Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցնել՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները խախտելու հիմքով։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։ Որոշումն ընդունվել է միաձայն։
Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացություն էր ներկայացրել, ըստ որի, Գագիկ Խանդանյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:
Այսինքն, դատավորը իր պաշտոնի հետ անհամատեղելի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել:
Մասնավորապես, ինչպես դատարանում ներկայացվեց, 2020-ի մայիսի 4-ին Արամ Բաբայանը, Մխիթար Սարգսյանը կնքել են «Մուշ» ՍՊԸ-ի իրենց բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով որպես գնորդ հանդիսացել է Գագիկ Խանդանյանը։