Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է, եթե՝
• փոփոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը։ Այս պարագայում կենսաթոշակի վերահաշվարկման համար դիմում չի ներկայացվում և կենսաթոշակը վերահաշվարկվում է ինքնաշխատ եղանակով՝ տվյալ ամսվա 1-ից,
• կենսաթոշակ նշանակելուց կամ կենսաթոշակը վերահաշվարկելուց 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց կամ կենսաթոշակը վերահաշվարկելուց հետո աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու դիմում․ կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է այն ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից։
Կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է նաև այն դեպքում, երբ կենսաթոշակառուն՝ մինչև կենսաթոշակի նշանակումն ընկած ժամանակահատվածում իրականացրած այլ գործունեության վերաբերյալ ներկայացրել է լրացուցիչ փաստաթղթեր։ Այս պարագայում վերահաշվարկն իրականացվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից։
Աշխատանքային կենսաթոշակի վերահաշվարկի իրավունք ունի հաշմանդամության կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուն (մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը), եթե կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ։ Այս դեպքում կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է դիմումն ու տվյալ փաստաթուղթը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
Աշխատանքային կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է նաև հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում` նոր հաշմանդամության խումբ սահմանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող զավակի մյուս ծնողի մահանալու դեպքում․ կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է ծնողի մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։
Կենսաթոշակի վերահաշվարկվում է նաև այն դեպքում, երբ կենսաթոշակի գործում հայտնաբերվել է կեղծ (ոչ հավաստի) փաստաթուղթ, որի արդյունքում նվազում է կենսաթոշակի չափը, կամ կենսաթոշակի գործում հայտնաբերվել է փաստաթուղթ (տեղեկատվություն), որը հաշվի առնելու դեպքում ավելանում է կենսաթոշակի չափը: