ԲԴԽ-ն ստանձնել է դատավորի փաստաբանի դերը և վտանգել Խորհրդին վերապահված անաչառ դատարանի գործառույթը. խորհրդի անդամներ

Ինչպես արդեն հայտնել էինք, Բարձրագույն դատական խորհրդում օգոստոսի 19-ին մեկնարկել էին Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդության քննությունը: Միջնորդությունը ներկայացնում էին Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մարաբյանը և ոչ դատավոր անդամ, հանրային սեկտորի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը։ Միջնորդության քննության վերաբերյալ որոշումը ԲԴԽ-ն հրապարակել է սեպտեմբերի 30-ին։

Ըստ ԲԴԽ տարածած հաղորդագրության՝ վարույթ հարուցելու միջնորդությունը ԲԴԽ-ին է ներկայացրել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ հիմք ընդունելով քաղաքացիական գործով պատասխանող Ա․ Մանուկյանի ներկայացուցիչ Տ․Ղազարյանի ներկայացրած հաղորդումը։

Հիշեցնենք, որ այս գործին Իրավաբան.net-ը անդրադարձել էր դեռևս ամիսներ առաջ, երբ զրուցել էր Անյուտա Մանուկյանի հետ, որը հարցազրույցի պահին շուրջ 6 ամիս է չէր տեսել իր երեխային։ Իրավաբան.net-ին նա պատմել էր, որ 2015 թվականին ամուսնալուծվել է, իսկ 2016-2019 թվականների ընթացքում նախկին ամուսինները դատական կարգով որոշել են երեխայի բնակության վայրը, հոր հետ տեսակցությունների կարգը և ալիմենտի չափը։ 2020թ․-ի դեկտեմբերին երեխայի հայրը նրան տանում է հերթական տեսակցության և այլևս չի վերադարձնում, ինչի համար հիմք է հանդիսանում դատավոր Մանուկ Մարգարյանի միջանկյալ դատական որոշումը։ Երեխայի հայրը դատարան է ներկայացնում հայցի ապահովման նախնական միջոց կիրառելու մասին դիմում, որը դատավոր Մանուկ Մարգարյանը բավարարում է և որոշում է փոխել 2018 թվականին կայացած և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, և երեխայի բնակության վայրը փոխել և սահմանել հոր բնակության վայրը։ Դատարանի կողմից կայացրած այս որոշման քննարկմանը չեն մասնակցել երեխայի մայրը և խնամակալության և հոգաբարձության մարմինը, ինչպես նաև չի լսվել երեխան։

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության (այսուհետ՝ միջնորդություն) բավարարման օգտին են քվեարկել Խորհրդի նիստին մասնակցած Խորհրդի 7 անդամներից 3-ը, 4-ը անդամ քվեարկել է դեմ, ինչի արդյունքում ընդունվել է միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշում։ Նշենք, որ Խորհրդի նիստին մասնակցած 7 անդամներն են՝  ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը,  անդամներ՝ Գրիգոր Բեքմեզյանը, Մեսրոպ Մակյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Ստեփան Միքայելյանը, Վիգեն Քոչարյանը։ Անդամներից մերժման որոշման տակ ստորագրել են Լիպարիտ Մելիքջանյանը, Մեսրոպ Մակյանը, Դավիթ Խաչատուրյանը և Ստեփան Միքայելյանը։ Հատուկ կարծիք են ներկայացրել Գրիգոր Բեքմեզյանը և Վիգեն Քոչարյանը։ Ենթադրվում է, որ երրորդ դեմ քվեարկողը եղել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, որը սակայն չի ներկայացրել հատուկ կարծիք, բայց նաև չի ստորագրել մերժման որոշումը։

Այսպիսով, Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է մերժել հանձնաժողովի միջնորդությունը և դատավորին պատասխանատվության չենթարկել։ 

Գրիգոր Բեքմեզյանի և Վիգեն Քոչարյանի հատուկ կարծիքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ մի շարք ուշագրավ հիմնավորումներ կան, որոնք ուշադրության են արժանի։ Խորհրդի անդամները նշել են, որ իրենց համար անհասկանալի պատճառներով որոշման մեջ չեն նշվել հանձնաժողովի (Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով,-խմբ․) կողմից ներկայացված բոլոր փաստարկները և դրանց հիմնավորումները, ինչպես նաև հարցերը թերի են ձևակերպված, չեն արտացոլում գործով պարզաբանման ենթակա բոլոր հանգամանքները, ավելի շատ տեսական հարցեր են, որոնք որևէ կերպ չեն կարող նպաստել սույն գործով օբյեկտիվ և անաչառ որոշման կայացմանը։

«Ի տարբերություն սրան, բավականին մանրամասն ներառվել են դատավորի բացատրությունները։ Չտեսնելով սրանում որևէ միտում, այնուամենայնիվ կարևոր ենք համարում արձանագրել, որ խորհրդի որոշումները հրապարակային են, դրանք հասանելի են բոլոր ցանկացողներին, որոշումները ուսումնասիրողները կամ կարդացողները պետք է ամբողջական պատկերացում կազմեն գործի հանգամանքների, կողմերի դիրքորոշումների և դրանց վերաբերյալ Խորհրդի եզրահանգումների ու պատճառաբանություններ մասին, ուստի Խորհրդի որոշումները պետք է օբյեկտիվորեն ներկայացնեն բոլոր կողմերի դիրքորոշումները»,-նշել են նրանք։ 

Հատուկ կարծիքի հեղինակները նշել են նաև, որ իրենց համար անընդունելի են միջնորդությունը մերժած խորհրդի անդամների կողմից կատարված եզրահանգումները միջանկյալ դատական ակտերի հիմնավորվածության և պատճառաբանվածության վերաբերյալ։ 

«Որոշման մեջ փորձ է արվում իրար հակադրել այս երկու եզրույթները՝ նշելով, որ ․․․ միջանկյալ դատական ակտերի համար բավարար է միայն հիմնավորվածությունը և ամենևին անհրաժեշտ չէ պատճառաբանվածությունը։ Դեռ ավելին, խոսելով ակտի հիմնավորվածության մասին, խորհրդի անդամները, ըստ էության, բավարար են համարում միայն այն, որ, եթե դատարանը ակտի սկզբում բառացիորեն մեջբերել է կողմի դիրքորոշումը և ուղղակի հղում է կատարել տարբեր իրավական ակտերի և որոշումների, ապա դա բավարար է ակտի հիմնավորվածության պահանջը պահպանված լինելու համար»,-նշվում է հատուկ կարծիքում։

Փաստացի, ԲԴԽ որոշմամբ տրված մեկնաբանության դեպքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ այլևս ընդունելի է, որ դատարանները կայացնեն չպատճառաբանված դատական ակտ, իսկ որպես հիմնավորում դիտել միան իրավական և այլ ակտերին ձևական հղումները։ 

Գրիգոր Բեքմեզյանի և Վիգեն Քոչարյանի կարծիքով՝ միջնորդության մերժմանը կողմ քվեարկած անդամները իրավունք չունեին տպավորություն ստեղծել, որ ստանձնել են դատավորի փաստաբանի դեր և վտանգել Խորհրդին վերապահված անաչառ դատարանի գործառույթը և օրենսդրությունն ու գործի հանգամանքները մեկնաբանեին այնպես, որ ամեն դեպքում դա լիներ հօգուտ դատավորի։ Նրանք գտնում են, որ դատարանի կողմից կայացված հայցի նախնական ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին որոշումը ո՛չ հիմնավորված է, ո՛չ  պատճառաբանված։

ԲԴԽ 2 անդամները նշել են, որ խորհուրդը պարտավոր էր բավարարել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը և դատավոր Մանուկ Մարգարյանին ենթարկեր կարգապահական պատասխանատվության․ 

«Գտնում ենք նաև, որ խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ, դրանք  հեղինակազրկել են դատական իշխանությունը, հատկապես հաշվի առնելով նաև, այն, որ դատական ակտը վերաբերում է  երեխայի լավագույն շահերին, կայացված որոշումը ենթակա չէ բողոքարկման, այսինքն՝ այլևս լրացուցիչ պատճառաբանելու հնարավորությունը բացակայում է, ինչն էլ վկայում է դատական իշխանության հեղինակության վրա դրա բացասական ազդեցության և նման խախտման բացասական հետևանքի, այդ թվում՝ դատական իշխանության նկատմամբ վստահության նվազեցման մասին։ ․․․ Կարևոր ենք համարում փաստել նաև, որ մեր կարծիքով և՛ սույն որոշումը, և՛ խորհրդի կողմից կայացված այն որոշումները, որոնք չեն ընդունվել խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, չեն կարող հանդիսանալ կայուն նախադեպ: Այս հանգամանքը յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն ինչպես կարգապահական վարույթ հարուցող մարմինները, այնպես էլ դատավորները»,-նշել են Բեքմեզյանն ու Քոչարյանը:

Ինչպես նշվել է հատուկ կարծիքում, ԲԴԽ-ն այսպիսի որոշմամբ վտանգավոր նախադեպ է ստեղծում։ Ստացվում է, որ նմանատիպ գործերը պետք է լուծվեն այնպես, ինչպես լուծվել է այս գործը։  Սա այն բացառիկ գործերից է, որտեղ շոշափվում է երեխայի շահը և ամեն պարագայում երեխայի լավագույն շահը պետք է գտնվի ՀՀ դատարանների հոգածության և պաշտպանության ներքո։ ԲԴԽ որոշումը այս սկզբունքների պահպանումից հեռու է և չի պահպանում Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի հոդված 3.1-ում սահմանված երեխայի լավագույն շահի գաղափարը։ Դեռ ավելին, ԲԴԽ-ն իր այս որոշմամբ փաստացի «կանաչ լույս է» ցույց տալիս նմանատիպ գործերով կայացվելիք դատական ակտերի համար, և հենց այս վտանգավոր պրակտիկան գիտակցելով հատուկ կարծիք ներկայացրած ԲԴԽ երկու անդամները փորձում են կանխել այն, կարծիքում նշելով, որ ԲԴԽ որոշումը չի ընդունվել ձայների մեծամասանությամբ, հետևապես հարգելի դատավորներ, նման գործեր քննելիս որևէ պարագայում որպես նախադեպ չընդունեք այս որոշումը, իսկ գործերը քննեք օրենքի, ձեր խղճի և ներքին համոզմունքի համաձայն։  

Նաև նշենք, որ որոշմամբ պարզ դարձավ, որ ԲԴԽ-ն պատրաստ չէ իրականացնել այդքան քննարկված վեթինգը և կյանքի կոչել վերջին տարիներին իրականացրած դատաիրավական բարեփոխումները։ Ավելի ուշագրավ է, որ վեթինգ իրականացնելու նպատակով (ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների) վերջերս ընտրված/նշանակված ԲԴԽ երկու անդամներից մեկը` Դավիթ Խաչատուրյանը, դատավորին պատասխանատվության չենթարկելու մասին որոշմանը միանալով հստակ արտահայտեց իր դիրքորոշումը դատաիրավական բարեփոխումների իրականացման հարցում։ 

Լուսանկարում՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանն է (լուսանկարի կենտրոնում), ինչպես նաև ԲԴԽ չորս անդամներ Մեսրոպ Մակյանը, Ստեփան Միքայելյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Դավիթ Խաչատուրյանը, ովքեր դեմ են քվեարկել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել