Դատավոր Մանուկ Մարգարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը ԲԴԽ-ում կքննվի դռնփակ կարգով: Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդից:
Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ օգոստոսի 19-ին, մեկնարկեց Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդության քննությունը։
Վարույթ հարուցելու միջնորդությունը ԲԴԽ-ին է ներկայացրել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ հիմք ընդունելով քաղաքացիական գործով պատասխանող Ա․ Մանուկյանի ներկայացուցիչ Տ․Ղազարյանի ներկայացրած հաղորդումը։
Նիստի մեկնարկին դատավոր Մանուկ Մարգարյանի ներկայացուցիչը Խորհրդին միջնորդեց գործի քննությունը անցկացնել դռնփակ կարգով, քանի որ նիստի ընթացքում ներկայացվելու է երեխային առնչվող և ընտանեկան հարաբերություններին վերաբերվող անհատական, անձնական տվյալներ։
Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացված միջնորդությունը բավարարեց: