«Քաղաքական անպատասխանատվություն է՝ ժողովրդին տված խոստումների շրջանակում»․ Մովսես Արիստակեսյանը՝ Փաստահավաք հանձնաժողովի չստեղծման մասին

Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով նախատեսված է Փաստահավաք հանձնաժողովի ստեղծում՝ այդ թվում դրա կազմավորման կարգի և գործունեության մասին օրենքի նախագծի մշակում և ներկայացում Ազգային ժողով 2019-2020 թավականներին` նախապես այն քննարկելով քաղաքացիական հասարակության դերակատարների հետ:

Իրավաբան․net-ը թեմայի շուրջ զրուցել է «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ, կոալիցիայի անցումային արդարադատության հանձնախմբի ղեկավար Մովսես Արիստակեսյանի հետ, ով իր կարծիքն է հայտնել կատարված աշխատանքների, դրանց ընթացքի ու ոլորտում քաղհասարակության կազմակերպությունների դերի մասին:

-Պարոն Արիստակեսյան, ցավոք նշված ժամանակահատվածում նման օրենքի նախագիծ կամ նախագծերի փաթեթ չի ներկայացվել կառավարություն, այնուհետև նաև Ազգային ժողով, հետևաբար կառավարությունը` հանձինս արդարադատության նախարարության չի կատարել ռազմավարությամբ ստանձնած այս կարևոր հանձնառությունը։ Ի՞նչ կասեք այս մասին:

-Փաստորեն օրվա քաղաքական իշխանությունները չեն կարողանում հետևողականորեն կատարել իրենց կառավարության կողմից ընդունած պահանջները: Իմ կարծիքով դա պայմանավորված է մի քանի հանգամանքներով, որոնցից ամենակարևորը քաղաքական շահն է: Պետք է նշեմ, որ անգամ կառավարության այս ծրագրի մեջ, որը ներդրվել է 5 տարվա համար, այդպիսի խումբ ստեղծելու մասին խոսք անգամ չկա: Կարծում եմ՝ պետք է քաղաքացիական հասարակության ճնշումների տակ իշխանությունները փորձեն կատարել ժողովրդի առջև իրենց ստանձնած պարտավորությունները: Չէ որ «թավշյա հեղափոխության» ժամանակ, ինչպես նաև 2018 թվականի օգոստոսին, Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարեց, որ անցումային արդարադատության շրջանակում կլինի վեթինգ և փաստահավաք խմբի ստեղծում: Մենք թե՛ մեր կոալիցիայով, թե՛ առանձին հասարակական կազմակերպություններ ահազանգել ենք, որ այդ խումբը ստեղծվեր: Մեր համագործակցության ձեռքն ենք մեկնել նաև օրենքով նախատեսված փաստաթղթեր ստեղծելու համար, ավելին՝ իմ կողմից ղեկավարած կազմակերպության և հանձնախմբի կողմից ներկայացրել եմ դրամաշնորհային ծրագիր «Եվրասիա» հիմնադրամ, որպեսզի օգնենք կառավարությանը՝ պատրաստելու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, բայց ցավոք, այն դրական ընթացք չստացավ:

Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված է, որ 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման համար Փաստահավաք հանձնաժողովը ձևավորվելու է 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում: Հանձնաժողովը կազմված է լինելու առավելագույնը 20 անդամից, գործողության ժամկետը երկու տարի է՝ հնարավորություն նախատեսելով անհրաժեշտության դեպքում ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով: Նշված ժամանակահատվածում Փաստահավաք հանձնաժողով չի ձևավորվել: Ի՞նչն է պատճառը, ինչու՞ այն չի ձևավորվել, ի՞նչ գնահատական Դուք կտաք։

– Քաղաքական անպատասխանատվություն է` ժողովրդին տված խոստումների շրջանակում, և օրենքների հետևողականորեն չկատարում: Սա է իմ քաղաքական գնահատականը՝ այս հարցի վերաբերյալ: Մենք սպասում էինք, որ մինչև 2020 թվականի մարտը կստեղծվի այդ հանձնաժողովը, բայց ոչ մի քայլ չկատարվեց օրենքի պահանջը կատարելու ուղղությամբ: Մենք նույնիսկ չգիտենք, թե երբ են նախատեսում այդ ուղղությամբ աշխատանք կատարել: Իսկ փաստահավաք այդ հանձնախմբի գործունեությունը շատ կարևոր է, որովհետև շատ մարդիկ կան, որոնք իրենց մոտ կուտակած նյութեր ունեն թիրախ ժամանակաշրջանում կատարված իրավախախտումների վերաբերյալ և կային ականատեսներ, որոնք իրենց հիշողություններով և փաստերով կարող են ներկայացնել կատարված իրավախախտումները: Այս ամենը քաղաքական իշխանություններին կօգներ իրենց տված խոստումը՝ թալանվածը կոպեկ առ կոպեկ բյուջե վերդարձնելու ուղղությամբ, բայց այս ուղղությամբ քաղաքական իշխանությունների կողմից նախաձեռնողականություն չկա:

Ցավոք պետք է ասեմ, որ այդ հանցագործությունների մասին տեղեկատվություն հավաքելու պարագայում անգամ, այսօր իշխանությունների կողմից թույլ են տրվում նմանատիպ բնույթի հանցագործություններ:

Նշեմ նաև, որ օրենքով նախատեսված 2 տարի ժամկետը այդ հանձնաժողովի համար շատ կարճ է: Մենք այս մասով քննադատեցինք, որովհետև հնարավոր չէ 2 տարում 30 տարի կատարվածի մասին փաստեր հավաքել, զեկույց հրապարակել և փոխանցել համապատասխան իրավապահ մարմիններին:

-Ինչպես արդեն նշեցիք, Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով նախատեսված է, որ Փաստահավաք հանձնաժողովը իր աշխատանքների արդյունքում զեկույց պետք է հրապարակի։ Այս զեկույցի ամփոփման հիման վրա կձեռնարկվեն Խախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնմանն ուղղված միջոցառումներ: Խնդրում ենք ներկայացնել Ձեր տեսակետը այս հարցի վերաբերյալ, արդյո՞ք հավանական համարում եք, որ ի վերջո նման հանձնաժողով կստեղծվի, որի գործունեության արդյունքում 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած խախտումներից տուժած անձնանց իրավունքները կվերականգնվեն, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումներ կիրականացվեն:

-Ինչպես ցույց են տալիս քաղաքական ներկա իրադարձությունները, այդպիսի նախաձեռնողականություն ներկա քաղաքական իշխանությունները չունեն: Կարծես թե «թավշյա հեղափոխության» բոցաշունչ խոստումներից հետո գործող քաղաքական իշխանությունների մոտ մարել է այդ հանձնառության կատարման ցանկությունը: Հույս չունեմ, որ այդ փաստահավաք խումը կստեղծվի: Դրա մասին են վկայում դատախազության և քննչական խմբի կողմից հարուցված գործերը, նրանց դանդաղկոտությունը և գործերը քննելու անարդյունավետությունը:

Եթե հանձնաժողով չի ստեղծվել, պարզ է, որ մնացած գործողությունները չեն կատարվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել