Փաստաբանների վեթինգը նույնն է, եթե ասենք վեթինգի ենթարկենք Հայաստանի քաղաքացուն․ Արա Զոհրաբյան

Վեթինգը պետական պաշտոնատար անձանց «զտման» գործընթաց է: Եթե պաշտոնյան մարդու իրավունքների կոպիտ խախտումների, կոռուպցիայի և այլ հանցագործությունների մասնակից է եղել, ապա նրան զրկում են պետական գործառույթ իրականացնողի կարգավիճակից:

Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ, Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով այն թեմային, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը օրերս ելույթ էր ունեցել՝ տեսակետ հայտնելով փաստաբանների վեթինգի մասին։

«Փաստաբանների դեպքում դա չեմ պատկերացնում: Նույնն է, եթե ասենք վեթինգի ենթարկենք Հայաստանի քաղաքացուն»,-նշում է Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ եթե փաստաբանը ներգրավված է կոռուպցիոն կամ այլ բնույթի հանցագործությունների մեջ, ապա պետք է քրեական հետապնդման ենթարկվի և արտոնագրից զրկվի: Այդպիսի փաստի հայտնաբերման դեպքում, հիմա էլ նույն իրավական հետևանքները կան:

Անդրադառնալով այն հարցին, որ Գագիկ Ջհանգիրյանն իր միտքը հիմնավորել է նրանով, որ այսօր շատ փաստաբաններ ճանաչում են ձեռք բերում, քանի որ շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ տարբեր գործերով, նա ասաց․ «Այդ փաստարկը կոնկրետ ինձ ոչինչ չի ասում: Եթե «հեշտ են կոմունիկացվում» բառերով նկարագրվում է կոռուպցիոն կապ ունենալը, ապա այստեղ, կրկնում եմ, պետք է քրեական հետապնդում իրականացվի»:

Արա Զոհրաբյանը նշեց, որ փաստաբաններին վեթինգի ենթարկելը չի պատկերացնում, բայց եթե, օրինակ, խոսքը վերաբերեր ընդհանուր լյուստրացիային, այսինքն բացահայտվեին, թե պաշտոնատար անձինք կամ որոշակի պաշտոնների ձգտող մարդիկ ինչ կապեր են ունեցել հատուկ ծառայությունների հետ, ապա ՀՀ փաստաբանների պալատի, այդ թվում՝ հանրային պաշտպանի գրասենյակի և ՀՀ փաստաբանական դպրոցի ղեկավարների, տեղակալների և խորհրդի անդամների կարգավիճակ ունեցող փաստաբաններին լյուստրացիայի ենթարկելը տրամաբանական կլիներ։

«Քանի որ մեր ինստիտուտի համար շատ կարևոր պայման է անկախությունը: Վերջին շրջանում էլ ականատես եղանք դեպքի, երբ բարձրաստիճան պետական պաշտոնյան պարզվեց ԱԱԾ գործակալ է: Բայց լյուստրացիայի մասին իշխանությունը չի խոսում, որովհետև լյուստրացիան շատերի դիմակը կպատռի»,- նշեց Արա Զոհրաբյանը:

Չնայած որոշ մասնագետների այն պնդումներին, որ եթե վեթինգը փաստաբանական ինստիտուտի բերեփոխումների հիմք է, ապա այդ ռեֆորմացիան կարելի է իրականացնել մեկ պալատը բաժանելով միությունների, Արա Զոհրաբյանն ասաց․ «Դա բարեփոխման հետ որևիցե կապ չունի: Նույնիսկ Եվրոպայի փաստաբանների պալատների միության (CCBE) մեր գործընկերները դեմ են արտահայտվում փաստաբանների պալատի բաժանմանը: Հենց բաժանումը կթուլացնի մեր ինստիտուտի անկախությունը, պետական մարմնի ներխուժումը դարձնելով թույլատրելի: Փաստաբանության ուժը իր միասնության մեջ է: Այնպես, որ միությունների ձևավորումը չի կարող արդյունավետ լինել»:

Լուսինե Հակոբյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել