Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով նախատեսված է, որ 2020 թվականին պետք է քայլեր ձեռնարկվեին դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդման համար։
Փաստաբան Արթուր Սուքիասյանն Իրավաբան․net-ի հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով նշված ժամանակահատվածում դատական իշխանության ոլորտում որևէ նկատելի փոփոխություն տեղի չի ունեցել։
«Համակարգն ըստ էության նույն վիճակում է, իսկ դրական փոփոխությունները պայմանավորված են համակարգում աշխատող առանձին անհատների պրոֆեսիոնալիզմով և բարեխղճությամբ, ոչ թե համակարգային փոփոխություններով»,-նշեց նա։
Նախատեսված է նաև Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման գործընթացի բարելավում, թափանցիկության և պատճառաբանվածության ապահովում։ Այս մասին փաստաբանը նշեց, որ Բարձրագույն դատական խորհրդի գործունեության հետ կապված որևէ փոփոխություն չի արձանագրել։
Ռազմավարությամբ առանձնացված գործողություններից էր նաև դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդումը, դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավումը և կոռուպցիայից ու հովանավորչությունից զերծ դատական համակարգ ունենալը։ Պատասխանելով այն հարցին, թե դատական իշխանությունն անկախ ու անաչա՞ռ է հիմա, Արթուր Սուքիասյանն ասաց․ «Բնականաբար լինում են դատական իշխանության վրա ազդեցության առանձին դեպքեր, բայց որպես իրավաբան-փաստաբան շուրջ 12 տարիների իմ մասնագիտական աշխատանքի ընթացքում ՀՀ դատական իշխանությունը ես միշտ համարել եմ անկախ և անաչառ»։
Փաստաբանի խոսքով՝ ՀՀ-ի դատական համակարգը կոռուպցիայի և հովանավորչությունների դեպքերից զերծ չէ։
«Նման երևույթներից զերծ դատական համակարգ ունենալու համար անհրաժեշտ է նախ և առաջ ունենալ նման դատական համակարգ երաշխավորող օրենսդրական դաշտ։ Ինչպես նաև համակարգը նոր դատավորներով համալրելիս անհրաժեշտ է բացառել նման երևույթների հակումներ ունեցող անձանց մուտքը համակարգ, ինչը ներկայումս չի արվում։ Ներկայումս այդ աշխատանքը կատարվում է չափազանց ցածր մակարդակով, ինչը վկայում է համակարգը նման անձանցից մաքրելու ցանկության բացակայության մասին»,-ասաց նա։