Չգիտեմ, թե ինչ պետք է լինի, որ ստիպի իշխանություններին Փաստահավաք հանձնաժողով ստեղծել․ Հարություն Ալեքսանյան

Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով նախատեսված է Փաստահավաք հանձնաժողովի ստեղծում՝ այդ թվում դրա կազմավորման կարգի և գործունեության մասին օրենքի նախագծի մշակում և ներկայացում Ազգային ժողով 2019-2020 թավականներին` նախապես այն քննարկելով քաղաքացիական հասարակության դերակատարների հետ:

Իրավաբան․net-ը թեմայի շուրջ զրուցել է «Էլեգիա» հասարակական կազմակերպության նախագահ Հարություն Ալեքսանյանի հետ, ով իր կարծիքն է հայտնել կատարված աշխատանքների մասին:

Նրա խոսքով՝ նշված ժամանակահատվածում նման օրենքի նախագիծ կամ նախագծերի փաթեթ կառավարություն չներկայացնելու օբյեկտիվ պատճառը կորոնավիրուսն է և պատերազմը:

«Մասամբ նշված օբյեկտիվ պատճառը կարելի է համարել արդարացում, բայց իմ կարծիքով ընդհանուր առմամբ ռազմավարության նախատեսված բարեփոխումները պետք է օր առաջ իրականացնել, քանի որ խորհրդարանական կառավարման համակարգն իրեն չի արդարացնում: Շատ բան է կախված նրանից, թե այդ բարեփոխումներն ինչպես կանցկացվեն կամ ովքեր կընտրվեն օրինակ՝ հանձնաժողովի անդամներ: Կարծում եմ՝ այստեղ մենք կարող ենք առնչվել քաղհասարակության կարծիքը, մեղմ ասած, չլսելու փաստին և դա ճիշտ չի լինի, որովհետև քաղհասարակությունը, ՀԿ-ները և այլ իրավաբանական միությունները, որոնք արդեն կայացած են այս ոլորտում, պետք է ունենան իրենց վճռորոշ ձայնի իրավունքը և կարողանան այդ բարեփոխումների փաթեթի վրա ունենալ վճռորոշ ազդեցություն:

Դատաիրավական համակարգում երկու կարևոր հանգամանք կա. առաջինը դա դատավորների անկախության ապահովումն է: Եթե հեղափոխության առաջին տարիներին դատական համակարգը այսպես ասած պատվերներ կատարող չէր, ապա այսօր, ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ նախկինում տեղի ունեցած վատ երևույթները այսօր էլ են կատարվում: Դատական համակարգը իր անկախությունը չի ցուցադրում և մեծամասամբ դարձել է իշխանության կամակատարը: Երկրորդը դատավորների ընտրության հարցն է: Եթե այս համակարգը անկախ չեղավ և չկարողացանք ապահովել դատավորների անկախությունը և դատավորների ընտրության չափանիշների կոնկրետացումը, ապա մենք մեծամասամբ տուժելու ենք»,- ասաց Հարություն Ալեքսանյանը։

ՀԿ նախագահի խոսքով՝ Փաստահավաք հանձնաժողով դեռ չի ձևավորվել, որովհետև իշխանություններն ուղղակի չեն ցանկանում այս հարցում լուրջ բարեփոխում իրականացնել:

«Կարծես թե ներկայիս իշխանություններին դուր է եկել նախկին համակարգի ձևած կոստյումը, որը այսօր իրենք հագնում են բոլոր դեպքերում՝ ընտրությունների, դատաիրավական և այլ հարցերի պարագայում: Ինչպես բոլոր համակարգերում, այնպես էլ այս ոլորտում շատ կարևոր է կադրային քաղաքականությունը: Այսօր գրեթե բոլոր համակարգերում իշխանությունը ցույց է տալիս, որ կադրային հարցերում, մեղմ ասած ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է կիրառվում, այսինքն ՝ «ԽԾԲ» (խմբ․- խնամի, ծանոթ, բարեկամ) կամ անձնական նվիրվածության սկզբունքը, որը բացառապես անընդունելի է: Չի կարելի մարդուն պաշտոնի նշանակել միայն նվիրվածության չափանիշով և անտեսել նրա մասնագիտական ու մարդկային հատկանիշները: Կարող եմ միանշանակ ասել, որ կադրային և դատաիրավական հարցերում բացառապես տապալված իրավիճակ է»,- նշեց նա։

Հարություն Ալեքսանյանը հավանական է համարում այն, որ ի վերջո Փաստահավաք հանձնաժողով կստեղծվի:

«Միգուցե պոպուլիլստական նկատառումներից ելնելով այդ հանձնաժողովը ստեղծվի: Չգիտեմ, թե ինչ արդյունավետություն այն կունենա, բայց գուցե ստեղծվի ուղղակի ցույց տալու համար, որ կա այդպիսի հանձնաժողով: Բայց այդ հանձնաժողովի գործունեությունից որևէ լուրջ ակնկալիքներ չունեմ, եթե նունիսկ ստեղծվի:

Անկեղծ ասած չգիտեմ, թե ինչ պետք է լինի, որ ստիպի իշխանություններին այդպիսի հանձնաժողով ստեղծել, քանի որ ընտրություններից հետո նրանց դիրքերն ավելի ամուր են, քան մինչև ընտրություններ էին: Ես հանձնաժողովի լինել-չլինելու հետ մեծ հույսեր չեմ կապում: Դա կախված է նրանից, թե ովքեր կլիներ հանձնաժողովի անդամների կազմում: Կարծում եմ, հանձնաժողովի անդամների մեծամասնությունը իշխանությանը հավատարիմ մարդիկ կլինեն, և ՀԿ-ներից ու ընդդիմությունից մի քանիսին կհրավիրեն, որպեսզի ցույց տան, որ ընդդիմադիրներ ևս կան: Կարծում եմ՝ մեծամասնությունը իշխանությանը հավատարիմ ներկայացուցիչներ կլինեն, որպեսզի ապահովեն համապատասխան եզրակացություն»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել