Ալեն Սիմոնյանի ծառայողական մեքենան ապահովագրվել է 1,6 միլիոն դրամով՝ «Սիլ Ինշուրանս» ընկերությունում

Ազգային ժողովի աշխատակազմը 2021 թվականի դեկտեմբերի 28-ին պայմանագիր է կնքել «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի հետ, որով ԱԺ հաշվեկշռում հաշվառված մեքենաներից մեկի ԿԱՍԿՈ ապահովագրությունն է արվել։ Պայմանագիրը կնքվել է կառավարության մեկ անձից կատարվող գնումների միջոցով, այսինքն՝ առանց մրցույթի։

Մասնավորապես, ապահովագրվել է BMW 750 LI XDRIVE LIMOUSINE մակնիշի մեքենան։ Ապահովագրությունն արժեցել է 1․602․000 դրամ։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։

Նշենք, որ մեքենան սպասարկում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։

Ըստ տեխնիկական բնութագրի մեքենայի շարժիչի հզորություն՝ 530 ձիաուժ է, 2020 թվականի արտադրության է․ պետհամարանիշը՝ 031HH01։

Նշվում է նաև, որ մեքենայի վարորդի տարիքը պետք է լինի 23 և բարձր, ստաժը՝ 3 տարի և ավելի։

Իրավաբան.net-ը հայտնում է նաև, որ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի բաժնետեր է նաև Խաչատուր Սուքիասյանը, ով այժմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։

Հիշեցնենք, որ կառավարությունը նոյեմբերի 25-ի նիստին որոշում ընդունեց ՀՀ Ազգային ժողովին 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում տնտեսված ֆինանսական միջոցները ուղղել BMW 750Li xDrive LCI դասի ավտոմեքենայի ձեռքբերմանը։ Մեքենայի գնման համար կհատկացվի 90 միլիոն դրամ (մոտ 200 հազար դոլար)։

Գնման վերաբերյալ Իրավաբան․net-ի հետ զրույցում մեկնաբանություն էր ներկայացրել ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

«Մեքենան գնվելու է «Եվրոմոթորս» ՓԲԸ-ից, որը BMW-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: ԱԺ-ն առաջնորդվել է առավելագույն խնայողություն անելու եղանակով: Ինչ վերաբերում է ԱԺ նախագահին այս պահին սպասարկող մեքենային, ապա նշեմ, որ այն զրահապատ չէ: Զրահապատ մեքենայի շահագործման ժամկետը սպառվել է դեռ յոթ տարի առաջ, ինչի հետևանքով սպասարկումը բավական մեծ ծախսեր է պահանջում (օրինակ մեքենայի անվադողերի փոխարինումն արժե 17 միլիոն դրամ): Նոր մեքենայի անհրաժեշտությունը բացատրվում է ներկայացուցչություն ապահովելու, ինչպես նաև խնայողություն անելու նպատակով, քանի որ ներառում է երաշխիքային և պահպանման ծախսերը»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել