Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով նախատեսված է Փաստահավաք հանձնաժողովի ստեղծում՝ այդ թվում դրա կազմավորման կարգի և գործունեության մասին օրենքի նախագծի մշակում և ներկայացում Ազգային ժողով 2019-2020 թավականներին` նախապես այն քննարկելով քաղաքացիական հասարակության դերակատարների հետ:
Իրավաբան․net-ը թեմայի շուրջ զրուցել է «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ Գևորգ Մանուկյանի հետ, ով իր կարծիքն է հայտնել կատարված աշխատանքների մասին:
Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ նման հանձնաժողով ձևավորվի:
«Բարձրացված խնդիրը շատերի մոտ հույս արթնացրեց: Հասարակությունը մտածում է, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումները կարող են բացահայտվել, տուժածները հատուցումներ ստանան, իսկ մեղավորները՝ պատժվեն: Իմ հաշվարկներով մոտ 3-ից 4 տասնյակ աղմկահարույց սպանություններ և մահափորձեր են եղել այս 30 տարիների ընթացքում: Օրինակ՝ Ղանդիլյանի, Յոզբաշյանի, հոկտեմբերի 27-ի և այլ դեպքեր: Սրանք միայն հանրությանը հայտնի մարդկանց գործերն են, բայց բազմաթիվ սպանություններ և մարդանց անհետացումներ են եղել, որոնց մասին հասարակության լայն զանգվածը չգիտի»,- ասաց նա:
————
Նշենք, որ Մարիուս Յուզբաշյանը Հայաստանի Պետական անվտանգության ղեկավարն էր այն շրջանում, երբ թափ առավ Արցախյան շարժումը։ Նա սպանվել է 1993 թվականի հունիսի 21-ին Երևանի Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում։ Սպանությունը չի բացահայտվել։
Համբարձում Ղանդիլյանը եղել է ՀՀ երկաթգծի վարչության պետը, ով սպանվել է 1993 թվականին։
————
Անդրադառնալով դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությանը՝ Մանուկյանն ասաց. «Ընդհանրապես մի հանձնաժողովի և նրա գործունեության մասին օրենք ընդունելն անհասկանալի է: Մեր երկրում ամեն մի փոքր դետալ կամ խնդիր օրենքով կարգավորելու միտում կա: Իրավական կարգավորումները չպետք է ամեն մի մանրուքը ձգտեն կարգավորել: Այսինքն՝ երկիրը սկսում է օրենք արտադրել և իրավական համակարգը հսկայական չափով մեծանում է, իսկ դրա կիրառումը անարդյունավետ է դառնում: Հանձնաժողովի ձևավորման համար բավական է, օրինակ՝ կառավարության կամ նախարարության որոշումով, բայց օրենք ընդունելն ավելորդ է»:
Հարցին, թե ինչու՞ մինչ այս պահը Փաստահավաք հանձնաժողովը դեռ չի ձևավորվել, ՀԿ նախագահը պատասխանեց, որ կարելի է միայն ենթադրություններ անել:
«Կարելի է ենթադրել, որ ներկա իշխանությունը բացասական իմաստով ոչնչով չի զիջում նախկիններին, դեռ ավելին՝ որոշ դեպքերում գերազանցում է: Նախ այս իշխանությունն ինքը պետք է սկսի իր թերությունները վերացնել, նոր անցնել մյուսներին:
Այս իշխանությունը եկավ սիրո և հանդուրժողականության կոչերով, բայց այսօր իրենք ամբողջությամբ հատակում են և հենց դրա համար էլ չեն անում: Եթե իրենք ձևավորեն այնպիսի հանձնաժողով, որն ունենա օբյեկտիվություն և անկախություն, ապա այն պետք է առաջին հերթին իրենց կատարած ապօրինություններն ու օրենսդրական դաշտում կատարած խախտումները քննի:
Նույնիսկ նախորդ իշխանությունների ժամանակ ես չեմ հիշում նման բան, որ մի քանի ժամում Ազգային ժողովում հիմնական օրենք փոխեն: Զավեշտալի էր օրինակ այն, որ Սահմանադրական դատարանի դատավորներից ազատվելու համար այնպիսի օրենք ընդունեցին, որ դատավորներն իրենց ցանկությամբ կարող են ժամանակից շուտ թոշակի անցնել և հարկատուի հաշվին ստանալ աշխատավարձի չափով կենսաթոշակ: Սա խայտառակ սև բիծ թողեց այս իշխանության օրենսդրական գործունեության վրա»,- նշեց նա:
Անդրադառնալով հանձնաժողովի գործունեությանը՝ նա ասաց․ «Համաշխարհային պատմության մեջ, օրինակ՝ Խորհրդային միության փլուզումից հետո, Մերձբալթյան երկրներում լուրջ քայլեր արվեցին և նույնիսկ գործակալական ցանցերը մերկացվեցին, որոնք մասնակցել էին ստալինյան բռնություններին: Շատ ցանկալի է, որ նման բան մեզ մոտ էլ լինի: Ցավոք, նման բան հորիզոնում ես դեռ չեմ տեսնում, բայց պետք է տեղի ունեցած ամբողջ ապականությունը բացահայտել»:
Գևորգ Մանուկյանի խոսքով՝ հանձնաժողովի անդամները պետք է լինեն սրբազան մարդիկ:
«Կարևոր է, որ բարձր հեղինակությամբ հոգևորականներ լինեն, չքաղաքականացված և չարատավորված քաղհասարակության անդամներ, պատմաբաններ, գիտնականներ այլ մասնագետներ, բայց չլինեն օրինակ, գրպանային հասարակական կազմակերպություններ: Շատ լուրջ նախապատրաստական աշխատանքներ են պետք․ հանձնաժողովի լիազորությունների սահմանանները, կանոնակարգը և այլն: Ծանրացնել պետք չի, բայց այս ուղղությամբ լուրջ աշխատանք է պետք տանել, որպեսզի արդյունքը դրական լինի:
90-ականներին ստալինյան զոհերի իրավունքների պաշտպանության մասին օրենք ընդունվեց: Այն շատ պարզ, մի քանի հոդվածից բաղկացած օրենք էր, որն առանձնապես որևէ բան չէր տալիս, ուղղակի բռնադատվածներին տեղեկացվում էր, որ իրենք արդարացված են: Այսինքն՝ այն ֆիկտիվ բան էր: Եթե այս հանձնաժողովը ստեղծվի՝ պետք է շատ լուրջ աշխատանք տարվի և տուժողներին պետք է հատուցումներ տրվեն, իսկ մեղավորները պետք է պատժվեն: Այն չպեստք է ֆիկտիվ բնույթ ունենա»,- ասաց Մանուկյանը: