Հոկտեմբերի 31-ին Առնո Բաբաջանյանի համերգասրահում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի ծննդյանը նվիրված միջոցառում:
Հայկազը վիրավորվել էր 2020-ի հոկտեմբերի 29-ին՝ իր ծնունդից 2 օր առաջ, Կարմիր շուկայի մոտակայքում։ «Այս միջոցառումը որոշեցի կազմակերպել հենց Հայկի ծննդյան օրը, որովհետև ինքը շատ-շատ երկար էր սպասում այդ օրվան։ Անցած տարի էլ ասաց` սպասելու եմ, տեսնեմ` գիշերն ով կզանգի շնորհավորի, բայց քանի որ իր ծնունդից 2 օր առաջ վիրավորվեց, էլ չստացավ այդ զանգերը, մենք հենց իր ծնունդի օրը իրեն հիվանդանոցում գտանք»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Հայկազ Մկրտչյանի քույրը` Արևիկ Մկրտչյանը և հավելեց, որ ինչպես եղբայրն է եղել լուսավոր, այդպիսի միջոցառում էլ որոշել է կազմակերպել:
Մոտ 2 ամիս տևած նախապատրաստական աշխատանքներից հետո լեփ-լեցուն դահլիճին ներկայացվեց Հայկազ Մկրտչյանի կարճ, բայց լուսավոր ու խենթություններով լի կյանքը` առաջին դասարանից մինչև Արցախյան վերջին պատերազմ։
Իզաբելլա Խոշբեկյանը Հայկազին ճանաչել է 14 տարեկանից․ մեզ հետ զրույցում նշեց, որ շատ ուրախ օրեր են ապրել Հայկազի հետ։
«Առանց Հայկի կյանքը դատարկ է թվում, որովհետև նրա հետ էնքան ճանապարհ ենք անցել։ Անգամ Երևանում, երբ քայլում եմ ինչ-որ տեղով, ես հիշում եմ, որ էստեղ Հայկի հետ այսինչ բանն էինք անում։ Հայկին միշտ տեսնում եմ երազներումս ու միշտ իմ մտքին է նա, փորձում եմ միշտ կյանքումս պահել նրա ներկայությունը»,- ասաց նա։
Հայկազի մանկության ընկեր Կարեն Հակոբյանը հիշում է՝ դեռևս հուլիսյան մարտերի ժամանակ ամեն օր զանգել է Հայկազն իրեն, պատմել, որ շրջափակմումների մեջ են եղել, դուրս են եկել, պատմել է, թե այնտեղ ինչ հերոսություններ են արել ինքը և իր զինակից ընկերները, կատակներ է արել ու կիսվել արկածներով։
«Երբ կռիվը տեղափոխվեց Արցախ, իր տեղը չէր գտնում, ամեն օր ասում էր՝ ես պետք է գամ, փրկեմ ձեզ, ես եմ պատերազմի ավարտը տալու, իսկ ես վիճում էի հետը, ասում էի՝ չանես տենց բան, ու ինքն ինձ նկատողություն արեց, ասաց՝ ամոթ քեզ, որ դու իմ մասին ըտենց ես մտածում, էսքան ժամանակ ինձ ըտե՞նց ես ճանաչել, որ ես պետք է խուսափե՞մ, չգա՞մ»,- ասում է Կարեն Հակոբյանը։
Քույրը՝ Արևիկ Խաչատրյանն էլ հիշում է Հայկի խոսքերը․ «Ասաց՝ կտեսնես, մինչև ես չգնամ Ղարաբաղ ու չկռվեմ, կռիվը չի վերջանա»։ Արցունքն աչքերին՝ քույրը փաստեց, որ հենց այդպես էլ եղել է, ու Հայկազը, 12 օր իր կյանքի համար պայքարելուց հետո մահացել է նոյեմբերի 9-ի գիշերը՝ պատերազմի ավարտին զուգահեռ։
Միջոցառմանը հրավիրվել էին հայտնի երգիչ-երգչուհիներ՝ Սոնա Ռուբենյանը, Արսեն Սաֆարյանը, Գոռ Սուջյանը, Հայկ Պետրոսյանը։ Նրանց ընտրությունը պատահական չէր, քանի որ Հայկազը հենց նրանց երգերն է սիրել ու միշտ լսել։
«Մեհրաբում 6 ամիս Հայկի հետ ծառայել եմ, չաստում միշտ իրար հետ էինք ու մեր մյուս ընկերոջ` Խչոյի հետ: Ես վարորդ էի, Հայկը իմ հաշվարկից չէր, բայց միշտ ուզում էր իմ կողքը նստեր, որովհետև ես վատ ու շատ արագ էի քշում, իսկ ինքը ըտենց բաներ սիրում էր, բայց չէր կարող գալ, որովհետև իր հաշվարկը ինքն էր կառավարում»,- մեզ պատմեց Ստեփան Ստեփանյանը` հավելելով, որ շատ դժվար է ինչ-որ բան խոսելը, միայն մեծ ափսոսանքով ու կարոտով կարող է ասել, որ Հայկը շատ լավ անձնավորություն էր ու ընկեր։
Տեղում ներկայացվել էին նաև Հայկազի նկարները, ցուցադրվել էին նրա իրերը, տարիների ընթացքում վաստակած շնորհակալագրերն ու այլ պարգևներ։
Աննա Մկրտչյանը, ով Հայկազի մայրն է, շնորհակալություն հայտնելով ներկաներին` ասաց.
«Գիտեք, ծանր օրերին, երբ բարեկամներդ, մտերիմներդ կողքիդ են լինում, թվում է` դա էդպես էլ պիտի լիներ, բայց երբ անծանոթ մարդիկ են հայտվում կողքիդ ու ապրումակցում են քեզ, լրիվ այլ զգացողություն է: Ինչպես Հայկն էր ասում` կարևորը «ժիվոյ», մեզ մնում է պայքարել ու փորձել էնպես անել, որ տղաների թափած արյունն ու չապրած կյանքն իզուր չլինի, չկորցնենք մեր հայրենիքը, ինչին նրանք ամենաթանկը տվեցին»:
Միջոցառումը խորհրդանշական ավարտ ունեցավ: Բեմ բարձրացավ շուշեցի Նաիրի Ավանեսյանը` դստեր` Մարիամի հետ։ Նա նշեց, որ պատերազմից հետո կրկին վերադարձել է Արցախ և լսելով այս միջոցառման մասին` եկել է Երևան, որ իր 5-ամյա դուստրը իմանա ևս մեկ հերոսի անուն. «Չէ՞ որ հայրենիքի ապագան հենց այս սերունդն է, և այս տարիքից պետք է դաստիարակել հայրենասիրությունը»,- ասաց նա:
Չնայած ուշ ժամին, ներկաների մեծ մասը` Հայկազի ընտանիքի հետ միասին, գնացին Եռաբլուրի բարձունք` ծաղիկներն ու շնորհավորանքները Հայկազին հասցնելու համար։
Հայկազ Մկրտչյանի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել ստորև:
Լուսինե Հակոբյան
Ֆոտոշարքը` Արփի Ալավերդյանի