում ենք: 2000-ականների վերջում էլ է ռազմավարություն մշակված եղել. 2010-2011թթ. ներդրվել են գործերի մակագրման համակարգչային եղանակ, համարվել է լուրջ ձեռք բերում, իսկ հիմա դատարանի նախագահն է մակագրում: Այս պայմաններում ռազմավարությունից խոսելու համար պետք է նախկինում ունեցած ձեռքբերումները հետ բերենք, հետո նոր զարգացման մասին խոսենք: Այս պայմաններում բուն հարցին չեմ կարող հպարտությամբ բացասական պատասխան տալ»:
Նա նաև նշեց, որ ներկայիս վիճակը չի կարող արդարացված, օբյեկտիվ ու արդյունավետ համարվել։ «Իսկ ծանրաբեռնվածության մասով՝ կոնկրետ Երևանի դատարանի քրեական դատավորների ծանրաբեռնվածությունը, ունակաբար, մեղմվել է որոշակիորեն՝ կապված նոր՝ մինչդատական վարույթների գործեր քննող դատավորների նշանակմամբ»։
Ինչ վերաբերում է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված նախատեսվող փոփոխություններին՝ դատավորը նշեց, որ գործող չափանիշները, պրակտիկան մեղմ ասած գոհացուցիչ չէ ու բնավ չի նպաստում դատական իշխանության անկախությանը:
Անդրադառնալով հանրության շրջանում դատական իշխանության վստահությանը՝ Դավիթ Հարությունյանը նշեց․ «Կարծում եմ, դատական իշխանությունը վայելում է հանրության վստահությունը ոչ պակաս, քան ցանկացած այլ պետական և հատկապես ու մասնավորապես իրավապահ մարմին»: