Արդարադատության նախարարությունը փաստաբանության ոլորտի բարեփոխման ռազմավարական ուղղության շրջանակներում մշակել է «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: Այն հանրային քննարկման դեռ չի ներկայացվել, այլ նախնական կարծիքների հավաքագրման նպատակով ուղարկվել է Փաստաբանների պալատին և բոլոր գործող փաստաբանների։ Իրավաբան․net-ը հարցազրույցների շարք է սկսել, որի նպատակը առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ փաստաբանական համայնքի դիտարկումներն ու կարծիքները ներկայացնելն է։
Թեմայի վերաբերյալ խոսել ենք Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի հետ։
– Ըստ ձեզ նման փոփոխությունների իրականացումն ի՞նչ նպատակ է հետապնդում։
-Նախ կփորձեմ չքաղաքականացնել այս ամեն ինչը, որովհետև Արդարադատության ենթակայության տակ գտնվող կառույցը, որը զբաղվում է օրենսդրական փոփոխություններով, իրենց մոտ հայտնի տվյալներով նախագիծն ուղարկել էր բոլոր փաստաբաններին և սպասում էր արձագանքի, այդ թվում՝ Փաստաբանների պալատին։ Սա ընտրված աշխատանքի դասական ձևաչափ չէ։ Տարակուսելի է, բայց այնուամենայնիվ հնարավորություն է՝ մեզ ներկայացված, ինչպես նաև մեր դիրքորոշումները, փաստաբանների ինստիտուտի զարգացման մեր տեսլականը քննարկենք։
Ստեղծվել է համապատասխան հանձնախումբ՝ նախարարության ներկայացուցիչների և պալատի ներկայացուցիչների մասնակցությամբ, աշխատանքներն ընթանում են։ Քանի դեռ այդ աշխատանքները սպառված չեն և մենք այս փուլում չունենք վերջնական մի նախագիծ, այս պահին կարծիք հայտնելը, առավել ևս բացասական կարծիք հայտնելը կոռեկտ չէ։
Իհարկե այն նախագիծը, որը ներկայացվել էր պալատին, իր մեջ ուներ որոշակի դրույթներ, որոնք մեզ համար ընդունելի չեն, բայց այդ դրույթները քննարկված չեն, դրա մասին խոսելը վաղ է։
– Առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է փաստաբանների պալատի գործադիր կառավարման հարաբերություններում Փաստաբանների պալատի խորհրդի և պալատի նախագահի դերակատարության վերանայմանը` առաջնահերթությունը տալով կոլեգիալ կառավարմանը։ Ինչպե՞ս եք վերաբերվում առաջարկվող այս փոփոխությանը, որպես պալատի նախագահ։
-Փոփոխությունները, որոնք առաջարկվում են, իհարկե դրական չեմ կարող գնահատել, բայց այնուամենայնիվ եկեք արձանագրենք հետևյալը՝ դեռ մեր կարծիքը դրա վերաբերյալ հնչեցված չի։ Ես չեմ բացառում հնարավորությունը, որ մեր դիտարկումները նույնիսկ ընդունելի համարվեն նախարարության ներկայացուցիչների կողմից։ Եթե ընդունելի չեն համարվի, մենք արդեն առարկայական կներկայացնենք այս ամենը։
Հավաստիացնում եմ ձեզ, որ չենք կաշկանդվելու, եթե պալատի և ինստիտուտի համար անընդունելի դրույթներ մնան այդ նախագծում։ Հավաստիացնում եմ, որ պալատն անմասն չի մնալու։
-Պարոն Բաբաբյան այնուամենայնիվ կխնդրեմ նշեք, թե Արդարադատության նախարարության կողմից առաջարկված մյուս փոփոխություններից ո՞ր կետերն են խնդրահարույց։
-Այո, իհարկե կան։ Բայց այդ խնդրահարույց առաջարկությունները, կետերը դեռ քննարկված չեն։
Ինչպե՞ս են ընկալում փաստաբանները առաջարկվող փոփոխությունները, քննարկումներ լինո՞ւմ են։
-Դեռ խոսակցությունների մակարդակով է, առարկայական քննարկումներ նախագծի վերաբերյալ, փաստաբանական լայն շրջանակների մասնակցությամբ դեռ չենք կազմակերպել։ Կկազմակերպենք այն ժամանակ, երբ կունենանք հստակեցրած նախագիծ։
-Ե՞րբ եք նախատեսում սկսել քննարկումները, թե՛ Արդարադատության նախարարության հետ, թե՛ փաստաբանների։
-Նախարարության հետ քննարկումներ արդեն ընթանում են, որոշակի հանդիպումների շարք է նախատեսված, իսկ փաստաբանների հետ քննարկումներ կունենանք, երբ ամրագրված կլինի պաշտոնական նախագիծը։
Հասմիկ Սարգսյան